Սեպտեմբերի 23-ին Հայ Առաքելական Եկեղեցու Ամերիկայի Արևելյան թեմի առաջնորդարանում՝ Նյու Յորքում, տեղի ունեցավ Հայ Օգնության Ֆոնդի (ՀՕՖ) վարչական ժողովը, որին մասնակցեց Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։
ՀՕՖ-ը հիմնվել է 1988 թվականի ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո՝ ազգային մեծ կարիքի պահին։ Սկզբում կազմակերպությունը կենտրոնացած էր հրատապ մարդասիրական օգնության վրա, սակայն տարիների ընթացքում ընդլայնեց գործունեությունը՝ աջակցելով աղետից տուժած մարդկանց ու համայնքների վերականգնմանը, կրթությանը, առողջապահությանը, երեխաների պաշտպանությանը, սոցիալական ծառայություններին և տնտեսական զարգացմանը։ Այսօր այն հայկական առաջատար բարեգործական կազմակերպություններից է։
Խաժակ Սրբազանը տասնամյակներ շարունակ էական դեր է խաղացել ՀՕՖ-ի կյանքում, այդ թվում՝ որպես կազմակերպության նախագահ։ Նրա գլխավորության տարիներին ընդլայնվեցին ֆոնդի ծրագրերն ու միջազգային գործընկերությունները, ինչը մայր հայրենիքում իրականացվող նախաձեռնություններին նոր հնարավորություններ տվեց։
Ֆոնդի պատմության կարևոր իրադարձություններից էր Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (USAID) հետ համագործակցության սկիզբը։ Որպես ՀՕՖ-ի նախագահ՝ Սրբազանը առաջիններից էր, որ կազմակերպության անունից ստորագրեց 10 միլիոն դոլարի համաձայնագիր։ Դա կարևոր քայլ էր երկրաշարժից հետո Հայաստանի կարիքներին արձագանքելու և միջազգային աջակցությունն ընդլայնելու համար։
Տասնամյակների ընթացքում ՀՕՖ-ը հավաքել է ավելի քան 400 միլիոն դոլար և իրականացրել ավելի քան 300 ծրագիր՝ ի նպաստ Հայաստանի և կարիքավոր հայերի։
Վերջին ժողովը ևս մեկ առիթ էր հիշելու ֆոնդի անցած ուղին և այն արժեքները, որոնք շարունակում են ուղղորդել նրա գործունեությունը՝ ծառայությունը, համերաշխությունը և հույսը։