ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ
ԱՐԵՎՄՏՅԱՆ Եվրոպայի Հայրապետական Պատվիրակություն

Հայերն Իսպանիայում

Իսպանիայի Թագավորությունում հայ համայնքի ներկայությունը արդի պատմական փուլում, սկսվում է 1990-ական թվականներից, երբ դադարեց գոյություն ունենալ Խորհրդային Միությունը, Հայաստանի Հանրապետությունը ձեռք բերեց անկախություն և սահմանները բացվեցին արտաքին աշխարհի հետ:

Ըստ այդմ, Իսպանիայում հաստատված հայերի գերակշիռ մասը, եթե չասենք ամբողջությամբ, բաղկացած է Հայաստանից արտագաղթած մեր հայրենակիցներից:

Հայտնի է նաև, որ դեռևս 1980-ականներին, շատ քիչ թվով ընտանիքներ հաստատվել են Իսպանիայում Միջին Արևելքից և Իրանի Իսլամական Հանրապետությունից, սակայն նրանց քանակը շատ սահմանափակ է եղել:

Հետաքրքրական է, որ Իսպանիայում հայերի ներկայության հետքեր կան դեռևս 16-րդ դարից: Հատկապես հայ վաճառական մի քանի ընտանիքներ հաստատվել էին Իսպանիայի հարավում գտնվող Կադիս քաղաքում, որը սահմանակից է Ջիբլարթարի նեղուցին, որով հայ առեւտրականների նավերն անցնում էին հասնելով մինչև  Հնդկաստան:

Այդ ժամանակահատվածից մինչև մեր օրերը պահպանվել է կաթոլիկ եկեղեցու հարակից մի մատուռ, որտեղ տեսնում ենք հայկական արձանագրություններ և  պատերին ամրացված հայկական տառերով հաղճապակյա սալիկներ:

Ներկայիս հայ համայնքը ամբողջությամբ բաղկացած է Հայաստանից արտագաղթած մեր հայրենակիցներով, որոնք մեծավ մասամբ աշխատավորական խավ են: Հայերի թիվը ողջ Իսպանիայում չի գերազանցում 15 հազարը:

Հայերն հիմնականում հաստատված են Իսպանիայի մեծ քաղաքներում՝ Մադրիդ, Բարսելոնա, Վալենսիա, Ալիկանտե, Մալագա և Առնեդո:

Դեռևս գոյություն չունեն հայկական ավանդական  համայնքներին հատուկ զանազան կառույցներ և այդ կառույցները համակարգող գլխավոր մարմին:

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Իսպանիայում պաշտոնապես առաքելություն է իրականացնում 2009 թվականից՝ մաս կազմելով Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակության: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից նշանակված առաջին պաշտոնական ներկայացուցիչը եղել է Հոգշ Տ․ Սասուն Ծայրագույն վարդապետ Զմրուխտյանը, ով պաշտոնավարել է մինչև 2016 թ:

Այնուհետև  2017-2018 թթ․ նրան փոխարինել է Տ․ Սիփան վարդապետ Գևորգյանը:

2018 թ․-ից մինչև այսօր Իսպանիայում և Պորտուգալիայում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ներկայացնում է Տ․ Շնորհք աբեղա Սարգսյանը:

Pin It on Pinterest