ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ
ԱՐԵՎՄՏՅԱՆ Եվրոպայի Հայրապետական Պատվիրակություն

Լիբանանի համար աղոթքի օրը Վատիկանում

Լիբանանի համար աղոթքի օրը Վատիկանում

Երեկ՝ հուլիսի 1-ի առավոտյան Վատիկանում կայացավ Լիբանանին նվիրված միջեկեղեցական աղոթքի օրը։

Նա մեկնարկեց Սրբազան Քահանայապետի ողջույնի խոսքով «Սանտա Մարտա» կացարանի մոտ համախմբված Լիբանանի քրիստոնյա հոգևոր պետերին և պատվիրակությունների անդամներին, որից հետո Ֆրանցիսկոս Պապի գլխավորությամբ թափորը քայլեց դեպի Սբ․ Պետրոսի տաճար։

Նորին Սրբությանը ընկերակցում էին Անտիոքի Մարոնիտ Պատրիարք կարդինալ Բեչարա Բուտրոս Ռաայը, Անտիոքի և Համայն Արևելքի Հույն Ուղղափառ Պատրիարք Հովհաննես Ժ Յազիջին, Անտիոքի Ասորի Ուղղափառ Պատրիարք Իգնատիոս Եփրեմ Բ-ն, Մեծի Տանն Կիլիկիո Ն․Ս․Օ․Տ․Տ․ Արամ Ա Կաթողիկոսը, Անտիոքի ասորի կաթոլիկ Պատրիարք Իգնատիուս Հովսեփ Գ-ն, հույն-մելքիտների Անտիոքի Պատրիարք Հովսեփ Աբսին, Սիրիայի և Լիբանանի Ավետարանական համայնքների գերագույն ժողովի նախագահ Ժոսեֆ Քասաբը և քաղդեացիների Բեյրութի եպիսկոպոս Միշել Կասարջին:

Աղոթքի դռնից ներս մտնելով, բոլորը ուղղվեցին դեպի Սբ․ Պետրոս առաքյալի դամբանը, որ զետեղված է Սբ․ Պետթոսի կենտրոնական խորանի տակ։ Այստեղ արաբերեն արտասանվեց  Հայր մեր աղօթքը, որից հետո բոլոր ներկաները աղերսեցին Աստծուն՝ ամեն մեկը իր ավանդության համաձայն՝ հայցելով խաղաղություն Լիբանանի համար: Ապա, աստիժաններով իջնելով դեպի Սբ․ Պետրոսի գերեզմանը՝ Ֆրանցիսկոս Պապը և պատրիարքները մոմեր վառեցին առաքյալի շարիմի առջև:

 

Այնուհետև Հռոմի Պապը և Լիբանանի հոգևոր պետերը տեղափոխվեցին Առաքելական պալատ՝ մասնակցելու դռնփակ խորհրդակցությունների երեք նիստերի։

Աղոթքի օրվա միջոցառումներին մասնակից դարձան նաև Սուրբ Աթոռի Արևելյան Եկեղեցիների ժողովի պրեֆեկտ կարդինալ Լեոնարդո Սանդրին, Քրիստոնեական միասնության խթանման քահանայապետական խորհուրդի նախագահ կարդինալ Կուրտ Կոխը, Լիբանանում առաքելական նվիրակ արքեպիսկոպոս ժոզեֆ Սպիտերին և Սուրբ Աթոռի պետությունների հետ կապերի քարտուղար արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալագերը:

Այս նշանակալից օրն ավարտվեց  երեկոյան միջեկեղեցական արարողությամբ Սբ․ Պետրոսի տաճարում, որին մասնակցեց նաև  Սուրբ Աթոռում Հայ Եկեղեցու ներկայացուցիչ՝ Տ․ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։

Վատիկանի տաճարի գմբեթի տակ Սուրբ Գրքի որոշ հատվածների հետ միասին հնցեցին տարբեր քրիստոնյա ծիսական ավանդությունների աղոթքներ և հոգևոր երգեր՝ արաբերեն, սիրերեն, հայերեն և քաղդեերեն լեզուներով։

Այնուհետ մի քանի երիտասարդներ, որպես  հույսի խորհրդանիշ, մերձարևելյան երկրի խաղաղության համար հանձնառու հոգևոր պետերին փոխանցեցին վառված ճրագներ, որ հետո տեղադրվեցին աշտանակի վրա։

Լիբանանին նվիրված աղոթքի և խորհրդածությունների օրը եզրափակեց Ֆրանցիսկոս Պապի բազմաբովանդակ և զորեղ պատգամը, որում Սրբազան Քահանայապետը հարցաքննում է նրանց խիղճը, ովքեր մինչ օրս փորձում են մարել բարի պտուղներով մշտապես բերրի, սակայն տարիներ շարունակ քաղաքական և տնտեսական ծանր ճգնաժամից տառապող այս երկրի հույսի լույսը:

«Մարդկանց միջև հարաբերությունները չեն կարող հիմնված լինել անձնական շահերի, արտոնությունների և ձեռքբերումների որոնման վրա», – շեշտեց  իր պատգամում Հռոմի Պապը:

Սրբազան Քահանայապետը ուղենշեց դեպի ապագա տանող միակ ճանապարհը՝ խաղաղությունը։ Մենք ՝ քրիստոնյաներս, կոչված ենք լինել խաղաղության սերմնարանները և եղբայրության արհեստավորները և ոչ թե ապրել անցյալի հանդեպ քինախնդրությամբ ու զղջանքով, կամ խուսափել ներկայի պարտականություններից․ պետք է հույսով լի հայացք նետենք դեպի ապագա:

«Ուստի երաշխավորե՛նք մեր մահմեդական և այլ դավանանքների եղբայրներին և քույրերին մեր պատրաստակամությունը համագործակցելու՝ եղբայրություն հաստատելու և խաղաղությանը նպաստելու համար», – խրախուսեց Հռոմի Պապը:

Իր խոսքի վերջում Սրբազան Քահանայապետը հույս հայտնեց, որ այս հավաքը կլինի առաջինը մի շարք կոնկրետ նախաձեռնությունների՝ «երկխոսության, կրթական նվիրվածության և սրտակցության ներքո»:

Pin It on Pinterest