ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ
ԱՐԵՎՄՏՅԱՆ Եվրոպայի Հայրապետական Պատվիրակություն

ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ ՎԱՏԻԿԱՆՈՒՄ

Հայաստանյայց Առաքելական և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցիների Հարաբերությունների պատմությունը

Քրիստոնեության պատմության մեջ Հայ և Կաթոլիկ Եկեղեցիների հարաբերությունները գալիս են դարերի խորքից և այն հատկապես սերտացել են 12-14-րդ դարերում՝ Կիլիկիյան թագավորության ժամանակ, երբ այստեղ էր տեղափոխվել կաթողիկոսական աթոռը։ Խաչակրաց արշավանքների առնչությամբ Պապական դեսպանորդներ շարունակական կապեր են հաստատել Հայ Եկեղեցու հոգևրականների հետ, որոնք եկեղեցիների մերձեցման միջոցով հույս էին տածում արևմտյան տերությունների և Հռոմի Պապի քաղաքական և տնտեսական աջակցությունը հայ եկեղեցուն և ժողովուրդին։ Այդ հարաբերությունների շնորհիվ Կաթոլիկ Եկեղեցու որոշ ծիսական ավանդույթներ մուտք գործեցին մեր Եկեղեցի, միաժամանակ արևմտյան մշակույթը իր շոշափելի հետքը թողեց հայ գրականության, գիտության, արվեստի և մանրանկարչության վրա, ինչպես նաև հասարակական կյանքի տարբեր ոլորտներում:

Արդի պատմության ընթացքում միջեկեղեցական հարաբերությունները լրիվ նոր զարգացում և որակ ստացան շնորհիվ Վատիկանի Բ. ժողովի, որը սկսվեց 1962 թ. Հռոմի Հովհաննես ԻԳ. Պապի գահակալության վերջին տարիներին և ավարտվեց 1965 թ․ Պողոս Զ. Պապի օրոք։

1963 թ. Պողոս Զ. Պապի հրավերով՝ այդ ժողովին մասնակցեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսությունից՝ Տ. Պարգև Եպս․. Գևորգյանն և Տիար Գևորգ Բեքմեզյանն, իսկ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից՝ Տ․ Գարեգին Եպս․. Սարգիսյանը և Տ․ Արտավազդ Եպս․ Թրթռյանը։

Այսպիսով, նոր էջ բացվեց միջեկեղեցական հարաբերություններում, որի փաստացի վկայութոյւններից է 1970 թ մայիսի 8-12-ը Վազգեն Ա. Ամենայն Հայոց Հայրապետի Վատիկան այցելությունը՝ ուղեկցությամբ Երուսաղեմի Պատրիարք Ամենապատիվ Տ. Եղիշե Արք. Տերտերյանի և Կ. Պոլսի Պատրիարք Ամենապատիվ Տ. Շնորհք Արք. Գալուստյանի։ Պատմական այդ այցի ավարտին ստորագրվեց Համատեղ Հայտարարություն 1 :

Այդ հայտարարության մեջ երկու գահակալները հրավիրում են բոլոր քրիստոնյաներին, հատկապես Կաթոլիկ և Հայ Առաքելական Եկեղեցիների հետևորդներին, ավելի մեծ հավատարմությամբ արձագանքել Սուրբ Հոգու կոչին, խթանելով նրանց ավելի խոր միասնության, որը կկատարի մեր ընդհանուր Փրկչի կամքը և կդարձնի արդյունավետ քրիստոնյաների կողմից աշխարհի ծառայությունը: Նրանց հույսն է, որ սերտ համագործակցություն կզարգանա քրիստոնեական կյանքի բոլոր հնարավոր ոլորտներում՝ քրիստոնեական սկզբունքների հիման վրա ժամանակակից աշխարհի խնդիրներին լուծումներ գտնելու համար։

Որպես արձագանք ձեռք բերված համաձայնությունների, սկսում են երկխոսություններ Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների և Կաթոլիկ Եկեղեցու աստվածաբանների միջև։

