ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ
ԱՐԵՎՄՏՅԱՆ Եվրոպայի Հայրապետական Պատվիրակություն

Հովվական այց Իսպանիայի Մալագա համայնք

Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Սուրբ Աթոռում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու ներկայացուցիչ Գերաշնորհ Տ․ Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը, շաբաթ, հունվարի 13-ին հովվական այցելությամբ ժամանեց Իսպանիայի Մալագա համայնք։ Այդ նույն օրը երեկոյան Սրբազան Հայրը հանդիպում ունեցավ Մալագայի Սբ. Աստվածածին եկեղեցու ծխական խորհրդի անդամների հետ։

Հանդիպման ընթացքին քննարկվեցին տեղի եկեղեցական համայնքում իրականացվելիք հետագա աշխատանքների մի քանի հարցեր։ Ինչպես նաև, Սրբազան Հորը ներկայացվեցին ընթացիկ աշխատանքները` վերաբերող ծիսական, կրթական և կազմակերպչական ոլորտներին։

Հաջորդ օրը, հունվարի 14-ին, Սրբազան Հոր հանդիսապետությամբ Մալագայի Սբ. Աստվածածին եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագին ներկա էին Մալագա և Սևիլիա քաղաքների  հայ հավատացյալներ, համայնքային ղեկավարներ և Կ. Պոլսի Տիեզերական Պատրիարքության հարավային Իսպանիայի հոգևոր հովիվ Հայր Տառասի Պետրունյակը։ Այդ տոնական առիթով Սրբազան Հայրը Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության ավետիսը փոխանցեց ներկաներին և քաջալերեց բոլորին հայրենասիրության, եկեղեցաշեն նվիրումի և ապագայի հանդեպ ամուր հավատքի տեսլականը միասնաբար կերտելու։

Իր հայրական օրհնությունը տվեց տեղի հոգևոր հովիվ Տ. Թորոս քահանա Եսայանին և մաղթեց ուժ և կարողություն նրա հովվական գործի մեջ։ Սրբազան Հայրը նաև ողջյունեց հյուր հոգևորական Հայր Տառասիին` կարևորելով միջեկեղեցական շփումները քրիստոնյա համայնքներից ներս։

Հավարտ Սբ. Պատարագի Սրբազան Հայրը և ներկա հավատացյալները ուղղվեցին ճաշակելու պատրաստված հյուրասիրությունը, ուր ջերմ և ընտանեկան մթնոլորտում բոլորը հնարավորություն ունեցան շփվելու Սրբազան Հոր հետ։