ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ
ԱՐԵՎՄՏՅԱՆ Եվրոպայի Հայրապետական Պատվիրակություն

Խաժակ Արք. Պարսամյանը մասնակցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսի Վատիկանյան այցի միջոցառումներին

Մայիսի 18-ին Նորին Սրբություն Արամ Ա-ն հանդիպում է ունեցել Նորին Սրբություն Հռոմի Պապ Լևոն XIV-ի հետ։ Սա Կիլիկիոյ Հայոց Կաթողիկոսի առաջին պաշտոնական այցն էր նորընտիր Քահանայապետին։

Նորին Սրբություն Արամ Ա-ն Հռոմ էր ժամանել մայիսի 17-ին։ Ֆյումիչինո օդանավակայանում նրան դիմավորողների թվում էր նաև Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսության ներկայացուցիչ Գերաշնորհ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը՝ իր ներկայությամբ վերահաստատելով Հայ Առաքելական Եկեղեցու երկու կաթողիկոսությունների միջև տիրող միասնականության, փոխադարձ հարգանքի և համագործակցության ոգին։

Մայիսի 18-ի երեկոյան, Քրիստոնեական միասնության խթանման բաժնի ղեկավար Նորին Վսեմություն կարդինալ Կուրտ Կոխի հրավերով, արքեպիսկոպոս Պարսամյանը մասնակցել է Նորին Սրբություն Արամ Ա-ի պատվին կազմակերպված պաշտոնական ընթրիքին։ Հանդիպումն ընդգծել է Սուրբ Աթոռի և Հայ Առաքելական Եկեղեցու միջև առկա ջերմ հարաբերություններն ու էկումենիկ երկխոսության շարունակական զարգացումը։

Մայիսի 19-ին, Քահանայապետական Արևելյան ինստիտուտում, որը գործում է Քահանայապետական Գրիգորյան համալսարանի կազմում, Նորին Սրբություն Արամ Ա-ն հանդես է եկել հրապարակային դասախոսությամբ՝ նվիրված Մերձավոր Արևելքի եկեղեցիների առջև ծառացած մարտահրավերներին։ Համալսարանի ռեկտորի հրավերով դասախոսությանը և դրան հաջորդած ճաշին մասնակցել է նաև արքեպիսկոպոս Պարսամյանը։

Այցի շրջանակում Գերաշնորհ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը մասնակցել է նաև Դոմուս Սանտա Մարտայում Նորին Սրբություն Արամ Ա-ի կողմից կազմակերպված ընթրիքին, որը ևս առիթ է դարձել եղբայրական շփումների և մտքերի փոխանակման համար։

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ի այցը Հռոմ կարևոր վկայություն է Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների միջև գոյություն ունեցող պատմական ու եղբայրական կապերի։ Իսկ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի մասնակցությունը այցի մի շարք միջոցառումներին ևս մեկ անգամ ընդգծեց Սուրբ Աթոռում հայկական եկեղեցական ներկայացուցչության կարևորությունը և միջեկեղեցական երկխոսության, բարեկամության ու համագործակցության նկատմամբ շարունակական հանձնառությունը։