1994 թ․ ապրիլի 22-ին Մայր Աթոռ Ս. էջմիածինում Արևելյան Եկեղեցիների Ժողովի կառավարիչ կարդինալ Սիլվեստրինին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսին հանձնեց Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների մասունքները 2 :
Կաթոլիկ հոգևորականներ ու աստվածաբաններն այցելում են Սուրբ Էջմիածին, մինչդեռ երիտասարդ հայ հոգևորականներին հնարավորություն է ընձեռնվում շարունակել իրենց աստվածաբանական բարձրագույն կրթությունը կաթոլիկ ուսումնական հաստատություններում։

Սփյուռքում Հայ Եկեղեցու թեմերի գործունեության աշխուժացումը նպաստում է Կաթոլիկ և Հայ Եկեղեցու միջև հովվական և համայնական հարցերի շուրջ երկխոսությանը։

Կաթոլիկ Եկեղեցու հետ հարաբերությունների  մի նոր փուլ է սկսվում 1996 թ. դեկտեմբերի 10-14-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Ա․ Սարգիսյանի Վատիկանում կատարած այցելությամբ, որին ներկա էին նաև Երուսաղեմի Պատրիարք Ամենապատիվ Տ . Թորգոմ արք. Մանուկյանը, Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Գարեգին արք. Գազանճյանը։ Այցի ավարտին ստորագրված Համատեղ Հայտարարության 3  մեջ երկու Քահանայապետերը հռչակում են ընդհանուր հավատքը առ Տեր Հիսուս Քրիստոսը՝ հուսալով «ավելի կանոնավոր և խորը երկխոսություն ու ավելի բարձր փոխըմբռնում»։

Գարեգին Ա․ Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ հակառակ իր առողջական ծանր վիճակին՝ 1999 թ մարտի 24-ին այցելում է Հռոմ՝ Սրբազան Քահանայապետի հետ նախագահելու Վատիկանի Առաքելական գրադարանում Հայոց մկրտության 1700-ամյակին նվիրված «Հոոմ-Հայաստան» ցուցահանդեսի բացման արարողությունը, որին ներկա էր նաև ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ 4

Մեկ տարի անց, 2000 թ. նոյեմբերի 9-10-ը, նորընտիր Գարեգին Բ․ Ամենայն Հայոց Հայրապետի Վատիկան կատարած առաջին պաշտոնական այցի շրջանակներում ստորագրվեց Միացյալ Հաղորդագրություն 5, որը ևս մեկ քայլ էր երկու Եկեղեցիների միջև լիակատար հաղորդակցության վերահաստատման ուղղությամբ։ Նրանում ասվում է. «Մենք միասնաբար խոստովանում և հավատում ենք Երեք և Մի Աստվածությանը՝ Մի Տիրոջ, Հիսուս Քրիստոսին, Աստուծո միակ Որդուն, որ մարդացավ մեր փրկության համար: Մենք նաև հավատում ենք Մի, Կաթողիկե, Առաքելական և Սուրբ Եկեղեցուն: Արդարև, Եկեղեցին, ինչպես Քրիստոսի մարմինը, մի Է և եզակի: Այս մեր հասարակության հավատքն Է՝ հիմնված Առաքյալների ն Եկեղեցու Հայրերի ուսմունքի վրա: Սենք նաև ընդունում ենք, որ Կաթողիկե Եկեղեցին և Հայոց Եկեղեցին, երկուսը, ունեն ճշմարիտ խորհուրդներ, առավել ևս, եպիսկոպոսների առաքելական հաջորդականությամբ՝ քահանայությունը և Հաղորդության Խորհուրդը»։ Միացյալ Հաղորդագրությունը ավարտվում է նշելով, որ տարբեր ծիսական, աստվածաբանական և կանոնական ավանդույթներն իրար ավելի լրացնում են, քան թե հակասում:

Նոյեմբերի 10-ին Հովհաննես Պողոս Բ․-ի եւ Գարեգին Բ․-ի նախագահությամբ  Ս. Պետրոսի տաճարում տեղի ունեցած սրբազան արարողության ընթացքում Հռոմի Պապը Վեհափառին հանձնեց Սբ. Գրիգոր Լուսավորչի մասունքները, որոնք մինչ այդ սրբորեն պահվում էին Նեապոլի համանուն կաթոլիկ տաճարում / Basilica di San Gregorio Armeno/: Ներկայումս նրանք զետեղված են Երեւանի  Սբ․  Գրիգոր  Լուսավորիչ  Մայր եկեղեցու  գավիթում գտնվող՝ Սբ․ Էջմիածնից այստեղ բերված հին խորանի ներքո։

