Վերափոխման այս լուսեղեն և օրհնաբեր տոնին մենք հոգով և մտքով բարձրանում ենք դեպի երկինք, որտեղ Սուրբ Կույս Մարիամի փառավոր փոխադրությունը շողում է որպես հույսի, սրբության և երկնային կոչման կենդանի վկայություն։
Այս սրբազան խորհուրդը լոկ անցյալի հիշատակը չէ, այլ ներկա ավետիս՝ ուղղված յուրաքանչյուր մարդու, որ տենչում է վերագտնել իր ճանապարհը դեպի Աստված և Նարեկացու աղոթական շնչով իր սրտի խորքից կրկնում Տիրոջը ուղղված մշտնջենավոր աղերսը. «Ողորմեա՛ ինձ»։ Քանզի Սուրբ Գրիգոր Նարեկացին մեզ սովորեցնում է, թե Աստծուն ճշմարիտ մերձեցումը սկսվում է հենց ներքին բեկումից, մեղքի գիտակցությունից և ողորմության ծարավից։
Այդ նույն հոգով այսօր խորհում ենք Վերափոխման խորհրդի մասին, բացահայտելով թե ինչպես Սուրբ Կույս Մարիամը՝ հավատքով, խոնարհությամբ և հեզությամբ իր կյանքը հանձնեց Աստծու կամքին՝ դառնալով Բանն Աստծո Մայրը և մարդկության փրկության խորհրդի խոնարհ սպասավորը։
Մարիամի խոնարհությունն ու Նարեկացու ապաշխարող սիրտը միասին մեզ հիշեցնում են, որ դեպի Աստված տանող ճանապարհը սկսվում է ներքին նորոգությունից։
Վերափոխման տոնը այսպես դառնում է հոգևոր արթնության օր։ Մարիամի մեջ մենք տեսնում ենք ոչ միայն անհուն շնորհքի պսակը, այլև մարդու կոչումը՝ մասնակից դառնալու հավիտենական կյանքին։
Իսկ այդ կոչումն առավել հստակ է դառնում, երբ հոգին սովորում է աղոթել՝ Նարեկացու օրինակով բացահայտելով, որ անկեղծ աղոթքը երբեմն ավելի զորավոր է, քան բազմախոսությունը, իսկ սրտի հառաչանքն ու արտասուքը՝ ավելի խորունկ, քան բարձրաձայն խոսքը։
Նարեկացու աղոթքի մեջ հաճախ լսվում է մարդու ամբողջ անզորությունը և միաժամանակ՝ Աստծու հանդեպ անվերապահ վստահությունը։ Այդ վստահությունն է, որ այսօր ևս մեզ առաջնորդում է։ Որքան էլ ծանր լինեն մեր մեղքերը, որքան էլ վիրավոր լինեն մեր սրտերը, որքան էլ ցամաքած թվա մեր հոգևոր կյանքը, դարձյալ համարձակություն ունենք դառնալու Տիրոջը, որովհետև նա «բազմաողորմ» է։
Մարիամի Վերափոխումը մեզ նաև հիշեցնում է կնոջ արժանապատվությունը, մայրության սրբությունը և սիրով ու նվիրումով ծառայելու արժեքը։ Այս օրը երախտագիտությամբ դառնում ենք մեր մայրերին, տատերին, քույրերին և բոլոր այն կանանց, որոնք ինչպես վառված կանթեղներ, իրենց սիրով և նվիրումով լույս են սփռում ընտանիքի, Եկեղեցու և մեր ժողովրդի կյանքում Աստվածամայրը նրանց համար միայն երկնային թագուհի չէ, այլև սրտամոտ օրինակ՝ քնքշության, տոկունության, համբերության և նվիրումի։
