Հունվարի 18-ին, կիրակի օրը, Միլանում՝ Սեբաստիո Սուրբ Քառասուն Մանկանց Հայ Առաքելական եկեղեցում, տեղի ունեցավ Քրիստոնյաների միասնության համար աղոթքի շաբաթվա բացման միջեկեղեցական արարողությունը։ Արարողությանը ներկա էր Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսության ներկայացուցիչ և Արևմտյան Եվրոպայում հայրապետական պատվիրակ Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը։
Սրբազան Հոր հետ արարողությանը համանախագահեցին Կաթոլիկ Եկեղեցուց՝ Միլանի թեմի հոգևոր առաջնորդի փոխանորդ Հայր Լուկա Բրեսսանը, Ռումինական Ուղղափառ Եկեղեցու հոգևոր հովիվ և Միլանի Եկեղեցիների խորհրդի նախագահ Հայր Տրայան Վալդմանը, ինչպես նաև Միլանի Քրիստոնեական և Ավետարանական բապտիստական Եկեղեցու պաստոր Անտոնելլա Սկուդերին։
Այս հանդիսավոր և հոգեթով արարողությանը զգալի էր հայ համայնքի, ինչպես նաև տարբեր քրիստոնյա եկեղեցիների հավատացյալների մասնակցությունը, որը միջոցառմանը հաղորդում էր միասնության և եղբայրական համերաշխության մթնոլորտ։
Հիշեցնենք, որ այս տարվա Քրիստոնյաների միասնության համար աղոթքի շաբաթի թեման ընտրված է Եփեսացիներին ուղղված Սուրբ Պողոս առաքյալի թղթից՝ «Մեկ մարմին և մեկ հոգի, ինչպես որ մեկ է հույսը, որին կանչված եք» (Եփես. 4, 4)։ Աղոթագրքի տեքստերը պատրաստվել են Հայ Առաքելական Եկեղեցու Արևագալի ժամերգության հիման վրա՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական բաժնի գործուն մասնակցությամբ։
Իր քարոզում Սրբազան Հայրը կարևորեց Քրիստոսի Լույսը ընդունելու և այն աշխարհին փոխանցելու առաքելությունը՝ հատկապես արդի լարված հասարակական և վտանգավոր պատմաքաղաքական ժամանակաշրջանում։ Նրա պատգամի առանցքային միտքն էր․
«Աստուծո լույսը մեկն է, բայց այն տարածվում է բազմաթիվ ճառագայթների միջոցով»։
Այս խոսքերը խոր արձագանք գտան ներկաների սրտերում և մտքերում։