ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ
ԱՐԵՎՄՏՅԱՆ Եվրոպայի Հայրապետական Պատվիրակություն

Ս․ Ներսես Շնորհալուն նվիրված միջոցառումների Կազմակերպչական հանձնախմբի հաղորդագրությունը

Երեքշաբթի, մարտի 21-ին, Աստուածային Շնորհաց Հայոց Առաքեալ Սուրբ Ներսես Շնորհալու վախճանման 850-ամյակի Ս. Աթոռում (Վատիկան) ոգեկոչման կազմակերպչական հանձնախումբի անդամները՝ Գերշ. Տ. Խաժակ Արք. Պարսամյանը (ներկայացուցիչ Ամենայն Հայոց Կաթողիկոսության), Գերշ. Տ. Նարեկ Արք. Ալեմեզյանը (ներկայացուցիչ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության), Գերշ. Տ. Վարդան Եպս. Պողոսյանը (ներկայացուցիչ Տանն Կիլիկիո Կաթոլիկ Հայոց Պատրիարքության) հանդիպեցին և քննարկեցին առաջիկա աշնանը Հռոմում տեղի ունենալիք հանդիսությունները՝ գործակցությամբ Ս. Աթոռի Քրիստոնեական միասնության խթանման և Արևելյան Եկեղեցիների բաժինների։

Ծրագրված են հետևյալ հանդիսությունները, որոնց մանրամասները հրապարակվելու են մոտ ապագայում․

ա․ Միջեկեղեցական արարողություն Ս. Պետրոս տաճարում։

բ․ Ս. Ներսես Շնորհալուն նվիրված միջազգային գիտաժողով Քահանայապետական արևելյան ինստիտւտում։

գ․ Ս. Ներսես Շնորհալու շարականների հոգևոր համերգ Սիքստինյան մատուռում։