Վեհափառի հրավերին ընդառաջ՝ Քրիստոնեությունը պետական ​​կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարության առիթով՝ Հովհաննես Պողոս Բ․ Պապը 2001 թ-ի սեպտեմբեր 25-27-ին այցելում է Հայաստան։

Կաթոլիկ Եկեղեցու պատմության մեջ՝ Սրբազան Քահանայապետի այս առաջին այցը Հայաստան մեկնարկեց Էջմիածնի Մայր Տաճարում «Հրաշափառի» բարիգալստյան արարողությամբ: Հռոմի Պապը իր շքախմբի հետ հյուրընկալվեց Վեհարանում։ Հաջորդ օրը Վեհափառ Հայրապետի ընկերակցությամբ այցելելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, Հովհաննես Պողոս Բ-ն Լռության Պատին տեղադրեց Բենեդիկտոս ԺԶ․-ին Պապի հուշաքարը և Ցեղասպանության զոհերի թանգարանին փոխանցեց սուլթանին ուղղված նրա նամակը, որի մեջ Հռոմի Քահանապետը մեղադրում էր երիտթուրքերին հայկական ջարդերի համար: Այնուհետև կատարվեց հոգեհանգստյան պաշտոն՝ ի հիշատակ անմեղ նահատակների։ Այցի շրջանակներում Սրբազան Քահանայապետը Երևանի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում մասնակցեց միջեկեղեցական արարողության, մատուցեց լատինածես Սուրբ Պատարագ Մայր Աթոռի բաց Խորանի վրա, ինչպես նաև այցելեց Խոր Վիրապ, որտեղ Վեհափառը նրան հանձնեց Գրիգոր Լուսավորչի մատուռի ճրագից վառված լույսը, որը նա իր հետ բերեց Վատիկան։ Այս այցի ընթացքում նույնպես ստորագրվեց Համատեղ Հայտարարություն: 6

2002 թ սեպտեմբերի 10-ին «Քրիստոնեական միության խրախուսման» քահանայապետական խորհրդի նախագահ կարդինալ Վալտեր Կասպերը դիմում է Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների գահակալներին՝ երկու եկեղեցական ընտանիքների միջև աստվածաբանական երկխոսություն սկսելու նպատակով։

2003 թ հունվարի 27-29-ը Հռոմում գումարվում է երկխոսության Կազմակերպիչ հանձնախմբի հանդիպումը, որին Հայ Առաքելական Եկեղեցու կողմից մասնակցում էին Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը (Ամենայն Հայոց Կաթողիկոսություն) և Նարեկ եպիսկոպոս Ալեմեզյանը (Մեծը Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն)։ Կազմակերպիչ հանձնախումբը պաշտոնապես հաստատեց Կաթոլիկ Եկեղեցու և Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների երկխոսության միջազգային համատեղ հանձնաժողովի աշխատանքային պլանը, օրակարգը, անդամակցությունը, մեթոդաբանությունն ու ժամանակացույցը։ Այդ առթիվ որոշում կայացվեց  կազմակերպել ամենամյա հանդիպումներ։ 7

2005 թ ապրիլի 8-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորած պատվիրակությունը, Մեծը Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա․-ի  հետ միասին մասնակցեցին Վատիկանում Հովհաննես Պողոս Բ․ Պապի հուղարկավորությանը։

2008 թ մայիսի 6-9-ը  Բենեդիկտոս ԺԶ․ Պապի հրավերով Հռոմ կատարած այցի ընթացքում Գարեգին Բ․ Կաթողիկոսին ուղեկցում էր բարձրաստիճան եկեղեցականների մի խումբ։ Այդ առիթով Հայաստանից և Սպյուրքից Հռոմ էին ժամանել բազմաթիվ հավատացյալներ, այդ թվում բարերարներ և հայտնի գործիչներ։ 8

Հայոց և Կաթոլիկ Եկեղեցիների հարաբերությունների զարգացման համար խորհրդանշական էր 2015 թ ապրիլի 12-ին Վատիկանի Սբ․ Պետրոսի Մայր Տաճարում Գարեգին Բ․ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա․-ի ներկայությամբ՝ Մեծ Եղեռնի Սուրբ Նահատակների հիշատակին մատուցված քահանայապետական Պատարագը, որի ժամանակ Ֆրանցիսկոս Պապը վերահաստատեց Ցեղասպանության իրողությունը և Սբ․ Գրիգոր Նարեկացուն հռչակեց Տիեզերական Եկեղեցու վարդապետ։ Այդ արարողությանը ներկա էր նաև ՀՀ Նախագահ Ս․Սարգսյանը։

