Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Հայ Առաքելական Եկեղեցու Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի հրամանով և օրհնությամբ, ինչպես նաև Հոգեշնորհ Հայր Մաղաքիա աբեղա Բեսքիսիզյանի նախաձեռնությամբ, համաձայնագիր է ստորագրվել Բելգիայի Գենկ քաղաքի Սուրբ Եվենտիոս եկեղեցին վարձակալելու համար։
Այս համաձայնագրով Լիմբուրգ նահանգի հայ հավատացյալներն այսուհետև կունենան իրենց մշտական պաշտամունքի վայրը, որտեղ հնարավորություն կունենան համախմբվելու աղոթքի, Սուրբ Պատարագի և համայնքային հոգևոր ու մշակութային կյանքի շուրջ։
Սույն համաձայնագիրը կարևոր հանգրվան է Լիմբուրգի հայ համայնքի եկեղեցական և կազմակերպական կյանքում։ Այն ոչ միայն ապահովում է մշտական պաշտամունքի վայր, այլև նպաստում է համայնքի հոգևոր զորացմանը, ազգային ինքնության պահպանմանը և սերունդների հայեցի դաստիարակությանը։
Ներկայումս Բելգիայում բնակվում է մոտ 40–50 հազար հայ։ Վերջին չորս-հինգ տարիների ընթացքում, Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակության առաջնորդությամբ և Գերաշնորհ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի հովանավորությամբ, ինչպես նաև Հոգեշնորհ Հայր Զատիկ վարդապետ Ավետիքյանի, Հայր Տիրայր վարդապետ Հակոբյանի և Հայր Մաղաքիա աբեղա Բեսքիսիզյանի ջանքերով ու համագործակցությամբ, ձևավորվել են նոր եկեղեցական համայնքներ՝ ի սպաս մեր ժողովրդի հոգևոր, դաստիարակչական և հայապահպան առաքելության։
Լիմբուրգ նահանգի տարբեր քաղաքներում և բնակավայրերում բնակվում է մոտ 250–300 հայ ընտանիք։ Նոր պաշտամունքի վայրի հաստատումը նշանակալի քայլ է՝ այս ընտանիքների եկեղեցական կյանքն առավել կազմակերպված, կենսունակ և արմատավորված դարձնելու ուղղությամբ։
Աստվածապաշտական արարողությունների ժամանակացույցի և առաջիկա տոնակատարությունների վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունները կհրապարակվեն առաջիկայում։