ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ
ԱՐԵՎՄՏՅԱՆ Եվրոպայի Հայրապետական Պատվիրակություն

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲԵԼԳԻԱՅԻ ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ԵՐԻՏԱՍԱՐԴԱՑ ՄԻՈՒԹՅՈՒՆԻՑ

Դինանտի ուխտագնացությունից ընդամենը երեք շաբաթ անց՝ սեպտեմբերի 19-ին, Բելգիայի տարբեր հայ համայնքների երիտասարդները կրկին հավաքվեցին, այս անգամ՝ Անտվերպենում, Սուրբ Գրիգոր Նարեկացի Հայ Առաքելական եկեղեցու հարակից սրահում։ Բելգիայի Հայ Եկեղեցու Երիտասարդաց Միության (ՀԵԵՄ) կազմակերպած միջոցառմանը մասնակցեցին ավելի քան 90 երիտասարդներ, որ զգալիորեն գերազանցեց Դինանտի ուխտագնացության մասնակիցների թվին։ Մի քանի երիտասարդ ժամանել էր նաև Նիդերլանդներից։ Դիտել տեսանյութը 🎥

Երեկոյի ընթացքում երիտասարդները դիտեցին Վազգեն Սարգսյանի հիշատակին նվիրված «Վերջին սպարապետը» ֆիլմը, ապա շարունակեցին հյուրասիրությամբ, խաղերով և ազատ շփմամբ։

Ծրագրում տեղ գտավ նաև հայերենի բարբառներին և գրաբարին նվիրված հարցախաղ, որը խաղային և մատչելի ձևով թույլ տվեց անդրադառնալ հայոց լեզվի բազմազանությանը և ստուգել սեփական գիտելիքները։

ՀԵԵՄ-ի ներկայացուցիչները զրուցեցին մասնակիցների հետ՝ իմանալու նրանց տպավորություններն ու առաջարկները։ Արձագանքները դրական էին. երիտասարդները կարևորեցին ոչ միայն միջոցառման բովանդակությունը, այլև միմյանց հետ շփվելու, նոր ծանոթություններ հաստատելու և տարբեր համայնքների երիտասարդների միջև կապերն ամրապնդելու հնարավորությունը։

Ատենապետ Էդգար Թորոսյանի փոխանցմամբ՝ առաջիկա օրերին նախատեսվում է ՀԵԵՄ-ի հերթական հանդիպումը, որի ընթացքում կամփոփվեն վերջին միջոցառումների արդյունքները և կքննարկվեն առաջիկա ծրագրերը։