Շաբաթ, ապրիլի 5-ին, Իտալիայի Նեապոլ քաղաքի San Gregorio Armeno (Ս․ Գրիգոր Հայ) եկեղեցու սուրբ կամարների ներքո, ինչպես անցած տարի՝ Ս. Գրիգոր Լուսավորչի մուտն ի վիրապ հիշատակության օրը հնչեցին Սուրբ և անմահ պատարագի հոգեթով մեղեդիները։
Հայ ուխտավորներ՝ Բելգիայից, Լեհաստանից, Հոլանդիայից, Ֆրանսիայից և Իտալիայի տարբեր մարզերից, ժամանել էին երկրպագելու այստեղ զետեղված Հայոց առաջին Հայրապետի՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքներին, հայցելու նրա բարեխոսությունն ու օրհնությունը։ Նրանց միացել էին նաև մի քանի իտալացի հյուրեր, ինչպես Իտալիայի Մարտիկների և Վետերանների Ազգային Միության Պոմպեյի գրասենյակի նախագահ Րոդոլֆո Արմենիոն և քարտուղար Պասքուալե Սկետտինոն, ովքեր մեծ ակնածանքով մասնակից դարձան այս հանդիսավոր արարողությանը։
Պատարագեց Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Գերշ. Խաժակ Արք․ Պարսամյանը՝ հանդիսությանը ներկա Բելգիայում և Իտալիայում Հայրապետական պատվիրակության հոգևոր սպասավորների, ինչպես նաև Լեհաստանում հայ համայնքի հոգևոր հովիվ Տեր Մինաս Աբեղա Հախվերդյանի ուղեկցությամբ։ Մասնակցեց նաև Նեապոլում Անգլիկան Եկեղեցու ներկայացուցիչ պաստոր՝ Մայր Ժյուլ Քեյվ Բերկվիստը։
Պատարագի ընթացքում ոգեշնչող քարոզով հանդես եկավ Նեապոլի հոգևոր առաջնորդի փոխանորդ՝ Եպիսկոպոս Գաետանո Կաստելլոն։
Նա Սրբազան Հորը փոխանցեց Նեապոլ քաղաքի առաջնորդ Կարդինալ Դոմենիկո Բատալյայի սրտագին ողջույնները և իր խորին երախտագիտությունը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչի տոնի առթիվ միասնաբար համախմբվելու ջերմ հրավերի համար։ Եպիսկոպոսը ընդգծեց, որ այս տոնակատարությունը քրիստոնեական եղբայրական համագործակցության շոշափելի և կարևոր խորհրդանիշ է, որը միավորում է երկու Եկեղեցիներին։
Կաթոլիկ Եկեղեցու հոբելյանական այս տարում, որն համընկնում է Նիկիո Առաջին Տիեզերական Ժողովի 1700-ամյակի հիշատակության հետ, Եպիսկոպոսը կարևորեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչի լուսաշող կերպարը՝ նշելով նրա առաքելությանը բնորոշ երկու հիմնական առաքինությունները՝ հավատքն ու հույսը։
Պատմական այս փուլում, երբ այդ առաքինությունները կարծես խամրում են ժամանակակից անորոշությունների ծանրության ներքո, կաթոլիկ եկեղեցականը կոչ արեց ներկաներին համախմբվել Քրիստոսի Մարմնի և Արյան շուրջ, որոնք հավատի և հույսի անսպառ աղբյուր են, որպեսզի այս աստվածային պարգևներով զորացած՝ կարողանան նորոգ ջերմեռանդությամբ վկայելու Ավետարանը ողջ աշխարհում։
Պատարագի ավարտին Խաժակ Սրբազանը շնորհակալություն հայտնեց Եպիսկոպոս Գաետանո Կաստելլոյին և խնդրեց նրան իր եղբայրական ջերմ ողջույնները փոխանցել Նեապոլի առաջնորդ Կարդինալ Բատալյային։ Նա նաև իր խորին երախտագիտությունը հայտնեց միանձնուհիներին՝ նրանց աղոթական ներկայության, նվիրվածության և ծառայության համար՝ ընդգծելով, որ նրանց խաղաղ ներկայությունն անբաժանելի մասն է նման հոգևոր տոնակատարությունների։
Ապա դիմեց ուխտավորներին, ասելով․ «Մեր Հոր՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի «Մուտն ի Վիրապ» տոնի առիթով դուք եկել եք այս ուխտավայր՝ խոնարհվելու Սուրբ Գրիգոր Լուսավորչի սրբազան մասունքների առաջ և վերստին հիշելու մեր արմատները՝ որ մենք քրիստոնյա ժողովուրդ ենք։ Լուսավորչի տեսիլքի միջոցով Քրիստոս իջավ մեր երկիրը, սրբագործեց հայոց հողը և հիմնեց Սուրբ Էջմիածինը՝ իբրև մեր հավատքի կենտրոն։ Սուրբ Գրիգոր Լուսավորչի բարեխոսությամբ աղոթենք Տիրոջը՝ խաղաղություն պարգևելու ողջ աշխարհին, և հատկապես մեր հայրենիքին՝ Հայաստան աշխարհին»։
Պատարագից հետո, ներկաներն անցան Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունը կրող վանքի հյուրընկալ բակ, որտեղ սիրո սեղանի շուրջ, ջերմ ու ընկերական մթնոլորտում, հնարավորություն ունեցան միմյանց հետ շփվելու, մտերմանալու և կիսվելու այդ օրվա հոգևոր ապրումներով։