ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ
ԱՐԵՎՄՏՅԱՆ Եվրոպայի Հայրապետական Պատվիրակություն

Եվրոպայի Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների Մշտական Կոնֆերանսի 3-րդ համագումարը Վիեննայում

2023 թվականի փետրվարի 22-ից 24-ը Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի Սուրբ Հռիփսիմե Հայ Առաքելական եկեղեցում տեղի ունեցավ Եվրոպայի Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների երրորդ համագումարը։ Համաժողովը Կենտրոնական Եվրոպայի և Սկանդինավիայի Հայ Առաքելական Եկեղեցու Հայրապետական Պատվիրակ Գերշ․ Տ․ Տիրան Եպս․ Պետրոսյանի հյուընկալությամբ՝ ժողովը վարում էր Գերշ․ Տ․ Խաժակ Արք․ Պարսամյանը։ Մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու, Ղպտի Ուղղափառ Եկեղեցու և Ասորի Ուղղափառ Եկեղեցու ներկայացուցիչներ։

Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների ընտանիքը, որը իր արմատներով կառչած է առաքելական ավանդությանը, վկայում է Հայաստանի, Մերձավոր Արևելքի, հյուսիսային Աֆրիկայի և Հնդկաստանի հարուստ քրիստոնեական պատմամշակութային ժառանգության մասին։ Աշխարհում արևելյան ուղղափառ քրիստոնյաների թիվը հասնում է մոտ 60 միլիոնի, որոնցից մեծ մասը ապրում է Հայաստանում, Եգիպտոսում, Էրիթրեայում, Եթովպիայում, Հնդկաստանում, Իրաքում, Սիրիայում, Թուրքիայում, Իրանում, բայց նաև Եվրոպայում և այլ մայրցամաքներում։

Եվրոպայի  արևելյան ուղղափառ բարձրաստիճան եկեղեցականների առաջին հանդիպումը տեղի է ունեցել Գերմանիայի Վարբուրգ քաղաքի Ասորի ուղղափառ վանքում 2019 թվականի հոկտեմբերի 4-ին:

Հանդիպմանը պայմանավորվածություն էր ձեռք բերվել համախմբել Եվրոպայում Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների առաջնորդներին և ստեղծել մշտական ​​կոնֆերանս, որի աշխատանքները ծառայելու էին Եվրոպայում՝ Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների բարօրությունը խթանելու և այն ապահովելու գործին:

Երկրորդ հանդիպումը տեղի է ունեցել 2022 թվականի մայիսի 5-ին Գերմանիայի Հոքթեր-Բրենհաուզեն գյուղաքաղաքի Ղպտի ուղղափառ վանքում:

Երկրորդ հանդիպման քննարկումները հանգեցրին հետևյալ նախնական առաքելության հայտարարությանը.

ա. Եվրոպայի Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների Մշտական կոնֆերանսը Հայ Առաքելական, Ղպտի Ուղղափառ, Էրիթրեայի Ուղղափառ, Եթովպիայի Ուղղափառ և Ասորի Ուղղափառ Եկեղեցիների առաջնորդների ընկերակցություն է:

բ․ Մշտական կոնֆերանսի առաքելությունն է՝ որպես առաքելական եկեղեցիների ընկերակցություն, հռչակել և վկայել մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Ավետարանը՝ հաստատելով ուղղափառ քրիստոնեական հավատքի միասնությունը, ի ցույց բերելով նրանց հավաքական համերաշխությունը:

գ. Մշտական կոնֆերանսը կրթական ֆորումների և այլ նախաձեռնությունների միջոցով հնարավորություն է ստեղծում անդամ եկեղեցիների հավատացյալներին՝ բացահայտելու նրանց  հավատքի և ավանդույթի ընդհանուր, միավորող հատկանիշները:

դ. Մշտական կոնֆերանսը ՝ Քույր եկեղեցիների եկեղեցապետերի հավանությամբ և առաջնորդությամբ է՝ ծավալում է միջդավանական համագործակցություն քրիստոնեական այլ համայնքների հետ՝ հովվական և սոցիալական հարցերի շուրջ:

ե․ Մշտական ​​կոնֆերանսը նախաձեռնում է միջկրոնական երկխոսություն հասարակության համար համընդհանուր հարցերի շուրջ՝  հանուն կյանքի և խաղաղության հաստատման:

զ․ Մշտական ​​կոնֆերանսը կապ է հաստատելու և հարաբերություններ է պահպանելու Եվրամիության հետ:

Միաձայն ընտրվեց Գործադիր կոմիտեն հետևյալ կազմով.

Նախագահ՝ Արևմտյան Եվրոպայի Հայ Եկեղեցու Հայրապետական պատվիրակ Տ․ Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյան․

Փոխնախագահ՝ Հյուսիսային Գերմանիայի Ղպտի Ուղղափառ Եկեղեցու առաջնորդ, Եպիսկոպոս Անբա Դամիանը․

Քարտուղար՝ Անտիոքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Նիդերլանդների առաջնորդ, Արքեպիսկոպոս Պոլիկարպուս Աուգին Այդին։

Եվրամիություն երկրներում Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների գործառույթները և առաջադրանքները սահմանելու և իրականացնելու նպատակով՝ հաջորդ համագումարի ընթացքում որոշվել է մշակել սահմանադրության նախագիծ։

