ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ
ԱՐԵՎՄՏՅԱՆ Եվրոպայի Հայրապետական Պատվիրակություն

Մաստրիխտի «Սուրբ Կարապետ» եկեղեցու հիմնադրման իններորդ տարեդարձը

Կիրակի օրը՝ փետրվարի 6-ին, Մաստրիխտի «Սուրբ Կարապետ» եկեղեցու հիմնադրման իններորդ տարեդարձի պանծալի առիթով՝ եկեղեցում տոնական մթնոլորտ էր տիրում: Եկեղեցին բազմամարդ էր։
Պատարագից առաջ Սուրբ Կարապետ եկեղեցու երջանկահիշատակ և վաղամեռիկ նվիրյալ՝ Պերճ Սարկավագ Ասատուրյանի ծնողները եկեղեցուն նվիրեցին խորհրդանշական «Ճաշու ավետարան», որն օրհնվեց Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ՝ Գերաշնորհ Տ. Խաժակ Արք. Պարսամյանի ձեռամբ, ապա Գերաշնորհ Սրբազան Հայրը մատուցեց օրվա սուրբ պատարագը՝ առընթերակայությամբ Հոգեշնորհ Տ. Մաղաքիա Աբեղա Պեսքիսիզյանի:

Պատարագից հետո եկեղեցու օծման 9-րդ տարեդարձի առիթով մատաղ օրհնվեց, իսկ Ս. Կարապետ եկեղեցու ատենապետ՝ Լևոն Սարգիսը պատվոգիր և շնորհակալագրեր հանձնեց եկեղեցու անխոնջ նվիրյալներ՝ Տիար Արմեն Սարգիսին, խաչքավոր՝ Տիար Մաքսիմ Բոստանյանին և Տիար Հարություն Մանուկյանին՝ եկեղեցուն մատուցած իրենց բազմաթիվ ու անմոռանալի ծառայությունների համար:

Պատվոգրերի և շնորհակալագրերի հանձումից հետո, եկեղեցու սրահում տեղի ունեցավ սիրո ճաշ: Գերաշնորհ Սրբազանի օրհնությամբ ներկաները ճաշակեցին մատուցված մատաղը: Ջերմ ու գեղեցիկ մթնոլորտ էր՝ համեմված երգեցողությամբ, ասմունքով ու բարեմաղթանքներով։ Ճաշկերույթի վերջում Ս. Կարապետ եկեղեցու ատենապետ՝ Տիար Լևոն Սարգիսը խոստացավ հաջորդ տարի՝ եկեղեցու հիմնադրման հոբելյանական տասներորդ տարին էլ ավելի հանդիսավոր նշել: Իր խոսքում նա հույս հայտնեց, որ հաջորդ տարի համավարակը վերջացած կլինի և Աստծո օրհնությամբ մեր սահմաններին և երկրում խաղաղություն կտիրի:

Ներկաները գոհ էին, գեղեցիկ, հիշարժան և որ ամենակարևորն է հայեցի և հոգեսնունդ օրվա համար, որում անուրանալի է Ս. Կարապետ եկեղեցու ծխական խորհրդի անդամների վաստակը՝ ատենապետ Տիար Լևոն Սարգիսի գլխավորությամբ: