ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ
ԱՐԵՎՄՏՅԱՆ Եվրոպայի Հայրապետական Պատվիրակություն

ԱՄՆ-ի Ս․ Ներսես ճեմարանում հարգանքի տուրք մատուցվեց Տ. Խաժակ Արք․ Պարսամյանին

Հայ Առաքելական Եկեղեցու հյուսիսային Ամերիկայի Սուրբ Ներսես հոգևոր ճեմարանը, որը գտնվում է Նյու Յորք նահանգի Արմոնք քաղաքում, հոկտեմբերի 3-ին՝ շաբաթ օրը, հանդիսավոր միջոցառում կազմակերպեց՝ հարգանքի տուրք է մատուցելու Տ. Խաժակ Արք․ Պարսամյանին՝ Արևելյան Թեմի նախկին առաջնորդին, ներկայումս՝ Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակին և Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչին Սուրբ Աթոռում։

Երեկոյի ընթացքում արժևորվեցին Խաժակ Սրբազանի հեռատես առաջնորդությունն ու ճեմարանի՝ Արմոնքում նոր համալիր ունենալու գործում նրա վճռորոշ ավանդը։ Միաժամանակ նշվեցին համալիրի և Գարեգին Ա. Ամենայն Հայոց Վեհափառի անվան նվիրված Աստվածաբանական կենտրոնի բացման և Սուրբ Հակոբ մատուռի օծման տասնամյակը։

Իր առաջնորդության տարիներին Խաժակ Սրբազանը գիտակցում էր, որ Սուրբ Ներսես ճեմարանի զարգացմանն ուղղված ներդրումը Հայ Եկեղեցու ապագայի հանդեպ ներդրում է։ Նրա տեսլականի և հետևողական ջանքերի շնորհիվ ճեմարանը տեղափոխվեց Արմոնք և շարունակեց զարգանալ որպես հաստատություն, որտեղ ապագա հոգևորականներն ու աշխարհական առաջնորդները կարող են կրթություն ստանալ, զորանալ հավատքով և պատրաստվել ծառայելու Հայ Եկեղեցուն ու նրա ժողովրդին՝ գալիք սերունդների համար։

Ճեմարանի տարածքում՝ գեղեցիկ վրանածածկի ներքո կազմակերպված ընդունելությունից և ընթրիքից հետո, ճեմարանի տեսուչ Տեր Մարտիրոս Քհն․ Չէվեանը ողջունեց ներկաներին և իր երախտագիտությունը հայտնեց հովանավորներին։ Հյուրերի թվում էին Ամերիկայի Արևելյան Թեմի առաջնորդ և ճեմարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տ. Մեսրոպ Եպս․ Պարսամյանը, հոգևորականներ, ճեմարանականներ, հոգաբարձուների խորհրդի անդամներ, դասախոսներ և աշխատակիցներ։ Տեր Մարտիրոսը նաև հիշատակեց այն հոգևորականներին, որոնք չէին կարողացել ներկա գտնվել, սակայն իրենց հարգանքն էին փոխանցել Խաժակ Սրբազանին՝ իրենց ձեռնադրող եպիսկոպոսին։

«Արդեն 65 տարի է, ինչ Սուրբ Ներսես ճեմարանը ծառայում է մեր Եկեղեցու երեք թեմերին, կրթում ուսանողներին և ամառային համաժողովներ կազմակերպում՝ եկեղեցական առաջնորդների հաջորդ սերնդին պատրաստելու համար։ Սակայն առանց Խաժակ Սրբազանի առաջնորդության՝ այսօր մենք այստեղ չէինք լինի»,— ընդգծեց Տեր Մարտիրոսը։

Այնուհետև ներկաներին իր խոսքն ուղղեց Մեսրոպ Սրբազանը։

«Միայն տարիներ անց, երբ հետադարձ հայացք ենք նետում անցած 65 տարիներին, կարողանում ենք լիովին գնահատել այն ամենը, ինչին հասել ենք հավատքի միջոցով։ Խաժակ Սրբազանը Սուրբ Ներսես ճեմարանը պահեց ուշադրության կենտրոնում և նպաստեց, որ այն տեղափոխվի իր նոր ու բացառիկ վայրը՝ այստեղ՝ Նյու Յորքի Արմոնք քաղաքում։ Այս տեսլականը շարունակում է զարգանալ, և մենք շնորհակալություն ենք հայտնում Ձեզ՝ մի Պարսամյանից մյուսին»,— ասաց Մեսրոպ Սրբազանը։