Նոյեմբերի 13–15-ը, Նորին Ամենապատվություն Տ. Սահակ Բ. Պատրիարքի օրհնությամբ և Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքության նախաձեռնությամբ, Ստամբուլում տեղի ունեցան Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի քահանայական ձեռնադրության 50-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները։ Միջոցառումներին որպես Նորին Սրբություն Տ. Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ մասնակցեց Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։
Հոբելյանական եռօրյա տոնակատարությունների ծրագիրը ներառում էր մշակութային հանդիսություն, հանդիսավոր ընթրիք և գոհաբանական Սուրբ Պատարագ՝ ի պատիվ Արամ Սրբազանի քահանայական ծառայության հիսունամյակի։ Եռօրյա միջոցառումների պատվավոր հյուրն էր Նորին Սրբություն Բարդուղիմեոս Ա. Տիեզերական Պատրիարքը։
Արամ Սրբազանի քահանայական ձեռնադրության ոսկե հոբելյանին նվիրված եռօրյա տոնակատարությունները մեկնարկեցին նոյեմբերի 13-ին՝ Գումգափուի Ս. Որդվոց Որոտման եկեղեցու Մեսրոպ Բ. Պատրիարք Մշակույթի կենտրոնում կազմակերպված մշակութային հանդիսությամբ։
Նոյեմբերի 14-ի՝ շաբաթ օրվա երեկոյան, Գումգափուի Աթոռանիստ Մայր եկեղեցու Հարյություն Ամիրա Պեզճյան սրահում տեղի ունեցավ հոբելյանին նվիրված հանդիսավոր ընթրիք։
Երեկոյի ընթացքում շնորհավորանքի խոսքով հանդես եկավ նաև Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։ Դիմելով Արամ Սրբազանին՝ նա ընդգծեց, որ վերջինս իր համար ոչ միայն եկեղեցական եղբայր է, այլև երկար տարիների ճանապարհակից։ Վերհիշելով իրենց համատեղ անցած ուղին՝ Խաժակ Սրբազանն անդրադարձավ Սուրբ Խաչ դպրեվանքի, ինչպես նաև Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանի և ընծայարանի ուսումնառության տարիներին ու այդ շրջանում ձեռք բերած հոգևոր փորձառությանը։
Առանձնահատուկ հուզումով նա հիշեց նաև Արամ Սրբազանի քահանայական ձեռնադրության օրը, երբ երջանկահիշատակ Շնորհք Պատրիարքը նրան և հանգուցյալ Հայր Մանուելին քահանա ձեռնադրեց, իսկ ինքը Սուրբ Պատարագի պատարագիչն էր։ Խաժակ Սրբազանը այդ հիշատակը բնորոշեց որպես իր կյանքի ամենալուսավոր պահերից մեկը։
Անդրադառնալով հոբելյարի հիսունամյա ծառայությանը՝ նա մեջբերեց Պողոս առաքյալի խոսքերը. «Բարի պատերազմը պատերազմեցի, ընթացքն ավարտեցի, հավատը պահեցի»։ Նա ընդգծեց Արամ Սրբազանի հավատարմությունն Աստծո կոչմանը, Եկեղեցուն և ժողովրդին։ Իր խոսքի ավարտին Խաժակ արքեպիսկոպոսը եղբայրական սիրով շնորհավորեց հոբելյարին՝ մաղթելով քաջառողջություն, երկար կյանք և եկեղեցական ծառայության շարունակական օրհնություն։
Նոյեմբերի 15-ին՝ կիրակի օրը, Կոստանդնուպոլսի Ս. Աստվածածին Աթոռանիստ Մայր եկեղեցում մատուցվեց գոհաբանական Սուրբ Պատարագ՝ նվիրված Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի քահանայական ձեռնադրության 50-ամյակին։ Պատարագիչն էր Արամ Սրբազանը, իսկ արարողությունը նախագահում էր Նորին Ամենապատվություն Տ. Սահակ Բ. Պատրիարքը։
Սուրբ Պատարագի ընթացքում, նախքան Տերունական աղոթքը, ընթերցվեց Նորին Սրբություն Տ. Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական կոնդակը, որով Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն արժանացել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Ղևոնդյանց քահանայից շքանշանին՝ ի գնահատություն նրա երկարամյա եկեղեցանվեր ծառայության։
Կոնդակն ընթերցեց Տ. Գրիգոր Ա. Թամատյան քահանան, որից հետո այն հոբելյարին հանձնեց Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։ Այնուհետև Խաժակ Սրբազանը, Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունից, շքանշանն ամրացրեց Արամ Սրբազանի լամբակին։