Երրորդ համագումարը տեղի ունեցավ Վիեննայում բարեկամական և ջերմ մթնոլորտում։ Այն սկսվեց Վիեննայի Սբ․ Հրիպսիմե եկեղեցում Հայ Եկեղեցու առավոտյան ժամերգությամբ, որտեղ ընդգրկվել էին ևս ղպտի և ասորի եկեղեցիների աղոթքներ։ Գերշ․ Տիրան Պետրոսյանը ողջունեց ներկաներին և աղոթեց հանդիպման հաջողության համար։

Ապա սկսվեց աշխատանքային նիստը, որը ողջույնի խոսքով բացեց Գերշ․ Տ․ Խաժակ Արք․ Պարսամյանը։ Սրբազանը ներկայացրեց օրակարգը, որի հիմնական  կետերն էին․  սահմանադրության նախագծի ուսումնասիրություն, Պրո Օրիենտե հիմնադրամի այցելություն, Վիեննայի Սուրբ Ստեփանոս մայր եկեղեցու այցելություն և հանդիպում քաղաքի առաջնորդ, Կարդինալ Քրիստոֆ Շյոնբորնի հետ։ Նախագահը կարևորեց Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների միասնական աշխատանքի անհրաժեշտությունը։ Նա ընդգծեց Եկեղեցիների դերը սփյուռքում, այն է՝ աջակցելու հավատացյալներին, որպեսզի լիովին ինտեգրվեն նոր հայրենիքում, բայց միևնույն ժամանակ պահպանեն ամբողջական կապը իրենց դավանանքի և ավանդույթների հետ: Առանձին անդրադարձ կատարվեց Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքներին և Լիբիայի ափերի մոտ նավաբեկության պատճառով խեղդված եգիպտացի երեխաներին՝ որոնց թվում էին բազմաթիվ ղպտի քրիստոնյաներ՝ աղոթք հղելով նրանց հիշատակին։

Եպիսկոպոս Անբա Դամյանը ներկայացրեց Եվրոպայի Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների Մշտական կոնֆերանսի կանոնադրության առաջին նախագիծը։
Հինգշաբթի հետկեսօրին, Սուրբ Միքայելիս եկեղեցում տեղի ունեցավ հանդիպում Պրո Օրիենտեի նախագահ պարոն Ալֆոնս Մ. Կլոսի և նրա գործընկերների հետ: Նախագահը ողջունեց ներկաներին և տեղեկացրեց՝ Կաթոլիկ և Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների միջև միջեկեղեցական հարաբերությունների հարթակում, իր գլխավորած հիմնադրամի կողմից կատարված ծավալուն աշխատանքի և ձեռքբերումների մասին:  Խաժակ Սրբազանը խոսեց OCE-ի նախաձեռնության մասին՝ Եվրոպայում արևելյան քրիստոնյաների ինտեգրման համատեքստում՝ հաստատելով, որ անհրաժեշտ է միասին աշխատել որպես արևելյան քրիստոնյաներ, բայց նաև միջեկեղեցական ոգով համակված՝ համագործակցել Կաթոլիկ և այլ Եկեղեցիների հետ։ Նախագահ Քլոսն ու պրոֆ. Վինքլերն առաջարկեցին իրենց օգնությունն ու պատրաստակամություն հայտնեցին համագործակցելու:

Վիեննայի Սուրբ Ստեփանոս մայր եկեղեցում շրջայցի մասնակիցները տեղեկացան նրա հարուստ պատմության մասին և ծանոթացան այստեղ խնամքով պահպանվող ամենաթանկ մասունքներից մի քանիսին, այդ թվում՝ Սուրբ Խաչի բեկորին:

Վիեննայի կաթոլիկ առաջնորդ, Կարդինալ Քրիստոֆ Շոնբորնը ներկա գտնվեց երեկոյան աղոթքին Սուրբ Հռիփսիմե եկեղեցում։ Իր ողջույնի խոսքում  Խաժակ Սրբազանը բարի գալուստ մաղթեց Կարդինալին և բոլորի կողմից շնորհակալություն հայտնեց իր ներկայության համար, այնուհետ տեղեկություններ փոխանցեց համագումարի մասին։ Իր պատասխան խոսքում Կարդինալ Շոնբորնը իր բարձր գնահատանքը հայտնեց համագումարի մասնակիցներին իրենց աշխատանքի համար։ Նա ներկաներին հիշեցրեց, որ ուղղափառ քրիստոնյաները տարբեր ժամանակաշրջաններում նահատակվել են հանուն իրենց հավատքի՝ անդրադառնալով նաև Հայոց ցեղասպանությանը և Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպին։ Ապա իր մտահոգությունը արտահայտեց Մերձավոր Արևելքի ներկայիս իրավիճակի վերաբերյալ։ Խոսքի ավարտին, նա օրհնեց հանդիպման մասնակիցներին և իր բարեմաղթանքները հայտնեց OCE-ի հետագա աշխատանքների համար։  Վիեննայի կաթոլիկ առաջնորդը սիրով մասնակցեց ընդունելությանը, որը տեղի ունեցավ եկեղեցու սրահում աղոթքի ավարտին։ Հրավիրված էին նաև Վիեննայի ղպտի և ասորի ուղղափառ համայնքների անդամները։

Հյուրասիրության ընթացքում Գերշ․ Տ․ Տիրան Եպս․ Պետրոսյանը շնորհավորանքներ ստացավ իր ծննդյան տոնի կապակցությամբ։