Ինչպես հաղորդեց Բելգիայի Հայ Եկեղեցու Երիտասարդաց Միության (ՀԵԵՄ) ատենապետ Էդգար Թորոսյանը, օգոստոսի 29-ին Բելգիայի տարբեր համայնքների շուրջ 53 երիտասարդներ մասնակցեցին դեպի Դինանտ կազմակերպված ուխտագնացությանը՝ Հայրապետական պատվիրակ Գերշ. Տ. Խաժակ Արք. Պարսամյանի և Բելգիայի հայ հոգևոր հովիվների օրհնությամբ։
Ուխտագնացությունը կազմակերպվել էր Բելգիայի ՀԵԵՄ-ի Գործադիր կոմիտեի նախաձեռնությամբ և ջանքերով, որը կազմված է Բրյուսելի, Անտվերպենի, Լիեժի և Մեխելենի համայնքները ներկայացնող երեքական անդամներից, ինչպես նաև մեկ փորձառու հայ համայնքային ներկայացուցչից։
Ուխտագնացությանը մասնակցում էին երիտասարդներ Անտվերպենից, Մեխելենից, Լիեժից, Բրյուսելից և Բելգիայի այլ համայնքներից։ Հատկանշական էր նաև այն համայնքների երիտասարդների մասնակցությունը, որտեղ Հայ Առաքելական Եկեղեցու մշտական հոգևոր ծառայություն դեռևս չի իրականացվում։
Առաջին հանգրվանը Դինանտի Մարիամ Աստվածածնի եկեղեցին էր, որտեղ երիտասարդները միասնական աղոթք բարձրացրին և անդրադարձան ուխտագնացության հոգևոր խորհրդին։ Հանդիպման ընթացքում խոսվեց նաև Բելգիայի Հայ Եկեղեցու Երիտասարդաց Միության գործունեության, երիտասարդների համախմբման և եկեղեցական կյանքում նրանց ակտիվ մասնակցության կարևորության մասին։
Ուխտագնացության ընթացքում երիտասարդները այցելեցին նաև Դինանտի միջնաբերդը, միասին քայլեցին, զրուցեցին, երգեցին և աղոթեցին։ Օրվա հոգևոր խորհրդածության առանցքում Ավետարանի ընթերցումն ու Երանիների շուրջ անդրադարձն էր՝ փորձելով դրանց պատգամը կապել երիտասարդների առօրյա կյանքի և քրիստոնեական կոչման հետ։
Օրվա ընթացքում կազմակերպվեցին նաև բաց քննարկումներ, որոնց ընթացքում երիտասարդները հնարավորություն ունեցան ազատորեն արտահայտելու իրենց տեսակետները Եկեղեցու, քրիստոնեական հավատքի և քրիստոնյա լինելու մասին՝ կիսվելով իրենց մտքերով, հարցերով և փորձառություններով։
Հանդիպումը եզրափակվեց ուրախ և ընկերական մթնոլորտում կազմակերպված հարցախաղով, որի հաղթողներին հանձնվեցին մրցանակներ։
Էդգար Թորոսյանի փոխանցմամբ՝ ուխտագնացության մասնակիցների առաջին արձագանքները շատ դրական էին․ երիտասարդները գոհունակությամբ և ուրախությամբ են գնահատել միասին անցկացրած օրը։ Նախատեսվում է առաջիկայում ևս նման նախաձեռնություններ կազմակերպել՝ շարունակելով համախմբել Բելգիայի հայ երիտասարդներին և նրանց առավել ակտիվորեն ներգրավել Հայ Եկեղեցու կյանքում։
Առաջիկայում Բելգիայի ՀԵԵՄ-ը նախատեսում է նաև իր հերթական հանդիպումը, որի ընթացքում երիտասարդները կանդրադառնան իրականացված ծրագրի արդյունքներին, կքննարկեն նկատված առավելություններն ու թերությունները և միասին կձևավորեն առաջիկա նախաձեռնությունների օրակարգը։