ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ
ԱՐԵՎՄՏՅԱՆ Եվրոպայի Հայրապետական Պատվիրակություն

ՀԱՎԱՏՔ 

Մեր Եկեղեցին Հին Արևելյան Ուղղափառ Եկեղեցիներից մեկն է` հիմնադրված առաջին դարում Հիսուս Քրիստոսի երկու առաքյալների` Սուրբ Թադեոսի և Սուրբ Բարդուղիմեոսի կողմից:

Սուրբ Թադեոսի եւ Սուրբ Բարդուղիմեոս
Ս. Բարդուղիմեոս և Ս. Թադեոս առաքյալներ

Նա դավանում է առաջին երեք տիեզերական ժողովների վարդապետությունը, V դ. Ասորի և Ղպտի Եկեղեցիների հետ ձեռնպահ մնալով Քաղկեդոնի ժողովի որոշումներն ընդունելուց։ 506 թ. Դվինի I ժողովում դրանք որոշակիորեն մերժեց՝ քննարկվող քրիստոսաբանական խնդիրը լուծելով Քրիստոսի մարդեղության մասին տիեզերական վարդապետների ուսմունքին հավատարիմ դավանական եզրահանգումներով:

Հայ Եկեղեցին ունի իր դավանական և ծիսական առանձնահատկություններ․ նա սուրբ հաղորդության գինուն ջուր չի խառնում, իսկ հացը պատրաստում է առանց թթխմորի՝ առ այսօր հավատարմորեն պահելով Եկեղեցու նախնական ավանդությունը:

Ողջ աշխարհում Հայ Եկեղեցին եզակի է մնացել նաև Աստվածահայտնության տոնակատարության մեջ. Հիսուս Քրիստոսի ծնունդը և մկրտությունը նշվում է միևնույն օրը՝ հունվարի 6-ին՝ չխախտելով Եկեղեցու հնավանդ սովորությունը:

Մեր Եկեղեցու ծիսակարգը, սերելով առաջին տիեզերական վարդապետների հաստատած սկզբունքներից, ճոխացվել է մեր Սուրբ Հայրերի կողմից՝ վերածվելով յուրօրինակ հոգևոր, ազգային և մշակութային արժեքի: Այդպիսին են նաև հայոց տաճարներն իրենց առանձնահատուկ ճարտարապետական հորինվածքով: Իր որդեգրած սրբավանդ սկզբունքների մեջ ամուր մնալով հանդերձ, մեր Եկեղեցին մշտապես ձգտել է փոխըմբռնման և միաբանության եզրեր գտնել հանուն հոգևոր հաղորդակցության, փոխադարձ հարգանքի և սիրո:

Սկզբնաղբյուր․ www.sacredtradition.am

 

 

Pin It on Pinterest