ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ
ԱՐԵՎՄՏՅԱՆ Եվրոպայի Հայրապետական Պատվիրակություն

Հայերը Նիդերլանդներում

Սբ․Սերվատիոսի մասնատուփը Մաստրիխտի համանուն եկեղեցում

Հայ-հոլանդական հարաբերությունների արմատները հասնում են մինչև 4-րդ դար, երբ Նիդերլանդներ է գալիս ծագումով հայ հոգևորական Սերվատիոսը (Սրբատիոս-Սերովբե)։ Երուսաղեմից հասնելով Տոնխերեն (քաղաք ներկայիս Բելգիայում), նա ձեռնադրվել է եպիսկոպոս (381-382 թթ.) և քրիստոնեություն քարոզել: Հոների հարձակումներից խուսափելով` Սբ․ Սերվատիոսը եպիսկոպոսական աթոռը Տոնխերենից տեղափոխել է Մաստրիխտ, որտեղ և մահացել է 384 թ․։ Նրա մասունքները զետեղված են իր անունը կրող Մաստրիխտի գլխավոր կաթոլիկ եկեղեցում։

Հոլանդացիների և հայերի կապերը նոր զարգացում են ստանում խաչակրած արշավանքների ժամանակ, իսկ Կիլիկիայի թագավորության անկումից հետո աճում է հայերի հոսքը նաև դեպի Նիդերլանդներ։ Ամստերդամի հայ վաճառականների մասին տեղեկություններ են գրանցվել դեռևս 1560-1565 թթ։ 17-րդ դարի առաջին կեսին, Շահ Աբբասի բռնագաղթերից հետո, այստեղ են գաղթում փոքր թվով ջուղայեցիներ՝ հիմնականում թանկարժեք քարերի և մետաքսի վաճառականներ։

1660-ին Ամստերդամում Մատթեոս վարդապետ Ծարեցու ջանքերով հիմնվել է հայկական տպարան, որը 1664 թ․ ղեկավարել է Ոսկան վարդապետ Երևանցին: 1666 թ․ այստեղ իրականացվել է Աստվածաշնչի հայերեն առաջին տպագրությունը: 1685 թ․ Ոս-կան Երևանցու աշակերտներից Մատթեոս վարդապետ Վանանդեցին Ամստերդամում սկզբնավորել է հայկական 2-րդ տպարանը, որը գործել է 32 տարի: 1695 թ․ այս տպարա-նում առաջին անգամ տպագրվել է Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը»:

1714 թ․ 40 հայ վաճառականների ջանքերով Ամստերդամի կենտրոնական հատվածում կառուցվել է «Սուրբ Հոգի» հայ առաքելական եկեղեցին: Այն կառուցված է ոչ ավանդական ճարտարապետությամբ: Եկեղեցին գտնվում է եռահարկ շենքի առաջին հարկում: Մինչ այդ հայերն իրենց հոգևոր արարողություններն անց են կացվել «Սուրբ Հոգի» եկեղեցուց ոչ հեռու գտնվող «Սուրբ Կարապետ» մատուռում, որտեղ պատարագներ է մատուցել նաև Ոսկան վարդապետ Երևանցին։ «Սուրբ Կարապետ» մատուռը չի պահպանվել:

«Սուրբ Հոգի» եկեղեցու պատմությունը առանձնահատուկ է․ այն երկու անգամ է օծվել։ Բան այն է, որ 18-րդ դարի վերջից Ամստերդամում բնակվող հայերի թիվը սկսել է նվազել. եկեղեցում վերջին արարողությունը կատարվել է 1806 թվականին, իսկ 1874-ից կառույցը ծառայել է իբրև կաթոլիկ դպրոց։

Համայնքը վերստին կյանքի է կոչվել նոր ժամանակներում, երբ 1950–80-ական թվականներին այդտեղ հաստատվել են Թուրքիայից, Իրանից, Ինդոնեզիայից, Հունաստանից տեղափոխված հայեր: Հայկական երկրորդ՝ նոր ձևավորված համայնքը 1986 թ․ վերագնել է «Սուրբ Հոգի» եկեղեցու շենքը, որը հարկավոր վերանորոգումից հետո՝ 1989 թ․ նոյեմբերի 29-ին վերաօծվել է որպես հայ առաքելական եկեղեցի։

Մինչ դեռ Ալմելոյի հայ համայնքը 1991-ին գնել է նախկին դպրոցի մի շենք, որը 1993 թ․ նույնպես օծվել է որպես Սբ․ Գրիքոր Լուսավորիչ հայ առաքելական եկեղեցի։

Ներկայումս Նիդերլանդների Թագավորությունում բնակվում է շուրջ 25000 հայ, որոնք հիմնականում կենտրոնացված են Ամստերդամում, Ալմելոյում և Ամերսֆորտում։ Ավելի քիչ թվով ընտանիքներ են բնակվում երկրի այլ քաղաքներում՝ Հաագայում, Դորդրեխտում, Լյդենում, Ռոտերդամում, Մաստրիխտում, Ասենում և այլուր։ Եկեղեցական համայնքներ կան Հիրհուխովարդ, Դորդրեխտ, Էյնդհոֆեն, Ասեն, Արնեհեմ, Հերթոգենբոշ քաղաքներում: 2013 թվականից Մաստրիխտում գործում է «Սուրբ Կարապետ» հայ առաքելական եկեղեցին:

Ամստերդամի «Սուրբ Հոգի» եկեղեցուն կից գործում են նաև «AJO» երիտասարդական միությունը, տիկնանց միությունը, «Սուրբ Գրիգոր Նարեկացի» կիրակնօրյա դպրոցը։

2017 թվականից ցայսօր հրատարակվում է երիտասարդների կողմից կազամակերպված «ԽՈՐՀՈՒՐԴ» կրոնական ամսաթերթը՝ հոլանդերեն լեզվով:

Ալմելո քաղաքի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին ունի երիտասարդական միություն, տիկնանց միություն, «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» կիրակնօրյա դպրոց, սարկավագաց և դպրաց դասեր, ինչպես նաև  «Զարթոնք» պարային համույթ: