1961-ի հուլիս ամիսն էր։ Տասը տարեկանս նոր էր լրացել։ Այդ օրերին խոր ու համատարած սուգ էր պատել Պոլսի հայությանը։ Արմաշի նշանավոր վանքի անմար հոգևոր լույսը հոգում կրող վերջին հոգևորականներից՝ Ամենապատիվ Տեր Գարեգին արքեպիսկոպոս Խաչատուրյանը, այլևս չկար։ Նրա վախճանը ոչ միայն ցնցել էր ողջ համայնքի զավակներին, այլև նրանց հոգիներում արթնացրել կորստի այնպիսի զգացում, կարծես մեր անցյալի թանկագին ու լուսաշող էջերից մեկն ընդմիշտ փակվել էր։
Այդ տարիներին ես Պոլսի Գետիկփաշայի հայաբնակ թաղամասի Սուրբ Հովհաննես եկեղեցու փոքրիկ դպիրներից մեկն էի։ Դեռ մանկահասակ՝ մյուս երեխաների հետ ամեն առավոտ վաղ, նախքան եկեղեցուն կից Սուրբ Մեսրոպյան հայկական ամենօրյա վարժարան մտնելը, ժամը 7։30-ին մասնակցում էինք ժամերգությանը։ Այդ առավոտների մեջ կար քաղցր լռություն, խորախորհուրդ խաղաղություն և հոգին պարուրող շնորհալի մթնոլորտ։ Այդտեղ ներկաներս վայելում էինք եկեղեցու սիրելի ու հարգարժան հոգևոր հովվի՝ Տեր Դավիթ երեցի ներկայությունը, որի արժանապատիվ հանդարտությունը, ձայնի մեղմ թավշայնությունը և պաշտամունքի հանդեպ ցուցաբերած զուսպ լրջությունը մանկական մեր հոգիներում անջնջելի դրոշմ էին թողել։
Այդ օրերին նաև առիթ էի ունեցել տեսնելու Ամենապատիվ Տեր Գարեգին Խաչատուրյան Պատրիարքին։ Մինչև այսօր էլ անթառամ են մնացել հիշողությանս մեջ նրա պատկառազդու դեմքն ու վեհաշուք կեցվածքը։ Թեև հասակով փոքր էր, սակայն Պատրիարքի ամբողջ էությունից այնպիսի ներքին վեհություն էր ճառագում, որ ակամա ակնածանք էր ներշնչում։ Նրա սուր ու թափանցող հայացքը, պարզ, բայց ազնիվ ու ծանրակշիռ կեցվածքը և էությունից բխող հանդարտ ուժը նրան դարձրել էին անմոռանալի դեմք՝ անգամ մանկական իմ զգայուն հիշողության մեջ։
Որպես փոքրիկ դպիր՝ նրա վախճանման լուրն ինձ ևս խորապես հուզեց։
Հուղարկավորության արարողությունները նախագահելու և վերջին օծումը կատարելու համար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Պոլիս էր ժամանելու Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա. Վեհափառ Հայրապետը։ Նրա գալստյանն սպասելն ինքնին պատմական պահի արժեք էր ստացել, որովհետև բոլորի համար պարզ էր, որ այս հուղարկավորությունը սովորական սգո արարողություն չէր՝ նրանով ավարտվում էր մի դարաշրջան։
1961 թվականի հուլիսի 7-ի առավոտյան շատ վաղ հասա Սուրբ Աստվածածին Մայր եկեղեցի, որտեղ մատուցվելու էին Սուրբ Պատարագը և կատարվելու էր վերջին օծման սրբազան կարգը։ Հսկա եկեղեցին, նրա ընդարձակ բակը և շրջակա փողոցները լեփ-լեցուն էին։ Արարողություններին մասնակցելու համար հավաքվել էին ոչ միայն պոլսահայ հավատացյալներ, այլև պետական բարձրաստիճան անձինք։ Ամենուր սգո խոր մթնոլորտ էր տիրում, բայց այդ սգի մեջ կար նաև լուռ, խորունկ ու արժանավայել մեծարանք այն հոգևորականի հանդեպ, որը միայն եկեղեցապետ չէր, այլև վանական, մտավորական, գրագետ, իմաստուն, խոնարհ ու աղոթասեր հովիվ, միաժամանակ՝ շրջահայաց ու հմուտ դիվանագետ։
Հուղարկավորությունից հետո Վեհափառ Հայրապետն առիթ ունեցավ այցելելու պոլսահայ զանազան հաստատություններ։ Ամեն օր՝ կեսօրից հետո, նա Պատրիարքարանի դահլիճում ընդունում էր հավատացյալներին և նրանց շնորհում իր հայրապետական օրհնությունը։ Ես ևս համբերությամբ սպասեցի երկար հերթում և բախտ ունեցա մոտենալու նրան, ստանալու հայրապետական օրհնությունը, ինչպես նաև Էջմիածնից բերված փոքրիկ խաչ։ Այդ պահը մինչ օրս մնում է իմ ամենապայծառ և հոգուս մեջ օրհնությամբ դրոշմված հիշողություններից մեկը։