Վերափոխման տոնի մաս է կազմում նաև խաղողօրհնեքի գեղեցիկ և խորախորհուրդ ավանդությունը։ Հասունացած առաջին պտուղը Աստծուն ընծայելով՝ մենք խոստովանում ենք, որ մեր ունեցած յուրաքանչյուր բարիք Նրա շնորհն է, այն, ինչ վայելում ենք՝ պարգև է: Բազմահատիկ խաղողի ողկույզը մեզ հիշեցնում է եկեղեցական կյանքը, որտեղ յուրաքանչյուր անդամ իր տեղն ու առաքելությունն ունի։ Իսկ երբ խաղողը վերածվում է գինու, մեզ հիշեցնում է, որ մեր կյանքն էլ կոչված է պտղաբեր լինելու:
Մենք բոլորս կոչված ենք պտուղ բերելու, բայց այդ պտուղը պատահականորեն չի ծնվում։ Այն հասունանում է աղոթքի մեջ, ապաշխարության մեջ, Սուրբ Գրքի ընթերցման մեջ, Սուրբ Պատարագի հաղորդության մեջ, ողորմածության գործերի մեջ։ Առանց շնորհքի հոգին չորացած որթի է նման. արտաքուստ գուցե կանգուն, բայց ներքուստ՝ անպտուղ։ Նարեկացին այս ճշմարտությունը իր ամբողջ էությամբ է ապրում. նա գիտակցում է, թե մարդն ինքն իրենով անկարող է, բայց Աստծու ողորմությամբ կարող է նորոգվել, զորանալ և պտղաբեր դառնալ։ Այդ պատճառով նրա աղոթքը ոչ թե հուսահատության խոսք է, այլ փրկության դուռը թակող ձայն։
Ուստի, սիրելիներ, այս տոնի առիթով չբավարարվենք միայն գեղեցիկ ավանդությամբ կամ արտաքին հանդիսավորությամբ։ Սրտով ընկալենք այս խորհուրդը։ Վերափոխումը մեզ կոչ է վերափոխվելու։ Մարիամի փառքը մեզ հրավիրում է ներքին նորոգության։ Նարեկացու լացակումած խոսքը մեզ հորդորում է անկեղծորեն ճանաչելու ինքներս մեզ՝ առանց դիմակի ու պատրանքի, բայց նաև առանց հուսահատության։ Քանզի նա, ով խոնարհ սրտով կանգնում է Տիրոջ առաջ, երբեք չի մնում մերժված։ Ապաշխարող սիրտը Աստծու համար փակ դուռ չէ, այլ բացված խորան։
Թող այս տոնը յուրաքանչյուրիս համար դառնա ներքին նորոգության ու հարության առիթ։ Սուրբ Կույս Մարիամի մայրական բարեխոսությամբ թող մխիթարվեն տրտմածները, զորանան տկարները, բժշկվեն վիրավոր սրտերը, ամրապնդվեն տատանվողները, օրհնվեն մեր ընտանիքները և խաղաղություն տիրի մեր ժողովրդի մեջ։ Իսկ մենք, Նարեկացու խոնարհ սրտով, դարձյալ վերադառնանք դեպի մեր Տերը՝ վստահ, որ նրա ողորմությունն ավելի խորն է, քան մեր անկումը, և նրա լույսը՝ ավելի զորավոր, քան մեր խավարը։
Վերջապես, օրհնված խաղողի քաղցրությունը թող մեզ հիշեցնի շնորհի անուշությունը, իսկ Սուրբ Կույսի Վերափոխման փառքը՝ մեր երկնավոր կոչումը։ Թող մեր կյանքը դառնա պտղաբեր անդաստան, մեր սրտերը՝ մաքուր անոթ, մեր տները՝ աղոթքի օջախ, իսկ մեր եկեղեցիները՝ կենդանի վկայություն Աստծու ներկայության։ Եվ ինչպես Նարեկացին հառաչանքով ու վստահությամբ իր հոգին հանձնում էր ողորմած Տիրոջը, այնպես էլ մենք այսօր մեր ամբողջ էությամբ աղոթենք. Տե՛ր, ողորմեա՛ մեզ, առաջնորդի՛ր մեզ, սրբի՛ր մեզ և արժանացրո՛ւ մեզ լուսեղեն Քո արքայությանը։ Ամեն։
Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյան