ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ
ԱՐԵՎՄՏՅԱՆ Եվրոպայի Հայրապետական Պատվիրակություն

Սբ․ Ծննդյան և Հայտնության Պատարագ, Ջրորօհնյաց կարգ

Իտալիայում Covid-19 համաճարակի տարածման դեմ ուղղված սահմանափակումների պատճառով, Հռոմի հայ համայնքի մասնակցությամբ Սուրբ ծննդյան և մկրտության Պատարագը կատարվեց հունվարի 10-ին։

Արարողությունը տեղի ունեցավ San Giuseppe alla Lungara եկեղեցում, հանդիսապետությամբ՝ Գերշ․ Տ․ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի։ Ներկա էին Իտալիայում և Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպաններ՝ տիկին Ծովինար Համբարձումյանը և պարոն Կարեն Նազարյանը:

Սբ․ Պատարագի ավարտին, կատարվեց ավանդական Ջրօրհնեքի կարգը, կնքահայրությամբ Հռոմի հայ առաքելական համայնքի սիրված և բարեպաշտ որդի՝ նորապսակ Ռադիկ Սարուխանյանի։

Իր քարոզում Սրբազան Հայրը շեշտեց որ Աստվածահայտնության տոնախմբությունը առիթ է անդրադառնալու Աստծու մարդեղության խորհրդին, որ մեզ կառաջնորդի դեպի վերանորոգում և վերափոխում՝ դեպի բարին և կատարյալը։ Մարդուն հնարավորություն կընծայվի վերագտնելու իր բուն մարդկությունը, այն է՝ իր աստվածային էությունը։ Իր քարոզչությամբ, խոսքով և կյանքի օրինակով Քրիստոսը մեզ ուղղորդում է վերականգնել մեր մեջ այդ աստվածային պատկերը։

Որտեղ կա Աստված՝ կա խաղաղություն, համերաշխություն, փոխըմբռնում, ներողամտություն և սեր։ Ինչպես Ավետարանն ասում է «Աստված սեր է»։ Դարեր շարունակ հայ զավակները հետևել են այդ ճշմարտությանը և միշտ փորձել են Աստվածային ներգործությամբ հաղթահարել ամեն դժվարություն։

Սրբազան Հայրը անդրադարձավ նաև Հայաստանում ստեղծված ներկա իրավիճակին, ուր տիրում են բաժանումն ու անհանդուրժողականությունը, պառակտումն ու թշնամությունը միմյանց հանդեպ։ Իր մտավախությունը հայտնելով ազգի կործանման վտանգի վերաբերյալ, նա վերահաստատեց, որ փրկության միակ ճանապարհը՝ յուրաքանչյուրիս ներքին վերափոխումն է, վերադարձը դեպի մեր ակունքները, որոնց կենտրոնն է մարդացյալ Աստված՝ Քրիստոսը։