Մոտ մեկ տարի անց՝ 2016 թ հունիսի 24-26-ը, Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոսի  գլխավորած պատվիրակությունը Հայաստան այցելեց «Այց առաջին քրիստոնյա երկիր» կարգախոսով։ Այդ առիթով Մայր Տաճարում Հրաշափառի բարիգալստյան արարողություն տեղի ունեցավ։  Հունիսի 25-ին  երկու գահակալները, այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն, ապա մեկնեցին Գյումրի, ուր Սրբազան Քահանայապետը լատինածես պատարագ մատուցեց քաղաքի կենտրոնական հրապարակում։ Նույն երեկոյան Երևանի Հանրապետության հրապարակում Պապը և Վեհափառը բազմահազար ժողովրդի ներկայությամբ նախագահեցին Խաղաղության նվիրված միջեկեղեցական արարողությունը։ Հաջորդ օրը, Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռի Սբ․ Տրդատի բաց խորանում մատուցեց Սբ․ Պատարագ, որին իր աղոթակցությամբ մասնակցեց Հռոմի Սրբազան Քահանայապետը։ Ֆրանցիսկոս Պապը՝ մեկնելուց առաջ Հայոց Հայրապետի հետ այցելելեցին  Խոր Վիրապի վանքը, ուր միասնական աղոթքից հետո, իրենց հայացքները ուղղված դեպի բիբլիական Արարատ լեռը՝ որպես խաղաղության խորհրդանիշ ճերմակ աղավնիներ բաց թողեցին դեպի սահմանը։

Այդ պատմական այցելության առթիվ երկու նվիրապետները ստորագրեցին համագործակցության մի նոր Հուշագիր և Համատեղ Հայտարարություն 9, որը հորդորում է երկու Եկեղեցիների հավատացյալներին ներդաշնակորեն աշխատելու հասարակության մեջ քրիստոնեական արժեքների զորացման համար, որոնք արդյունավոր կերպով նպաստում են արդարության, խաղաղության և մարդկային համերաշխության քաղաքակրթության կառուցմանը: Այն նաև կոչ է՝ գտնել հակամարտությունների քաղաքական լուծումներ, ապահովել օրենքի գերակայությունը, ինչպես  նաև կրոնական  էթնիկ փոքրամասնությունների պաշտպանությունը։ Երկու կրոնապետները արձանագրում են, որ «չնայած քրիստոնյաների միջև առկա բաժանումներին, այն, ինչ մեզ միավորում է, ավելին է, քան այն, ինչ մեզ բաժանում է, որի վրա էլ պետք է կառուցել Քրիստոսի եկեղեցու միությունը»։

2018 թ ապրիլի 4-ին՝ Վատիկանի այգիներում Գրիգոր Նարեկացու արձանի հանդիսավոր բացմանը ներկա եղան Գարեգին Բ․ Ամենայն Հայոց և Արամ Ա․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսները, ինչպես նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը։

Նույն տարվա հոկտեմբերի 24-ին Գարեգին Բ․ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կրկին այցելեց Սրբազան Քահանայապետին, ինչպես նաև հանդիպումներ ունեցավ մի շարք բարձրաստիճան հոգևորականների հետ։ 10

Միջեկեղեցական հարաբերությունները էլ ավելի ամրապնդելու նպատակով 2018 թ նոյեմբերի 27-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ․-ի կողմից Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը նշանակվեց Սուրբ Աթոռում Հայոց Եկեղեցու պաշտոնական ներկայացուցիչ։

2019 թ․ ապրիլի 27-ին Ֆլորենցիայի (Իտալիա) San Miniato al Monte բազիլիկայում, հայազգի մարտիրոս Սբ. Մինասի նահատակության և համանուն տաճարի հիմնադրման 1000-ամյակին նվիրված, տեղի ունեցավ «Կրոնների փառատոն» միջեցեղեցական արարողությունը, որին մասնակցեց և բանախոսությամբ հանդես եկավ Սրբազան Հայրապետը։

