Անսահման ուրախությամբ և հպարտությամբ կիսվում ենք Մաստրիխտի հայ եկեղեցական համայնքի բարի լուրով․ 2025 թ. սեպտեմբերի 16-ին ստորագրվեց տեղի Սուրբ Կարապետ Հայ Առաքելական եկեղեցու գնման պայմանագիրը։ Սա հոլանդական Լիմբուրգ մարզի հայ համայնքի համար պատմական նշանակություն ունեցող նոր հանգրվան է։
Պաշտոնական ստորագրման արարողությանը հոգատարությամբ ու սրտի թրթիռով մասնակցեցին հայ համայնքի նախագահ և Սուրբ Կարապետ եկեղեցու ատենապետ Լևոն Սարգիսը, գլխավոր նոտար Անտուան Հյուենգես Վայերը՝ նոտար Վան Օսի ներկայությամբ։ Արարողակարգին ներկա էին նաև եկեղեցու ծխական խորհրդի ներկայացուցիչները, ինչպես նաև քահանա Ռենե Շոլսը՝ որպես նախագահ, և քարտուղար Էդվին Հաեսենը։
Այս պատմական նվաճումը կարծես ջրբաժան գիծ է անցյալի և ապագայի միջև․ մի կամուրջ, որը միավորում է հավատը, ավանդույթը և նոր նվաճումները։
Մաստրիխտի Սուրբ Կարապետ եկեղեցին, որն օծվել էր 2013 թ. հունվարի 26-ին Նորվան Արքեպիսկոպոս Զաքարյանի ձեռամբ, դարձել է հայ համայնքի համար հույսի ու միության լույսի նշան։ Սա Լիմբուրգի մարզի առաջին հայկական եկեղեցին է։
«Մեր սրտերը լի են երախտագիտությամբ առ Աստված՝ այս բացառիկ նվաճման համար։ Թող Սուրբ Կարապետ եկեղեցին լինի հավատքի, հույսի և սիրո աղբյուր՝ ոչ միայն մեր համայնքի, այլ նաև բոլոր նրանց համար, ովքեր փնտրում են խաղաղություն, սփոփանք և ներշնչանք։
Մեր խորին շնորհակալությունը հայտնում ենք բոլոր նրանց, ովքեր դարձրել են այս պատմական պահը հնարավոր՝ բարերարներին, եկեղեցական վարչություններին, Ռուրմոնդի եպիսկոպոսությանը, Ռոն վան դեն Հաութ եպիսկոպոսին, Արևմտյան Եվրոպայում Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանին, մեծարգո Ջոն Դաուցենբերգին, քահանա Ռենե Շոլսին և Անտուան Հյուենգես Վայերին՝ իրենց անփոխարինելի աջակցության ու վստահության համար։
Ուստի կոչ ենք անում բոլորին՝ միանալ մեզ Սուրբ Կարապետ եկեղեցին պահպանելու, ամրապնդելու և սերունդներին փոխանցելու մեծ գործին։ Թող այն մնա հայեցի սրբավայր, որտեղ հավատքը մշտապես ծաղկում է, սերը երբեք չի մարում, և հոգին գտնում է իր եդեմական հանգիստը», – ասվում է Սուրբ Կարապետ եկեղեցու ատենապետ Լևոն Սարգիսի հաղորդագրության մեջ։