Այդ օրերին պոլսահայ համայնքը միաժամանակ ապրում էր երկու տարբեր, բայց խորքում միմյանց լրացնող զգացումներ՝ խոր սուգ իր սիրելի Պատրիարքի կորստի համար և լուսավոր մխիթարություն՝ Վազգեն Վեհափառի հայրապետական այցելության շնորհիվ։ Վեհափառի պաշտոնական լուսանկարները բազմացվել և տարածվել էին ամենուր, և բազմաթիվ հայկական տների պատերը զարդարված էին այդ լուսանկարներով։ Դա պարզապես հարգանքի արտահայտություն չէր, այլ հավատքի, ինքնության և Սուրբ Էջմիածնի հետ կենդանի կապի շոշափելի խորհրդանիշ։ Կարծես բոլորս ներքուստ կրկնում էինք այն անսասան ճշմարտությունը, թե չկա մի ուժ, որ կարող է մեզ բաժանել մեր հավատքից։
Տարիներ անց՝ 1994-ի սկզբին, մտահոգիչ լուր հասավ ականջիս, որ Վազգեն Վեհափառի առողջական վիճակը ծանրացել է, և նրան տեղափոխել են Մոսկվայի հիվանդանոցներից մեկը։ Այդ օրերին հեռախոսով կապվեցի Ռուսաստանի թեմի առաջնորդի հետ և նրանից ստացա հիվանդանոցի հեռախոսահամարը։ Միաժամանակ լուրը հայտնեցի նաև Ժնևաբնակ ազգային մեծ բարերար տիար Հակոբ Գաբրիելյանին, որի հետ մտերիմ հարաբերություններ ունեի, և որը խոր սեր ու ակնածանք էր տածում Վեհափառի հանդեպ։ Հազիվ տեղեկացավ Հայրապետի ծանր վիճակի մասին, անմիջապես հայտնեց իր պատրաստակամությունը և խնդրեց, որ մեկնեմ Մոսկվա ու Վեհափառին տեղափոխեմ Ժնև, որտեղ նրան պատշաճ բժշկական խնամք կցուցաբերվեր։ Տիար Գաբրիելյանն անձամբ նախաձեռնեց, որպեսզի լավագույն մասնագետները զբաղվեն նրա բուժմամբ։
Մեր հեռախոսազրույցի ընթացքում զգացի, որ Վեհափառի ձայնը թույլ էր, գրեթե անուժ, և դա ինձ անհանգստացրեց։ Սակայն երբ հայտնեցի, որ մեկնելու եմ Մոսկվա՝ նրան բժշկական հետազոտությունների համար Ժնև տեղափոխելու նպատակով, նրա ձայնը հանկարծ աշխուժացավ։ Խոսքում կարծես հույսի և վստահության նոր շունչ հայտնվեց։
Մոսկվայի օդանավակայանում ինձ դիմավորեց Ռուսաստանի թեմի առաջնորդ Սրբազանը։ Հաջորդ առավոտ միասին մեկնեցինք հիվանդանոց՝ Վեհափառին այնտեղից օդանավակայան ուղեկցելու համար։ Մոսկվայից Ժնև «Սվիսէյր» ավիաընկերության ինքնաթիռով կատարած մեր ուղևորությունն ինձ համար դարձավ անմոռանալի։ Ճանապարհին Վեհափառը, կարծես սրտում կուտակվածը պատմելու ներքին մղումով, բացվեց իմ առջև և կիսվեց իր կյանքի բազմաթիվ ուշագրավ, երբեմն էլ խորապես խորհրդավոր դրվագներով։
Նա պատմեց. «Իմ հայրապետության տարիներին այցելեցի բազմաթիվ վայրեր, և ամենուր մեր ժողովուրդն իր Հայրապետին ընդունեց սիրով ու ջերմությամբ։ Բայց երբեք չեմ մոռանա Պոլիս կատարած այցս։ Ի՜նչ խանդավառություն էր։ Գիտեի, որ պոլսահայությունը եկեղեցասեր է և այս երկրի հավատարիմ ու օգտակար քաղաքացիներից է, բայց կարծում էի, թե նրա ազգային զգացումն արդեն թուլացել է։ Սխալվում էի։ Երբ Պատրիարքարանում հարյուրավոր հավատացյալներ մոտենում էին ինձ՝ հայրապետական օրհնություն ստանալու, շատ երիտասարդներ ձեռքս համբուրելուց հետո կամացուկ փսփսում էին ականջիս. «Կեցցե՛ Հայաստանը»»։
Վեհափառի այդ խոսքերից հետո ես էլ պատմեցի, որ տարիներ առաջ՝ ընդամենը տասը տարեկան հասակում, նույն Պատրիարքարանի դահլիճում բախտ էի ունեցել ստանալու նրա օրհնությունն ու Էջմիածնական փոքրիկ խաչը։ Գուցե այդ մանկությանս օրհնությունն իսկապես մի առանձնահատուկ խորհուրդ ուներ. տարիներ անց՝ 1990 թվականի հոկտեմբերին, այն կարծես իր շարունակությունը գտավ, երբ երեք հոգևոր եղբայրներիս հետ Վեհափառի ձեռամբ Սուրբ Մյուռոնով օծվեցի եպիսկոպոս։
