ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ
ԱՐԵՎՄՏՅԱՆ Եվրոպայի Հայրապետական Պատվիրակություն

ՏՈՆԵՐ

Հայ Եկեղեցու նվիրապետական աթոռները բացի Երուսաղեմի պատրիաքրությունից, հետևում են Գրիգորյան տոմարին: Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը հետևում է Հուլիանական տոմարին: Ըստ Հայ եկեղեցու տոնացույցի, տարվա օրերը բաժանված են երեք մասի՝ Տերունի, Սրբոց և Պահոց:

Տերունական են համարվում Քրիստոսի փրկական տնօրինություններին, ինչպես նաև Աստվածամորը, խաչին և Եկեղեցուն վերաբերող տոները, որոնք սերտորեն առնչվում են միմյանց հետ:

Սրբոց տոները նվիրված են առավել հայտնի սրբերի հիշատակությանը: Իսկ մյուս սրբերին եկեղեցում պարզապես հիշատակում են՝ Հայսմավուրքից ընթերցելով նրանց վարքերը: Այդ պատճառով Եկեղեցին հաստատել է նաև Ամենայն սրբոց տոնը հին և նոր, հայտնի և անհայտ բոլոր սրբերի համար:

Բոլոր մեծ տոներին (բացի Համբարձումից և Հոգեգալստից) նախորդում են պահոց օրեր կամ շրջաններ, որոնք յուրահատուկ առիթ են տոներին նախապատրաստվելու համար և հիմնականում կոչվում են նրանց անունով: Տարվա ընթացքում մեր Եկեղեցին տոնախմբում է 5 կարևորագույն տոներ, որոնք կոչվում են նաև տաղավար տոներ: Դրանք են.

  • Սուրբ Ծնունդ և Աստվածհայտնություն՝ հունվար 6
  • Սուրբ Հարություն (Զատիկ)՝ գարնան գիշերահավասարի լուսնի լրման առաջին կիրակի օրը
  • Պայծառակերպությունը կամ Վարդավառ՝ Զատկից 14 շաբաթ հետո
  • Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխում՝ օգոստոսի 15-ի մոտակա կիրակի
  • Խաչվերաց կամ Խաչի բարձրացման տոն՝ սեպտեմբերի 14-ի մոտակա կիրակի։

Հայ Եկեղեցու տոների մեծ մասը շարժական է, այսինքն՝ տոնական օրերն ամեն տարի որոշակի կարգով փոխվում են: Անշարժ տոներից են․

  • Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը՝ հունվար 6
  • Անվանակոչության տոնը՝ հունվար 13
  • Տյառնընդառաջի տոնը՝ փետրվար 14
  • Ավետման տոնը՝ ապրիլ 7
  • Սուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան օրը՝ սեպտեմբեր 8
  • Սուրբ Մարիամ Աստվածածնի Տաճարին ընծայման օրը՝ նոյեմբեր 21
  • Աննայի՝ Սուրբ Կույս Մարիամի մոր հղիության օրը՝ դեկտեմբեր 9

Սկզբնաղբյուր․ www.sacredtradition.am

Pin It on Pinterest