Վարդավառը միայն ժողովրդական ուրախության, ջրի ցողման կամ ամառային տոնախմբության օր չէ, այլ նախ և առաջ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Պայծառակերպության տոնն է՝ այն հրաշափառ իրադարձության հիշատակությունը, երբ Թաբոր լեռան վրա Քրիստոս Իր աստվածային փառքը հայտնեց Իր աշակերտներին՝ Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին։ Ավետարանը վկայում է. «Եվ պայծառակերպվեց նրանց առաջ, և Նրա երեսը արեգակի պես փայլեց, իսկ զգեստները լույսի պես սպիտակեցին» (Մատթեոս 17։2)։
Այս տեսիլքը պարզապես հրաշք չէր, այլ երկնային հայտնություն այն մասին, թե ով է իրականում Քրիստոսը. ոչ պարզապես մարգարե, ոչ միայն ուսուցիչ, այլ մարմնացած Աստծո Որդին՝ «լույս ի լույս, ճշմարիտ Աստված ի ճշմարիտ Աստծո»։ Թաբոր լեռան վրա աշակերտները տեսան այն փառքը, որը մշտապես բխում էր Որդուց, սակայն մի պահ ծածկված էր մարդկային բնության խոնարհության ներքո։
Ավետարանական այս իրադարձությունը նաև մեզ համար կենդանի հրավեր է։ Մեր օրերում, երբ մարդկային կյանքը լի է խավարով, տագնապով, բարոյական շփոթությամբ, պատերազմներով, անհավատությամբ և ինքնամոռաց ընթացքով, Պայծառակերպության տոնը մեզ կոչ է անում բարձրանալ Թաբոր, այսինքն՝ աղոթքի, ապաշխարության, հոգևոր արթնության և աստվածատեսության ճանապարհով վերագտնել Քրիստոսի լույսը։ Աշխարհն այսօր լույսի մեծ կարիք ունի, սակայն այդ լույսը չի գալիս ո՛չ քաղաքական ուժերից, ո՛չ մարդկային փառքից, այլ Քրիստոսից, Ով ասաց. «Ես եմ աշխարհի լույսը. ով Ինձ է հետևում, խավարի մեջ չի քայլի, այլ կունենա կյանքի լույսը» (Հովհաննես 8։12)։
Վարդավառի իրական խորհուրդը, հետևաբար, շատ ավելին է, քան միմյանց ջրով թրջելու արտաքին սովորույթը։ Ջուրն այստեղ խորհրդանշում է մաքրությունը, նորոգությունը, կյանքը և մկրտության շնորհը։ Սակայն եթե տոնի ներքին իմաստը չընկալենք, սովորույթը կարող է մնալ միայն արտաքին զվարճանք։ Եկեղեցին մեզ կոչ է անում արտաքին ուրախությունից անցնելու ներքին պայծառակերպության։ Ինչպես Թաբորի վրա հայտնվեց Քրիստոսի աստվածային փառքը, այնպես էլ յուրաքանչյուր քրիստոնյայի կոչումն է՝ Աստծո շնորհով պայծառակերպվել, սրբանալ և առաքինի կյանքով արտացոլել աստվածային լույսը։ Սուրբ Պողոս առաքյալն ասում է. «Եվ մենք բոլորս բաց երեսով տեսնելով Տիրոջ փառքը ինչպես հայելու մէջ, նույն պատկերով ենք նորոգվում փառքից փառք, որպես թե Տիրոջ Հոգով։» (Բ Կորնթացիներ 3։18)։
Հայ Եկեղեցու շարականները մեծ խորությամբ են արտահայտել այս խորհուրդը։ Պայծառակերպության շարականներում Քրիստոս ներկայացվում է որպես անստեղծ լույսի հայտնողը, Ով Թաբորի վրա փայլեց, որպեսզի աշակերտները չգայթակղվեն խաչի տեսարանից և հասկանան, որ չարչարանքի վերջը փառքի է հասցնում։ Մեր շարականագիր հայրերը մեզ սովորեցնում են, որ Թաբորի լույսը խաչից անբաժան է. պայծառակերպությունը նախապատրաստում է Գողգոթայիին, իսկ Գողգոթան բացում է հարության ու հավիտենական փառքի ճանապարհը։ Ուստի, այս տոնը մեզ սովորեցնում է, որ քրիստոնեական կյանքը բաղկացած է ոչ միայն փառքի պահերից, այլ նաև խաչակրությունից, հավատարմությունից և տոկունությունից։
