Գերշ. Տ. Խաժակ Արք. Պարսամյանը՝ Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակը և Սուրբ Աթոռում Ամենայն Հայոց Կաթողիկոսության ներկայացուցիչը, մասնակցեց Հռոմում կազմակերպված մի շարք միջոցառումների՝ նվիրված Բարդուղիմեոս Ա Ուղղափառ Եկեղեցու Տիեզերական պատրիարքին։
Միջոցառումների կարևոր իրադարձություններից էր Բարդուղիմեոս պատրիարքին Պապական Սուրբ Թովմա Աքվինացու համալսարանի (Angelicum) կողմից աստվածաբանության պատվավոր դոկտորի կոչման շնորհումը։
Այդ բարձր պատիվը նրան շնորհվեց հոկտեմբերի 23-ին՝ ի գնահատություն նրա երկարամյա հոգևոր առաջնորդության, աստվածաբանական վկայության, ինչպես նաև քրիստոնեական միության և երկխոսությանն ուղղված հետևողական գործունեության։
Հոկտեմբերի 26-ին՝ կիրակի օրը, Հռոմի Սուրբ Թեոդորոս Հույն ուղղափառ եկեղեցում Նորին Սրբությունը նախագահեց Սուրբ Պատարագը, որին ներկա էին տարբեր քիստոնյա Եկեղեցիների հոգևորականներ, դիվանագետներ և հավատացյալներ։ Արարողությունը անցավ աղոթքի և եղբայրական հաղորդակցության մթնոլորտում։
Խաժակ Արք. Պարսամյանի մասնակցությունն այս միջոցառումներին վերահաստատեց Հայ Առաքելական Եկեղեցու և Տիեզերական Պատրիարքության միջև սերտ հարաբերությունները, ինչպես նաև քրիստոնեական միասնական վկայությանն ուղղված փոխադարձ հանձնառությունը։
Սրբազան Հոր մասնակցությունը նաև ընդգծեց Եկեղեցիների միջև փոխադարձ հարգանքի, եղբայրական մերձեցման և միջեկեղեցական երկխոսության կարևորությունը՝ ի սպաս քրիստոնեական հավատքի ընդհանուր առաքելության։