2020 թ․ սեպտեմբերի 27-ին Գարեգին Բ․-ը Վեհափառ Հայրապետը հանդիպում ունեցավ Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ, որի ընթացքում Վեհափառը ներկայացրեց նաև Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիվիճակը, կարևորելով Սրբազան Քահանայապետի կոչը հակամարտության դադարեցման և խաղաղության վերահաստատման գործում։

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն

Տարբեր առիթներով Վատիկան են այցելել են նաև Մեծի Տանն Կիլիկիո  Սրբազան Հայրապետները։

1967 թ մայիսի 3-ին

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Խորեն Ա.-ն այցելել է Հռոմի Սրբազան Քահանայապետ Պողոս Զ․-ին: 11

1983 թ ապրիլի 15-19-ը

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Գարեգին Բ․-ն Հռոմում այցել է Պողոս Զ․ Պապին։

1997 թ. հունվարի 23-26-ը

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա․-ն այցելել է Հովհաննես Պողոս Բ. Պապին և ստորագրվել է Համատեղ Հայտարարություն։ 12

2008 թ նոյեմբերի 24-ին

Արամ Ա․ Կաթողիկոսը  այցելել է Հռոմի Պապ Բենեդիկտոս ԺԶ․-ին։ 13

2014 թ հունիսի 5-ին

Արամ Ա․ Կաթողիկոսը  այցելել է  Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին։ 14

2016 թ նոյեմբերի 11-ին

Արամ Ա․ Վեհափառը երկրորդ անգամ  հանդիպել է Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետին։

  1. http://www.christianunity.va/content/unitacristiani/it/dialoghi/sezione-orientale/chiese-ortodosse-orientali/relazioni-bilaterali/chiesa-apostolica-armena/chiesa-apostolica-armena–sede-di-etchmiadzin–armenia-/dichiarazioni-comuni/1970-paolo-vi-e-vasken-i-/testo-in-inglese.html
  2. http://echmiadzin.asj-oa.am/7362/1/p.23-26.pdf
  3. http://tert.nla.am/archive/HGG%20AMSAGIR/echmiadzin-vagharshapat/1996/1996(12).pdf /էջ 68/։
  4. http://tert.nla.am/archive/HGG%20AMSAGIR/echmiadzin-vagharshapat/1999/1999(3).pdf /էջ․ 19/
  5. http://tert.nla.am/archive/HGG%20AMSAGIR/echmiadzin-vagharshapat/2000/2000(11).pdf /էջ․ 16/
  6. http://tert.nla.am/archive/HGG%20AMSAGIR/echmiadzin-vagharshapat/2001/2001(9).pdf /էջ․ 33/
  7. http://www.christianunity.va/content/unitacristiani/it/dialoghi/sezione-orientale/chiese-ortodosse-orientali/commissione-mista-internazionale-per-il-dialogo-teologico-tra-la/rapporti/2003-comitato-preparatorio-per-lattivazione-di-una-commissione-d/comunicato/testo-in-inglese.html
  8. https://armenian-church.eu/wp-content/uploads/2021/02/ԷՋՄԻԱԾԻՆ_2008.pdf
  9. http://www.vatican.va/content/francesco/hy/speeches/2016/june/documents/papa-francesco_20160626_armenia-dichiarazione-congiunta.html
  10. http://www.christianunity.va/content/unitacristiani/en/news/2018/karekin-visita-papa-francesco.html
  11. http://www.vatican.va/content/paul-vi/fr/speeches/1967/may/documents/hf_p-vi_spe_19670503_catholicos-khoren-i.html
  12.  http://www.christianunity.va/content/unitacristiani/it/dialoghi/sezione-orientale/chiese-ortodosse-orientali/relazioni-bilaterali/chiesa-apostolica-armena/chiesa-apostolica-armena–catholicossato-di-antelias–libano-/dichiarazioni-comune/1997-dichiarazione-comune-di-giovanni-paolo-ii-e-aram-i/testo-in-inglese.html
  13. http://www.vatican.va/content/benedict-xvi/en/speeches/2008/november/documents/hf_ben-xvi_spe_20081124_catholicos.html
  14. http://www.vatican.va/content/francesco/en/speeches/2014/june/documents/papa-francesco_20140605_aram-i-catholicos-armeni.html

 

 

Pin It on Pinterest