ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ
ԱՐԵՎՄՏՅԱՆ Եվրոպայի Հայրապետական Պատվիրակություն

Հովվական այց Ամերսֆորտ և Ամստերդամ

Շաբաթ օրը՝ հունվարի 21-ին, տեղի ունեցավ Սուրբ և Անմահ Պատարագ Ամստերդամից մոտ 50 կմ հեռավորության վրա գտնվող Ամերսֆորտ քաղաքում՝ նախաձեռնությամբ Ամստերդամի «Սուրբ Հոգի» եկեղեցու ծխական խորհրդի և հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Տարոն քահանա Թադևոսյանի, ինչպես նաև տեղի մի խումբ հայրենասեր հայորդիների։ Թեև Ամերսֆոորտի հայ բնակիչները Հոլանդիայում ամենավաղ հաստատված հայերն են և իրենց հաստատման առաջին իսկ օրվանից ունեցել են ակտիվ համայնք, այդուհանդերձ տասնյակ տարիներ այս քաղաքում Պատարագներ չէին մատուցվել։ Արարողությունը հանդիսապետեց Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։
Սրբազան Հայրն իր քարոզում խոսեց հույսի ու միասնության մասին։ Նա շեշտեց, որ Եկեղեցու կատարյալ մաս լինելու համար պահանջվում է հավատք, հույս և սեր։ «Մեր պատմության ընթացքում մեր ժողովուրդը հաղթահարել է բազմաթիվ մարտահրավերներ՝ պահպանելով հույսն ու հավատքն առ Աստված։ Այսօր մենք էլ ունենք դժվարություններ. անհատական դժվարություններ, բայց նաև դժվարություններ համայնքային և ազգային կյանքում: Արցախը շրջափակման մեջ է. Բերձորի (Լաչին) միջանցքը փակ է։ Մարդիկ մնացել են առանց սննդի, դեղորայքի և անհրաժեշտ պարագաների։ Այդուհանդերձ հավատքն ու հույսը պահելով՝ հավատում եմ, որ մեր ժողովուրդը կհաղթահարի նաև այս դժվարությունները», – ասաց Սրբազանը։
Այնուհետև տեղի ունեցավ ընդունելություն, հընթացս որի ներկաները առիթն ունեցան ի մոտո զրուցելու Խաժակ Սրբազանի, Տեր Տարոնի, ինչպես նաև միմյանց հետ։
Հաջորդ օրը, կիրակի, հունվարի 22-ին, Խաժակ Սրբազանը նախագահեց Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցում մատուցված Սուրբ և Անմահ Պատարագը։
Իր քարոզի ընթացքում Սրբազանը Հայրը խոսեց Հիսուս Քրիստոսի՝ աշխարհը փրկելու առաքելության մասին։ «Մարդը ստեղծվել է Աստծո նմանությամբ և ազատ կամքով: Աստվածաշնչից գիտենք, որ մարդն ընտրել է չարը և այդպիսով հեռացել Աստծո նմանությունից: Հեռանալով Աստծուց՝ մենք կորցնում ենք կյանքի նպատակը, կորցնում ենք հավերժական կյանքի և ներքին խաղաղության շնորհները: Հիսուս Քրիստոսի առաքելությունն այն է, որ մենք վերականգնենք այս պարգևները և գտնենք փրկությունը: Երբ մեր մեջ և մեր համայնքում կա խաղաղություն, ներդաշնակություն և համագործակցություն, դա նշանակում է, որ մենք կարողացել ենք ըմբռնել և գիտակցել Աստծո շնորհը մեր կյանքում, և Աստված մեզ հետ է։ Առաքյալները, լինելով պարզ ձկնորսներ, աշխարհով մեկ տարածեցին և մարդկանց հոգիներին հասցրեցին հավիտենական կյանքի հույսն ու ներքին խաղաղությունը։ Սուրբ Սահակը, Մեսրոպը և Սուրբ Վարդանը նույն առաքելությունն են ունեցել։ Աստված ձեզ նույնպես հնարավորություն է տալիս իրականացնելու այդ նույն առաքելությունը, քանի որ ձեզանից յուրաքանչյուրը կարող է դա անել: Այս առաքելությունը յուրաքանչյուր հայ քրիստոնյայի առաքելությունն է։ Մասնավորապես, ծխական խորհրդի առաքելությունը»,- ասաց Սրբազան Հայրը:
Այնուհետև եկեղեցվո հոգևոր հովիվ Տեր Տարոնը Խաժակ Սրբազանին ներկայացրեց ծխական խորհրդի նոր վարչությանը և խնդրեց Սրբազան Հոր օրհնությունը։
Հավարտ Պատարագի Սրբազան Հայրը, Տեր Տարոնը և նորանշանակ վարչության անդամներն առանձնացան՝ խորհրդակցության համար։ Հանդիպման ընթացքում հստակեցվեց վարչության առաքելությունը և տեսլականը առաջիկա երկու տարվա համար։