ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ
ԱՐԵՎՄՏՅԱՆ Եվրոպայի Հայրապետական Պատվիրակություն

Հայերը Պորտուգալիայում

Ըստ պատմագրական տվյալների՝ դեռևս 15-16-րդ դարերում հայերի փոքր խմբեր են այցելել Պորտուգալիա և հաստատվել Պորտոյում: Որոշ ժամանակ անց քաղաքի Սուրբ Պետրո եկեղեցուն հարակից փողոցը կոչվել է «Հայկական փողոց», այլ մանրամասնություններ հայտնի չեն:

Հայերի երկրորդ փոքրաթիվ հոսքը Պորտուգալիա եղել է 1920-ական թվականներին, սակայն պատմական որևէ աղբյուրում չի նշվում, թե քանիսն են եղել։

Երրորդ հոսքը Պորտուգալիա հիմնականում ընդգրկում է վերջին 30 տարիները: Ներկայում Պորտուգալիայում ապրում է շուրջ 150 հայ, հիմնական մասը՝ Լիսաբոնում: Մի քանի հայ ընտանիքներ են ապրում Պորտոյում, Բրագայում, Կոիմբրայում, Լագուշում և Գուարդայում: Հայկական ավանդական կուսակցություններ, դպրոցներ և եկեղեցիներ չկան:

Հայազգի գործարար և բարերար Գալուստ Գյուլբենկյանի կտակի հիման վրա 1956 թ. Լիսաբոնում հիմնվել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկությունը, որի կազմում գործող Հայկական բաժանմունքը ֆինանսական օժանդակություն է տրամադրում հայ մտավորականներին, հայկական գիտահետազոտական ու հայագիտական կենտրոններին, հայկական միություններին՝ հայապահպանությանն ուղղված տարբեր ծրագրեր իրականացնելու համար:

2016 թ. սեպտեմբերի 26-ին Լիսաբոնում ստեղծվել է «Պորտուգալիա-Հայաստան բարեկամության ասոցիացիա» ՀԿ-ը, որը 2019 թ. հուլիսին իր մասնաճյուղն է բացել նաև Պորտոյում: Ասոցիացիայի ներքո գործում է «Կոնսոնանսիա» նվագախումբը: Պորտուգալիա-Հայաստան բարեկամության ասոցիացիայի նախաձեռնությամբ և «Գյուլբենկյան» հիմնադրամի ֆինանսական օժանդակությամբ` Լիսաբոնի համալսարանի բանասիրության ֆակուլտետում 2018 թ. ներառվել է «Հայոց լեզու և մշակույթ» դասընթացը:

Լիսաբոնում է գործում նաև «Դելալյան տրիո» պրոֆեսիոնալ երաժշտական խումբը, «Պորտուգալիա-Հայաստան» առևտրային պալատը:

Պորտուգալիայի խորհրդարանը 2019 թ. ապրիլի 26-ին ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին բանաձև:

Սկզբնաղբյուր․ http://diaspora.gov.am/hy/pages/78/portugal

Pin It on Pinterest