Խաչվերացի սուրբ տոնը ամեն տարի մեզ դարձյալ բերում է Սուրբ և Կենարար Խաչի առջև՝ այն խորախորհուրդ սրբության առաջ, որտեղ անճառելի լույսով փայլում են Աստծո սերը, ողորմությունն ու փրկագործ կամքը։ Քրիստոնյայի համար Խաչը սոսկ տառապանքի կամ մահվան խորհրդանիշ չէ. այն Կենաց ծառ է, հաղթանակի նշան և փրկության դրոշմ։ Այն սրբազան կնիքն է, որոում մարդկությունը տեսավ ոչ միայն զոհաբերության ահավոր խորհուրդը, այլև հույսի արշալույսը, վերականգնման ճանապարհը և նոր կյանքի ավետիսը։
Խաչի վրա, երբ մեր Տեր Հիսուս Քրիստոսը մարդկային անիրավության, ցավի և լքվածության խավարի մեջ էր, Նրա շուրթերից բխեց այն աղոթքը, որը դարեր ի վեր հնչում է որպես ներողամտության գերագույն և անգերազանցելի օրինակ. «Հա՛յր, ների՛ր նրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում» (Ղուկաս 23.34)։ Այս խոսքերը լոկ արտասանված բառեր չէին, այլ աստվածային սիրո կենդանի և անմահ վկայությունը։ Դրանց մեջ բացահայտվում է այն ճշմարտությունը, թե ինչպես սերը կարող է հաղթել ատելությանը, իսկ ողորմությունը՝ գերազանցել դատապարտմանը։
Ահա այստեղ է բաբախում Խաչվերացի հոգևոր պատգամի սիրտը։ Քրիստոս մեզ սովորեցնում է, որ ներելը տկարության նշան չէ, այլ հոգևոր զորության բարձրագույն արտահայտությունը։ Մարդկային բնությունը հաճախ մղվում է վիրավորանքին պատասխանելու վիրավորանքով, անիրավությանը՝ խստությամբ, իսկ ցավին՝ ոխով։ Բայց Տերը մեզ ցույց տվեց մեկ այլ ուղի՝ սիրո, համբերության, հեզության և ներողամտության ճանապարհը։ Նա ոչ միայն խոսեց ներելու մասին, այլ Իր կյանքով, Իր չարչարանքով և Իր Խաչով մարմնավորեց այդ աստվածային ճշմարտությունը։
Ուստի Խաչվերացի խորհուրդը մեզ հրավիրում է մտնելու մեր սրտերի խորքը և լուռ հարց տալու մեր հոգուն. կարո՞ղ ենք արդյոք ներել մեզ վիրավորողներին. կարո՞ղ ենք մեր ներաշխարհից արմատախիլ անել դառնությունը, ոխակալությունը և այն թաքուն վերքերը, որոնք ծանրացնում են մեզ։ Ներելը հեշտ չէ. այն ո՛չ չարն արդարացնել է, ո՛չ էլ վիշտը մոռացության մատնել։ Ճշմարիտ ներումը սրտի մաքրագործումն է, հոգու ազատագրումը և ներքին խաղաղության աստիճանական վերագտնումը։ Երբ մարդը հրաժարվում է ներելուց, նրա ցավը կամաց-կամաց թափանցում է ամբողջ ներաշխարհը և արմատներ է արձակում հոգու խորքում, իսկ երբ ներում է, նույն այդ վերքի մեջ սկսում են ծաղկել բժշկության առաջին ծիլերը։
Ներման պտուղն անգնահատելի է նաև անձնական կյանքում։ Դառնությունը ներսից մաշեցնում է մարդուն, մինչդեռ ներողամտությունը վերականգնում, թեթևացնում և նորոգում է։ Բարկությունն ու ոխը ծանրացնում են հոգին, իսկ խաղաղ սիրտը մարդուն տալիս է ներքին զորություն, հանգստություն և լույս։ Նա, ով ներում է, նախ և առաջ ինքն իրեն է ազատում ատելության շղթաներից։ Ահա թե ինչու ներումը ոչ միայն քրիստոնեական պատվիրան է, այլև հոգևոր բժշկություն, ներքին վերածնունդ և շնորհի գործ։
Խաչի առջև մենք նաև սովորում ենք, որ ներումը իր մեջ հարության զորություն է կրում։ Քրիստոս, որ խաչվեց, խոնարհվեց և մինչև մահ հնազանդ եղավ, ի վերջո Հարությամբ հաղթեց մահին ու խավարին։ Նույնպես էլ մարդը, երբ իր վերքերից վեր բարձրանալով ներում է, իր սրտում նոր կյանք է ծնվում։ Ներողամտությունը մարդուն չի նվաստացնում, այլ բարձրացնում է։ Այն մարդուն չի դատարկում, այլ լցնում է աստվածային խաղաղությամբ, քաղցր լռությամբ և շնորհի անտեսանելի զորությամբ։
Մարտահրավերներով, բայց նաև հնարավորություններով լի այս օրերին մեր հայ ժողովուրդը, թերևս, առավել քան երբևէ կարիք ունի Խաչի առջև կանգնելու, նորոգվելու, իր սիրտը մաքրագործելու և աստվածային ողորմության մեջ զորանալու։ Մեր ազգային կյանքում կուտակված վշտերը, կորուստները, տառապանքներն ու պառակտումները հաճախ հոգնեցնում են մեր հոգիները և ծանրացնում մեր սրտերը։ Բայց Սուրբ Խաչի խորհուրդը մեզ հրավիրում է չմնալ դառնության, հուսահատության և ներքին խռովության խավարի մեջ, այլ ապավինել Խաչյալ և Հարուցյալ Տիրոջը, որը միայն կարող է բժշկել վիրավոր սրտերը և նորոգել խոնարհ հոգիները։ Երբ մեր ժողովուրդը հավատքով մոտենա Խաչին, ապաշխարությամբ դառնա դեպի Աստված և ներողամտության ու հաշտության ոգով վերագտնի իր հոգևոր դիմագիծը, այն ժամանակ աստվածային շնորհը կզորացնի մեզ, կհաստատի մեր միությունը և կպայծառացնի մեր ազգային ու եկեղեցական կյանքը։
Արդ, Խաչվերացի այս սուրբ տոնը թող լինի մեր ժողովրդի համար հոգևոր արթնության կոչ, սրտի դարձի պահ և շնորհաբաշխ նորոգության օրհնյալ առիթ, որպեսզի որպես հավատացյալ ազգ վերագտնենք սիրո, միության և Քրիստոսի պարգևած խաղաղության ճանապարհը։
Խաչվերացի այս սուրբ տոնին եկե՛ք խոր ակնածանքով նայենք Խաչյալին և աղերսենք, որ Նա մեզ պարգևի ներող, հեզ, խոնարհ և խաղաղ սիրտ։ Թող մեր կյանքը դառնա սիրո, հաշտության և ողորմության կենդանի վկայություն՝ մեր ընտանիքներում, մեր եկեղեցական ծառայության մեջ և մեր բոլոր մարդկային հարաբերություններում։ Թող երբեք չմոռանանք, որ ճշմարիտ քրիստոնյան ոչ միայն Խաչն է մեծարում, այլև Խաչի առջև սովորում է սիրել, ներել, խոնարհվել և նորոգվել։
Խաչվերացի տոնը մեզ համար թող լինի ապաշխարության, հաշտության և ներողամտության նոր սկիզբ։ Որովհետև երբ մենք ներում ենք, այն ժամանակ ավելի ճշմարիտ կերպով ենք պատկանում Խաչյալ և Հարուցյալ Քրիստոսին։
Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյան