Բեյօղլուի Ս. Երրորդության հայակական եկեղեցում, 2025 թ. հոկտեմբերի 12-ին՝ կիրակի առավոտյան, Ս. Թարգմանչաց տոնի առիթով հանդիսություններին նախագահեց, Ս. Պատարագը մատուցեց և քարոզեց Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ և Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսության ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը։
Ներկա էին Սևծովյան Տնտեսական Համագործակցության Կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Նայիրի Պետրոսյանը, ինչպես նաև Բեյօղլուի եկեղեցու թաղային խորհուրդը։ Ս. Սեղանին ծառայեցին Բեյօղլուի եկեղեցու քարոզիչ՝ Հոգեշնորհ Տ. Հարություն վարդապետ Տամատյանը, երեց՝ Արժանապատիվ Տ. Գևորգ Ա. քահանա Չնարյանը և Ասողիկ դպրաց դասի անդամները։
Երգեցողությունները կատարվեցին Լուսավորիչ դպրաց դաս-երգչախմբի կողմից՝ Հակոբ Մամիկոնյանի ղեկավարությամբ և Սիրուն Սիրունյանի նվագակցությամբ։
Տերունական աղոթքից առաջ Տ. Հարություն վարդապետը ողջույնի խոսք ասաց և հայտնեց, որ Ն.Ա.Տ. Սահակ Բ. Պատրիարքը անխուսափելի պատճառներով բացակայում էր, քանի որ առավոտյան վախճանվել էր նրա հայրը՝ տիար Հակոբջան Մաշալը։ Հայր Սուրբը այս առիթով, ներկա վարչական, կրթական, մշակութային կառույցների և հավատացյալների անունից, իր ցավակցությունը հայտնեց Պատրիարքին։ Այնուհետև ներկայացրեց Տ. Խաժակ Արքեպիսկոպոսին և բարի գալուստ մաղթեց Սրբազանին՝ հրավիրելով փոխանցելու օրվա պատգամը։
Սրբազան Հայրը նախ և առաջ փոխանցեց Վեհափառ Հայրապետի օրհնությունները հավատացյալներին և շնորհակալություն հայտնեց Պատրիարքին՝ Ս. Պատարագ մատուցելու հրավերի և օրհնության համար։ Այնուհետև անդրադարձավ Բեյօղլուի եկեղեցուն և մասնավորապես Պոլսի հետ կապված իր հիշողություններին, որոնք անջնջելի են իր հոգևոր կյանքում։ Սրբազանը, դիմելով ներկա պատանիներին ու երիտասարդներին, հորդորեց սիրով կատարել այն գործը, որին կոչված են։
Այնուհետև նշեց․
«Հայ Եկեղեցու կարևորագույն տոներից՝ Սրբոց Թարգմանչաց Վարդապետներին նվիրված այս շաբաթավերջին, կրկին հիշում ենք Առակաց գրքի այն տողերը, որոնք հայերեն թարգմանվեցին՝ «ճանաչել իմաստությունն ու խրատը… հասկանալ ճշմարիտ արդարությունը և ուղղել իրավունքը»։
Երկնային իմաստությունն էր, որ առաջնորդեց Թարգմանիչ Վարդապետներին ընտրելու Սուրբ Գրքի այս խոսքերը, որովհետև նրանք գիտակցում էին՝ Աստծու խոսքը ժողովրդին փոխանցելու համար անհրաժեշտ էր գրերի գյուտը։ Սուրբ Գրքի հայերեն թարգմանված այս տողերը դարձան մեր ազգային ինքնության հիմքը։ Նրանք Ավետարանը դարձրին մեր ժողովրդի զարկերակը։ Թարգմանիչ Վարդապետները մեզ տվեցին ավելին, քան միայն տառեր․ նրանք մեզ շնորհեցին տեսնելու նոր հայացք։ Նրանք ստեղծեցին մեր պատմության Ոսկեդարը։ Այսօր մեզ համար Ոսկեդարը պարզապես կարոտ չէ, այլ պարտականություն՝ շարունակելու նրանց սկսած առաքելությունը ժամանակակից աշխարհում»։
Սրբազան Հայրը նաև հիշեցրեց, որ յուրաքանչյուր ժողովուրդ իր կյանքում ունի և՛ դժվարություններ, և՛ հաջողություններ։ Այդ պատճառով էլ նա ներկաներին հրավիրեց տեսնելու պոլսահայ համայնքի և ընդհանրապես հայ ժողովրդի արժեքները, որոնք գալիս են պատմությունից և շարունակում են ապրել մեր միջոցով։
Ս. Պատարագի ավարտին Սրբազանի նախագահությամբ կատարվեց կրթական մշակների օրհնության կարգ։ «Կենտրոնական», «Եսայան» և «Մխիթարյան» վարժարանների տնօրենները, ուսուցիչները և աշակերտները, ինչպես նաև «Լուսավորիչ» և «Ասողիկ» դպրաց դասերի անդամները, օրհնվեցին Սրբազանի ձեռամբ՝ «Որք զարդարեցին» շարականի երգեցողությամբ։ Այս առիթով հոգեհանգստյան աղոթքով հիշատակվեցին նաև վախճանված եպիսկոպոսներ, վարդապետներ, կրթական մշակներ և հայ գիրի ծառայողներ։ Նշվեց նաև Պոլսի Պատրիարքի հոր՝ տիար Հակոբջան Մաշալի հիշատակը։
Արարողությունն ավարտվեց «Պահպանիչ» աղոթքով, ապա Սրբազան Հայրը թափորով առաջնորդվեց խորհրդարան, որտեղ արարողությունը եզրափակվեց վերջին օրհնությամբ։