Կիրակի, 8 հունիս 2025֊ին, Հոգեգալստյան տոնի և Եկեղեցու օծման և անվանակոչության 35-րդ տարեդարձի առիթով, Սուրբ Պատարագը մատուցեց Արևմտյան Եվրոպայում Հայրապետական Պատվիրակ Գերաշնորհ Տ. Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը։
Հիշեցնենք, որ Եկեղեցին օծվել է 1990 թ. մայիսին` շնորհաբեր ներկայությամբ և մասնակցությամբ Երջանկահիշատակ երկու Հայրապետների, Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա Ամենայն Հայոց և Գարեգին Բ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսների։
Հոբելյանական պատարագի ընթացքում Խաժակ Սրբազանը Սարկավագ ձեռնադրեց եկեղեցու երկար տարիների նվիրյալ ծառայողներ`
Տիար Արամ Յաղանին, Տիար Օհան Յաղանին, Տիար Հովսեփ Արոյանին։
Պատարագիչ Սրբազանը իր քարոզի ընթացքին ներկայացնելով օրվա հոգևոր խորհուրդը, միաժամանակ շնորհավորեց Բելգիայի Հայ համայնքը՝ տեսիլք ունեցող, եկեղեցաշեն և հավատքի շուրջ համախմբող այդ հույժ կարևոր ձեռնարկի համար։ Նա աղոթեց և մաղթեց համայնքանվեր և հայօգուտ գործունեությանց մեջ բարի շարունակություն և նորանոր հաջող ձեռքբերումներ։
Այնուհետև քարոզիչ սրբազանը շնորհավորեց ձեռնադրված սարկավագներին, նրանց մաղթեց նվիրյալ և օրինակելի ծառայություն հայ եկեղեցվո անդաստանում և բելգիահայ համայնքում։
Սրբազան Հայրը շնորհավորեց, իր գնահատանքը արտահայտեց և բարեմաղթանքներ հայտնեց հոգևոր հովիվ` Զատիկ վարդապետ Ավետիքյանին, որի քահանայական ձեռնադրության և օծման 45 ամյակն էր։ Հայր Սուրբը ձեռնադրվել է 8֊ը հունիսի 1980 թ.-ին, Սուրբ Էջմիածնի տոնի օրը, Էջմիածնի Մայր Տաճարում, ձեռամբ Երջանկահիշատակ Վազգեն Ա Վեհափառ Հայրապետի։
Կեսօրից հետո, ի պատիվ Հայրապետական Պատվիրակի, Սուրբ Մարիամ Մագդաղենացի Եկեղեցու Հոգաբարձության կողմից տրվեց տոնական ընթրիք, որին հրավիրված էին եկեղեցում և նրա շուրջ ծառայող սարկավագները, դպիրները, երգչախմբի անդամները, տիկնանց միության և կիրակնօրյա դպրոցի պատասխանատուները և այլ հյուրեր։
Ընտանեկան ջերմությամբ, բարեկամական տրամադրությամբ և ուրախ մթնոլորտով լի ընթրիքի ավարտին, Խաժակ Սրբազանը, ներշնչված պահի խորհրդով, ներկաներին փոխանցեց իր օրհնություններն ու հորդորները, ուղեկցված լավագույն բարեմաղթանքներով։
Դիտել տեսահոլովակը 🎦