Այս հիշողությունները վերապրելով՝ այսօր այլ կերպ եմ ընկալում Սուրբ Էջմիածնի խորհուրդը։ Այն պարզապես եկեղեցական աթոռ կամ պատմական հուշարձան չէ, այլ հոգևոր այն կամուրջը, որը դարեր շարունակ պահպանել ու սնուցել է մեր ազգային ինքնությունը, մշակույթը, լեզուն և հավատքը։ Թարգմանիչների սերնդից մինչև մեր օրերը սերունդներ են եկել ու անցել, բայց հավատքի շղթան երբեք չի ընդհատվել։
Ահա թե ինչու Վեհափառի ականջին հասած «Կեցցե՛ Հայաստանը» շշուկը և նրա լուսանկարները պոլսահայ ընտանիքների տների պատերին պարզապես առօրյա դրվագներ չէին։ Դրանք վկայում էին Սփյուռքն ու Հայրենիքը, Պոլիսն ու Էջմիածինը, հիշողությունն ու հավատքը միավորող անխզելի կապի մասին։ Այդ շշուկը ազգային խանդավառության անցողիկ արտահայտություն չէր, այլ ինքնության խորքից բխող խոստովանություն և պատմության բոլոր փորձությունների միջով անսասան պահպանված հավաքական հիշողության արձագանք։
Վեհափառի լուսանկարներն էլ ավելին էին, քան հարգանքի նշաններ. դրանք հոգևոր ներկայության խորհրդանիշներ էին, որոնք վկայում էին, որ ժողովուրդը կարող է աշխարհագրորեն հեռու լինել իր հոգևոր կենտրոնից, բայց հոգով միշտ կապված մնալ նրան։ Այդպիսով, այդ տները վերածվում էին հիշողության, հավատքի և ազգային ինքնության փոքրիկ սրբավայրերի, որտեղ սերունդներին փոխանցվում էր իրենց պատկանելությունը պահպանելու և հաջորդներին ավանդելու պատասխանատվությունը։
Այս ամենի պատգամը մեզ համար այսօր թերևս առավել հրատապ է, քան երբևէ։ Այն հիշեցնում է, որ ժողովուրդն իր գոյությունը պահպանում է ոչ միայն քաղաքական, հասարակական կամ մշակութային կառույցներով, այլև, նախևառաջ, իր հոգևոր արժեքներին՝ լեզվին, եկեղեցուն և պատմական հիշողությանը հավատարիմ մնալով։ Երբ այդ հավատարմությունը կենդանի է, նույնիսկ աշխարհի ամենահեռավոր անկյուններում ապրող սերունդները շարունակում են մնալ նույն հոգևոր տան զավակները։
Ուստի այս հուշերը մեզ հորդորում են ոչ միայն չմոռանալ անցյալը, այլև նրա արժեքները կենսունակ պահել ներկայում և փոխանցել ապագա սերունդներին։ «Կեցցե՛ Հայաստանը» խոսքերը չպետք է մնան անցյալի մի պահի հուզական արձագանք, այլ դառնան մեր ներսում հնչող ուխտ՝ ապրելու հայորեն, հավատարմությամբ և պատասխանատվությամբ։ Իսկ տների պատերին փակցված Վեհափառի լուսանկարները թող շարունակեն հիշեցնել, որ տունը միայն բնակության վայր չէ, այլև այն սրբազան միջավայր, որտեղ ձևավորվում է մեր հիշողությունը, սնվում հավատքը և արմատավորվում ազգային ինքնությունը։
Ինձ համար անսասան է մնում այն համոզումը. քանի դեռ ամուր կառչած ենք մեր հոգևոր ակունքներին, հավատքին, եկեղեցուն և ազգային էությանը, ոչ մի ուժ չի կարող մեզ արմատախիլ անել։ Ընդհակառակը՝ մենք կշարունակենք ապրել՝ հիշողությամբ ամուր, հավատքով զորացած և ապագայի հանդեպ լուսավոր վստահությամբ։ Չէ՞ որ ժողովուրդն իսկապես ապրում է ոչ միայն իր գոյությունը պահպանելով, այլև գիտակցելով, թե ինչու է ապրում։ Եվ քանի դեռ այդ գիտակցությունը անմար կրակի պես վառվում է մեր հոգիներում, «Կեցցե՛ Հայաստանը» չի մնա սոսկ շշուկ, այլ կշարունակի հնչել որպես մեր հիշողության, հավատքի և ապագայի կենսատու «Ավետիս»։
Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյան