Հոկտեմբերի 11-ին Հռոմի Սուրբ Վլաս եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ, որին Հայր Աթանաս աբեղա Սարգսյանի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին վերադառնալու առիթով նախագահեց Գերշ. Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։ Պատարագեց և օրվա պատգամը ներկաներին փոխանցեց Հոգշ. Տ. Մխիթար աբեղա Եփրեմյանը, որը ստանձնելու է Հռոմի հայ համայնքի հոգևոր հովվությունը։
✅ Սուրբ Պատարագից հետո Խաժակ Սրբազանը խոսք ուղղեց համայնքին՝ անդրադառնալով հոգևոր հովվի առաքելությանը, եկեղեցական համայնքի կյանքում նրա ունեցած կարևոր դերին և Հայր Աթանասի քառամյա ծառայությանը Հռոմում։
Խոսքի սկզբում Սրբազան Հայրն անդրադարձավ Սրբոց Թարգմանչաց տոնի խորհրդին, որը Հայ Եկեղեցու օրացույցի համաձայն նշվել էր նախորդ օրը՝ ընդգծելով, որ Սուրբ Սահակ Պարթևի, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի և նրանց աշակերտների թարգմանական ու կրթական առաքելությունը հիմնարար նշանակություն ունեցավ հայ ժողովրդի հոգևոր և ազգային ինքնության ձևավորման ու պահպանման գործում։
Խոսելով եկեղեցական համայնքների և հոգևոր հովիվների առաքելության մասին՝ Խաժակ Սրբազանն ընդգծեց, որ ծուխերն ու համայնքները Եկեղեցու սիրտն են։ Հենց համայնքային կյանքում են հավատացյալները համախմբվում, հաղորդակից դառնում Աստծուն և միմյանց, մկրտում իրենց զավակներին և մխիթարություն գտնում դժվարությունների մեջ։ Եկեղեցու առաքելության շարունակականության համար անհրաժեշտ են հոգևորականներ, որոնք համեստ են, խոնարհ և, ամենակարևորը, անկեղծորեն սիրում են իրենց ժողովրդին՝ առանց խտրականության։
✅ Սրբազան Հայրը հատուկ շնորհակալություն հայտնեց Հայր Աթանասին, որը չորս տարի առաջ Հռոմ էր ժամանել՝ ուսումը շարունակելու, և այդ ընթացքում նվիրվածությամբ կատարել էր նաև իր հովվական ծառայությունը։ Նա ընդգծեց, որ Հայր Աթանասի ծառայության շնորհիվ Սուրբ Վլաս եկեղեցում շարունակվել են կիրակնօրյա Սուրբ Պատարագները, ձևավորվել են երգչախումբն ու տիկնանց միությունը, համախմբվել են երիտասարդները։ Սրբազանը նաև հիշատակեց այս տարվա ընթացքում հինգ երիտասարդուհիների մկրտությունը՝ որպես համայնքի հոգևոր կյանքի կարևոր իրադարձություն։
Խաժակ Սրբազանը Հայր սուրբին մաղթեց, որ նա նույն խանդավառությամբ և նվիրումով շարունակի իր հոգևոր առաքելությունը՝ վստահեցնելով, որ Հռոմի հայ համայնքը սիրում և գնահատում է նրան։ Սրբազան Հայրը նաև ուրախություն հայտնեց, որ Մայր Աթոռից Հռոմ է ժամանել Հայր Մխիթար աբեղա Եփրեմյանը, որը ուսմանը զուգահեռ ստանձնելու է համայնքի հոգևոր հովվությունը։
✅ Այնուհետև Հայր Աթանասը դիմեց ներկաներին՝ արտահայտելով իր սերն ու երախտագիտությունը համայնքի անդամների հանդեպ։ Նա նշեց, որ այս տարիների ընթացքում փորձել է յուրաքանչյուրի հետ անձնական կապ հաստատել և օգնել նրանց Աստծուն ավելի մոտենալ ոչ միայն եկեղեցում քարոզների, այլև անհատական զրույցների միջոցով։ Համատեղ ապրած դժվարություններն ու ուրախությունները, երբեմն նաև տարաձայնությունները, միշտ եղել են սիրո և միմյանց հանդեպ հոգատարության շրջանակում։
Խոսելով իր ծառայության արդյունքների մասին՝ Հայր Աթանասն ընդգծեց, որ դրանք առաջին հերթին համայնքի և մասնավորապես Տիկնանց միության հետ համատեղ աշխատանքի շնորհիվ են։ Նա առանձնահատուկ երախտագիտությամբ հիշեց Խաժակ Սրբազանի խորհուրդը՝ համբերատար աշխատելու անհրաժեշտության մասին։ Այդ խորհուրդը կարևոր դաս է դարձել իր համար ոչ միայն հովվական ծառայության, այլև ուսման և կյանքի այլ բնագավառներում։ Հայր Աթանասն իր խորին հարգանքն ու սերն արտահայտեց Սրբազանի հանդեպ՝ ոչ միայն որպես հոգևոր առաջնորդի, այլև որպես հոր։
✅ Հայր Աթանասը շնորհակալություն հայտնեց նաև արարողությանը ներկա Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպանի Վլադիմիր Կարապետյանին և տիկնոջը՝ համայնքի հոգևոր կյանքին ցուցաբերած ուշադրության համար, ինչպես նաև բոլոր ներկաներին՝ իրենց սիրո և միասին անցած ճանապարհի համար։
Հայր Աթանասի հրաժեշտի խոսքից հետո հայ համայնքի անունից նրան հանձնվեց Շնորհակալագիր՝ ի նշան երախտագիտության Հռոմի հայ համայնքում մատուցած քառամյա նվիրյալ ծառայության համար։
Այնուհետև ներկաները հավաքվեցին եկեղեցու սրահում՝ սիրո սեղանի շուրջ, որտեղ ջերմ և ընկերական մթնոլորտում շարունակեցին իրենց զրույցները։ Համայնքի անդամները Հայր Աթանասին փոխանցեցին նաև հուշանվեր՝ իրենց սիրո, գնահատանքի և երախտագիտության արտահայտությամբ։