Սուրբ Հովհան Ոսկեբերանը ուսուցանում է, որ Քրիստոս Իր փառքը հայտնեց աշակերտներին այնքան, որքան նրանք կարող էին կրել, որպեսզի զորացնի նրանց հավատքը։ Այս միտքը շատ արդիական է նաև այսօր. Աստված մեր կյանքում ևս Իր լույսը հայտնում է այնքան, որքան մեր հոգին պատրաստ է այն ընդունելու։ Երբ սիրտը մաքրվում է, աղոթքը խորանում է, հավատքը զորանում, մարդը սկսում է Աստծո ներկայությունը տեսնել նույնիսկ իր առօրյայում։
Սուրբ Գրիգոր Նարեկացին իր աղոթական շնչով մշտապես արտահայտում է ։ Նրա հոգևոր աշխարհը հիշեցնում է, որ ճշմարիտ պայծառակերպությունը նախ տեղի է ունենում մարդու սրտում։ Կարելի է արտաքուստ հավատացյալ երևալ, սակայն եթե ներաշխարհը չի լուսավորվել աստվածային շնորհով, մարդը դեռևս հեռու է Թաբորից։ Իսկ երբ Քրիստոսի լույսը դիպչում է հոգուն, փոխվում են մարդու միտքը, խոսքը, վարքն ու սերը։
Սուրբ Գրիգոր Տաթևացին ևս շեշտում է, որ Պայծառակերպությունը Քրիստոսի երկակի բնության՝ մարդկային և աստվածային, խորհրդի հայտնությունն էր։ Նրա մարդկությունը մշտապես տեսանելի էր, սակայն Թաբորի վրա փայլեց նաև Նրա աստվածության լույսը։ Այս ճշմարտությունը հաստատում է մեր ուղղափառ հավատքը և սովորեցնում, որ Քրիստոսին ճանաչելը պարզապես պատմական անձի մասին գիտելիք ունենալ չէ, այլ կենդանի Աստծուն ճանաչել, ընդունել և երկրպագել։
Որպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակներ՝ այսօր առավել քան երբևէ կոչված ենք խորությամբ ապրելու Վարդավառի խորհուրդը։ Մեր ժողովուրդը շարունակում է կրել պատերազմի, կորուստների, արտագաղթի և հոգևոր նահանջի ծանր հետևանքները։ Այս պայմաններում Թաբորի լույսը մեզ համար պարզապես անցյալի հիշատակ չէ, այլ կենդանի մխիթարություն և հույս։ Քրիստոս այսօր էլ շարունակում է պայծառակերպվել Իր Եկեղեցու կյանքում, սուրբ խորհուրդներում, Աստվածաշնչի խոսքում, սրբերի վկայության մեջ և յուրաքանչյուր հավատացյալի սրտում, ով բացում է իր հոգին Նրա առաջ։
Ուստի այս տոնի առիթով ինքներս մեզ հարց տանք. արդյո՞ք մեր կյանքն արտացոլում է Քրիստոսի լույսը։ Արդյո՞ք մեր ընտանիքները փոքր Թաբորներ են, որտեղ բնակվում են աղոթքը, սերը, ներողամտությունը և հավատքը։ Արդյո՞ք մեր երիտասարդները Եկեղեցու մեջ տեսնում են միայն ավանդույթ, թե նաև կենդանի ճանապարհ դեպի Քրիստոս։ Արդյո՞ք մենք թույլ ենք տալիս, որ Աստծո շնորհը մեզ փոխի, մաքրի և նորոգի։
Վարդավառի ճշմարիտ տոնակատարությունը, հետևաբար, սա է՝ բարձրանալ Քրիստոսի հետ, տեսնել Նրա լույսը, լսել Հոր ձայնը. «Սա է Իմ սիրելի Որդին, Որում հաճեցա, Նրան լսեցե՛ք» (Մատթեոս 17։5), ապա իջնել լեռից նորոգված սրտով, որպեսզի աշխարհում լինենք լույսի, խաղաղության և սիրո վկաներ։
Թող Պայծառակերպված Տերը լուսավորի մեր մտքերը, մաքրի մեր սրտերը, զորացնի մեր հավատքը և մեզ արժանացնի Իր աստվածային լույսի մասնակիցը լինելու շնորհին։ Թող Վարդավառի այս սուրբ տոնը յուրաքանչյուրիս համար դառնա ոչ միայն ծիսական կամ տոնական արարողության օր, այլ ներքին նորոգության, ապաշխարության և հոգևոր վերափոխման շնորհալի առիթ։
Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյան