ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ
ԱՐԵՎՄՏՅԱՆ Եվրոպայի Հայրապետական Պատվիրակություն

Ս․ Գրիգոր Նարեկացու բրոնզե բարձրաքանդակի բացումը Ամստերդամում:

Մայիսի 10-ին, Ամստերդամի Ս․ Նիկողայոս Մայր տաճարում, տեղի ունեցավ Սուրբ Գրիգոր Նարեկացուն նվիրված բրոնզե բարձրաքանդակի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա գտնվեցին քաղաքի Ս․ Հոգի հայ առաքելական եկեղեցու ծխի անդամները, ինչպես նաև այլ Եկեղեցիների հոգևորականները և հավատացյալները։

Միջեկեղեցական արարողությանը մասնակցեցին և ներկաներին ուղերձով դիմեցին՝ Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ և Վատիկանում Հայ Եկեղեցու Ներկայացուցիչ Գերշ․ Տ․ Խաժակ Արք․ Պարսամյանը, Հաառլեմ-Ամստերդամի կաթոլիկ թեմի առաջնորդ Յան Հենդրիքս Եպիսկոպոսը, ինչպես նաև նախաձեռնության հեղինակներ՝ «Սուրբ Գրիգոր Նարեկացի Ամստերդամ» հիմնադրամի ղեկավար Վահան Ավագյանը և Համահայկական աշխարհագրական ընկերության նախագահ Ռաֆայել Հովհաննիսյանը և բարձրաքանդակի հեղինակ՝ քանդակագործ Դավիթ Երևանցին։

Խաժակ Սրբազանը իր խոսքում նշեց այդ արարողության խոր հուզական և հոգևոր նշանակությունը՝ այն համարելով հիշողության, հավատքի ու հույսի միավորող խորհրդանիշ։

Նա անդրադարձավ 2015 թվականի ապրիլի 12-ին Վատիկանում՝ Սուրբ Պետրոսի տաճարում տեղի ունեցած պատմական պահին, երբ Սրբազան Քահանայապետ Ֆրանկիսկոսը Սուրբ Գրիգոր Նարեկացուն հռչակեց Տիեզերական Եկեղեցու վարդապետ։ Այս ճանաչումը ընդգծեց Ս․ Գրիգոր Նարեկացու հոգևոր ժառանգության համամարդկային արժեքը և նրա կարողությունը՝ խոսելու բոլոր ժամանակների մարդկանց սրտերին՝ աղոթքի, կարեկցանքի և հավատքի լեզվով։

Սրբազան Հայրը Նարեկացուն բնութագրեց որպես «ձայն, որն հնչում է տառապանքի խորքից՝ վերածվելով աղոթքի և հույսի, հիշեցնելով, որ նրա գրած խոսքերը միայն մխիթարություն չեն, այլ կոչ են՝ ներողամտության, հոգևոր վերափոխման և նույնիսկ թշնամու հանդեպ ողորմության»։ Այդ պատգամը, Սրբազանի խոսքով, արդիական է համաշխարհային հակամարտություններով, բևեռացման և բաժանարար ոգով լի այսօրվա աշխարհում։

Նա մաղթեց, որ Նարեկացու աղոթքները առաջնորդեն և ոգեշնչեն այսօրվա քաղաքական ղեկավարներին՝ խաղաղություն հաստատելուն միտված, որպեսզի նրանք լսեն խաղաղության և հաշտեցման կոչը՝ ձգտելով ոչ միայն դադարեցնել հակամարտությունները, այլ նաև արմատախիլ անել այն ատելությունն ու բռնությունը, որոնք սնուցում են դրանք։

Ամփոփելով՝ Սրբազանը կոչ արեց, ընկալել այս հուշատախտակը ոչ որպես լոք հիշատակի նշան, այլ՝ որպես կենդանի խորհրդանիշ՝ հայ ժողովրդի հավատքի, տոկունության և հոգևոր աղոթքի ուժի։ «Թող այս սրբավայրը, հարստացած Ս․ Գրիգոր Նարեկացու ներկայությամբ, դառնա լույսի աղբյուր՝ խաղաղության, երկխոսության և համընդհանուր հույսի ճանապարհին»։

Ուղերձով հանդես եկավ նաև Հաառլեմ-Ամստերդամի կաթոլիկ թեմի առաջնորդ Յան Հենդրիքս Եպիսկոպոսը, որը նշեց.

«Մեծ պատիվ է ողջունել ձեզ Սուրբ Նիկողայոսի այս տաճարում՝ Ամստերդամի սրտում, որպեսզի միասնական հարգանքի տուրք մատուցելու հայոց մեծ սրբին՝ Գրիգոր Նարեկացի վանականին, որին մենք բոլորս խորը ակնածանքով ենք հիշատակում»։

Յան Հենդրիքս Եպիսկոպոսը ընդգծեց Ամստերդամի և հայ ժողովրդի միջև պատմական և մշակութային դարավոր կապերը՝ սկսած 17-րդ դարից։ Հիշեցվեց, որ 1666 թ․ Ամստերդամում է տպագրվել առաջին հայերեն Աստվածաշունչը, իսկ 1714 թվականին քաղաքային խորհուրդը հայերին տրամադրել է իրենց եկեղեցի կառուցելու իրավունք։

Վերջում կաթոլիկ հոգևորականը անդրադարձավ նաև Հայաստանի կրած դժվարություններին՝ ժամանակակից պատերազմներից մինչև Հայոց ցեղասպանությունը, նշելով, որ այն երբեք չպետք է մոռացվի։

«Սուրբ Գրիգոր Նարեկացու այս հուշարձանը թող լինի խաղաղության և հայ ժողովրդի ազատության համար մեր համատեղ աղոթքի խորհրդանիշ։ Ինձ համար մեծ պատիվ է այս հուշարձանը ընդունել մեր տաճարում և ձեզ ողջունել այս նշանակալի արարողության ընթացքում», – եզրափակեց նա։

Միջոցառումը ավարտվեց հավատացյալների համատեղ աղոթքով եւ տաճարում Նարեկացու բարձրաքանդակի առջև մոմեր վառելու արարողությամբ։