Օրը մեկնարկեց Սուրբ Պատարագով, որին մասնակցեցին շուրջ 150 հայ հավատացյալներ, իսկ կեսօրից հետո կատարվեցին խաչքարի օծում, դպրաց ձեռնադրություն և նորոգված եկեղեցու սրահի բացում:
—————
Կիրակի, սեպտեմբերի 13-ի առավոտյան Բելգիայի Լիեժ քաղաքի Ս․Խաչ Հայ առաքելական եկեղեցում կատարվեց Խաչվերացի տոնին նվիրված Սուրբ Պատարագ, որը մատուցեց հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ. Մաղաքիա աբեղա Բեսքիսիզյանը։ Դիտել տեսանյութը 📽
Սուրբ Պատարագի քարոզից հետո տեղի ունեցավ մատաղի մսի օրհնությունը։ Աստվածային Սուրբ Պատարագից հետո կազմակերպվեց Խաչվերացի ավանդական թափորը, որից հետո, Պահպանիչ աղոթքով, եկեղեցու գավթի առջև հավատացյալներին բաժանվեց օրհնված մատաղը։
Կեսօրից հետո Լիեժ ժամանեց Գերշ. Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը՝ կատարելու Լիեժի կաթոլիկ Ս. Ժիլ եկեղեցու պարտեզում տեղադրված խաչքարի օծման կարգը, ապա Ս․ Խաչ հայ եկեղեցում՝ դպրաց ձեռնադրությունը, ինչպես նաև մասնակցելու եկեղեցու նորոգված սրահի բացման հանդիսությանը և տոնական ճաշկերույթին։
Ս. Ժիլ եկեղեցու մուտքի մոտ Խաժակ Սրբազանին դիմավորեցին Լիեժի հոգևոր հովիվ Հայր Մաղաքիան, եկեղեցու ծառայողները, ինչպես նաև բարերար պարոն Մուշեղ Մուշեղյանը և նրա ընտանիքը, որոնց նախաձեռնությամբ խաչքարը կանգնեցվել էր՝ ի հիշատակ Հայոց անմահ նահատակների։
Խաչքարի բացման հանդիսությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Տիգրան Բալայանը, Լիեժի Կաթոլիկ Եկեղեցու առաջնորդ եպիսկոպոս Ժան-Պիեռ Դելվիլը, Սուրբ Խաչ եկեղեցու երգչախումբը և խորանի սպասավորները, ինչպես նաև բազմաթիվ հյուրեր ու հայրենակիցներ։
Խաչքարի օծումից հետո Սրբազան հայրը ուղղվեց դեպի Լիեժի Սուրբ Խաչ եկեղեցի՝ կատարելու Լիեժի և Գենկի Հայ Առաքելական եկեղեցիներում ծառայող չորս երիտասարդների դպրաց ձեռնադրությունը։ Արարողությանը ներկա էր նաև Անտվերպենի Սուրբ Գրիգոր Նարեկացի ծխի հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ. Տիրայր վարդապետ Հակոբյանը, ինչպես նաև խորանի սպասավորները։
Դպրության աստիճանը ստացան չորս երիտասարդներ՝ Արամ Հովհաննիսյանը, Արսեն Արամյանը, Հայկ Սարգսյանը և Վարդան Մկրտչյանը։ Ձեռնադրությունից հետո Սրբազան Հայրը իր շնորհավորանքները փոխանցեց նորընծա դպիրներին, ինչպես նաև իր գնահատանքն ու օրհնությունը հայտնեց հոգևոր հովիվ Հայր Մաղաքիային։
Ձեռնադրության արարողությունից հետո Սրբազան հայրը, հոգևոր հայրերը և եկեղեցու ծառայողները թափորով անցան եկեղեցու նորակառույց սրահ, որտեղ աղոթքով բացվեց նորոգված սրահը՝ ավանդական ժապավենի կտրման արարողությամբ։ Ժապավենը կտրեցին Սրբազան հայրը, Հոգեշնորհ Տ. Մաղաքիան և սրահի վերանորոգման աշխատանքներին մասնակցած Լիեժի հայ համայնքի զավակները։
Բացման հանդիսությունից հետո Սրբազան հայրը և բոլոր հավատացյալները համախմբվեցին ծխական խորհրդի անդամների և Տիկնանց Միության կողմից պատրաստված տոնական ընթրիքի սեղանի շուրջ, որտեղ տիրում էր ջերմ և ուրախ մթնոլորտ։