ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ
ԱՐԵՎՄՏՅԱՆ Եվրոպայի Հայրապետական Պատվիրակություն

Ամստերդամի «Սուրբ Հոգի» եկեղեցու անվանակոչության տոնը

Ամստերդամի պատմական հայ առաքելական եկեղեցու անվանակոչության տոնը, որ նշվում է Հոգեգալստյան տոնին, այս տարի համընկավ Հայաստանի Առաջին հանրապետության հռչակման տոնին՝ Մայիս 28-ին: Այդ նշանակալից առիթով Ամստերդամ էր ժամանել Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Գերշ․ Տ․ Խաժակ Արքեպս․ Պարսամյանը։

Տոնական պատարագը մատուցեց համայնքի հոգևոր հովիվ Արժ. Տեր Տարոն քհն. Թադևոյանը: Օրվա պատգամը ներկաներին փոխանցեց Սրբազան Հայրը: Նա իր քարոզում, շնորհավորելով բոլորին «Սուրբ Հոգի» եկեղեցու անվանակոչության առիթով, պատգամեց հավատարիմ մնալ մեր առաքելությանը և հիշեցրեց, ոչ ինչպես առաքյալները Վերնատան մեջ Հոգեգալստյան օրը ստացան Սուրբ Հոգուց քրիստոնեությունը տարածելու առաքելությունը, այնպես այսօր ամեն մեկս, մկրտված լինելով եկեղեցու ավազանում, կրողն ենք հանդիսանում Սուրբ Հոգու շնորհների, որոնցից է նաև քահանայության շնորհը: Սրբազան Հայրը հիշեցրեց հավատացյալներին, որ բոլորն էլ ունեն քահանայական առաքելություն՝ տարածելու ու քարոզելու քրիստոնեական արժեքներն ամենուր՝ մեր ընտանիքներում, ընկերային շրջապատում, շփման բոլոր բնագավառներում:

Սրբազան Հայրը շնորհավորեց ներկաներին Հանրապետության տոնի առիթով՝ փոխանցելով նաև Վեհափառ Հոր պատգամը: Արձանագրելով, թե որքան դժվարին օրեր ենք ապրում Հայրենի մեր երկրում և Արցախում, Սրբազան Հայրը կարևորեց ազգային միաբանությունը իբրև գրավական հայրենի մեր պետության և արցախահայության առջև ծառացած դժվարությունների հաղթահարման:

Պատարագի ավարտից հետո Խաժակ Սրբազանը հանդիպում ունեցավ «Սուրբ Հոգի» եկեղեցու ծխական խորհրդի և հիմնադրամի վարչության անդամների հետ և ծանոթացավ վարչության ընթացիկ աշխատանքներին  և ապագա ծրագրերին:

Երեկոյան Խաժակ Սրբազանը հանդիպեց երիտասարդների հետ: Մոտ երկու ժամ տևած զրույցի ընթացքում Սրբազան Հայրը հոգևոր ծառայության իր հարուստ փորձառությամբ պատասխանեց երիտասարդներին հուզող  բոլոր հարցերին: