ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ
ԱՐԵՎՄՏՅԱՆ Եվրոպայի Հայրապետական Պատվիրակություն

Առցանց խորհրդածություններ Հոգշ․ Տ․ Մեսրոպ Վրդ․ Պարսամյանի առաջնորդությամբ

Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակության հոգևորականաց՝ Մեծ Պահքի ամենշաբաթյա առցանց խորհրդածությունները՝ Գերշ․ Տ․ Խաժակ Արք․Պարսամյանի նախաձեռնությամբ և օրհնությամբ, այս անգամ՝ մարտի 23-ին, անց կացան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ, Հոգշ․ Տ․ Մեսրոպ Վրդ․ Պարսամյանի առաջնորդությամբ։ Հայր Սուրբը բանախոսեց «հույս և լույս» թեմայով։
Արդեն մեկ տարուց ավել շարունակվող համավարակի վնասներից մեկը՝ հոգևոր ընկճվածությունը և ապա սեպտեմբերի 27-ին սկսված 44 օրյան պատերազմի ծանր հետևանքների պատճառով մեր հանրությանը համակած դառն ապրումները, կորստի ցավը ստիպում են շատերիս կորցնել լավատեսության հույսը, լուսավոր ապագայի սպասումը: Մենք ինքներս իբրև հոգևորականներ, առավելաբար այս դժվարին պահերին կարիքն ունենք Սուրբ Հոգով զորանալու, Աստծո ներկայությունը մեր մեջ զորավոր կերպով զգալու, որպեսզի այն կարողանանք փոխանցել նաև մեզ վստահված համայնքին, հայրենակից մեր քույրերին ու եղբայրներին: Բանախոս Հայր Սուրբն անդրադարձավ արմատական այն պատճառներին, որոնց հետևանքով մարդը կարող է անդառնալի կերպով ընկնել հուսահատության մեջ: Պատճառներից գլխավորն այն է, որ մենք քիչ ենք ճանաչում մեր իսկ հոգևոր խնդիրները, հոգևոր «հիվանդությունները»:
Նախ խնդիրները տեսնելու և ապա նրանցից դուրս գալու ռազմավարություն մշակելու համար մեզ անհրաժեշտ է կենտրոնացում՝ մտքի կառավարում: Այսօր մեր միտքը չափից շատ զբաղված է, ամեն կողմից և ամեն ժամ տեղեկատվություններ են թափանցում մեր գիտակցության մեջ: Հաճախ կորցնում ենք մեր ուշադրությունը և չենք կարողանում կենտրոնանալ ներկայի վրա. ապրում ենք կամ անցյալում, կամ ապագայում: Մեր մտքի զբաղվածությունն առիթ չի տալիս մեզ դադար առնելու՝ ներհայելու և մեր հոգևոր կյանքի մասին մտածելու համար:
Այսպիսով, կարևոր է մտքերի պահպանությունը, կենտրոնացումը․ հակառակ դեպքում ձախողման են դատապարտված մեր ցանկացած լավ ու բարի նպատակներն ու ծրագրերը: Այդ նպատակին հասնելու համար պետք է կարողություն ունենանք պայքարելու հուսահատեցնող և հուսալքող մտքերի դեմ: Այս «պայքարի» համար Հայր Մեսրոպն առաջ բերեց երեք հիմնական դրույթներ: Դրանք են․
1. Երբ որ հուսահատեցնող միտք է գալիս, պետք չէ մեզ նույնականացնենք այդ մտքի հետ: Այդ միտքը մեր անձնական մտահղացում չէ: Այն ներմուծված է մեր գիտակցության մեջ արտաքին ազդակներից:
2. Պետք չէ երկխոսության մեջ մտնել այդ մտքերի հետ: Հաճախ ենք ինքներս մեզ հետ խոսում, հարց ու պատասխան, կռիվ ենք տալիս մի մտքի, կամ ինչ-որ մեկի ասած մի արտահայտության հետ և այլն:
3. Օրինակ ունենալով մեր Տեր Հիսուս Քրիստոսին, որն անապատում չարի փորձություններին պատասխանում էր Աստվածաշնչյան գրառումներով, պետք է մենք էլ վարժեցնենք և կրթենք մեր միտքը Սուրբ Գրային ճշմարտություններով՝ ներթափանցող հուսահատեցնող ու չար մտքերի դեմ զորավոր պատասխան ունենալու համար: Բացասական ու չար մտքերը կարող են անմիջապես և վերջնականորեն հեռանալ մեզանից, երբ հերքում կստանան Սուրբ Գրային հակափաստարկներով:
Վերոնշյալ կետերի շուրջ ծավալվեց զրույց-քննարկում: Հոգևորականներն առիթ ունեցան իրենց փորձառությունով կիսվելու և վկայություններ բերելու անձնական ապրումներից:
Խորհրդածությունն ամփոփվեց Գերաշնորհ Խաժակ Սրբազանի օրհնության խոսքով: Սրբազան Հայրն իր գնահատանքը և ուրախությունն արտահայտեց Հոգեշնորհ Հայր Մեսրոպի՝ բովանդակալից և ուսուցողական զեկույցի, ինչպես նաև հոգևորականաց՝ իրենց անձնական փորձառությունները անկեղծ և անմիջական ձևով մեկը մյուսի հետ կիսելու և արտահայտելու համար: Երեկոն ավարտվեց Հոգեշնորհ Հայր Զատիկ Վրդ․ Ավետիքյանի սրտաբուխ աղոթքով: