Սիրելի՛ քույրեր և եղբայրներ ի Քրիստոս,
Այսօր Հայ Եկեղեցին նշում է Տիրոջ Պայծառակերպության տոնը, առավել հայտնի որպես Վարդավառ։
Այս տոնը գալիս է դարերի խորքից՝ միավորելով նախաքրիստոնեական հնագույն ծեսերի արձագանքները Քրիստոսի աստվածային հայտնության խորհրդի հետ։ Մեր այսօրվա կոչումը՝ որպես հավատացյալ ժողովուրդ, վերագտնելն է Վարդավառի հոգևոր իմաստը՝ զատելով այն միայն ջրախաղի և զվարճանքի արտաքին դրսևորումներից։
Վարդավառը իր արմատներով գնում է դեպի հեթանոսական ժամանակներ, երբ մեր նախնիները՝ ջրի պաշտամունքի միջոցով, հայցում էին երկնքի օրհնությունը դաշտերի ու ընտանիքների համար։ Քրիստոնեության մուտքով Հայ Եկեղեցին իմաստությամբ վերափոխեց այս ժողովրդական ծեսը՝ այն կապելով մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության հետ, երբ Նա Թաբոր լեռան վրա Իր փառքը դրսևորեց առաքյալներին. «Նրա դեմքը փայլեց ինչպես արեգակը, իսկ զգեստները՝ ճերմակ դարձան ինչպես լույսը» (Մատթ. 17:2)։
Այս ավետարանական պատումը մեզ այսօր հիշեցնում է մեր կոչման մասին՝ փոխակերպվել Քրիստոսով։
Ցավոք, ժամանակի ընթացքում տոնի հոգևոր շեշտադրումները մարել են, և Վարդավառը երբեմն ընկալվում է որպես զուտ զվարճալի առիթ։ Ջրով ցողելու ավանդական սովորույթը, որ ինքնին խորհրդանշական է, հաճախ մթագնում է այս տոնի աստվածաբանական իմաստը։ Ուստի հարց է ծագում՝ ի՞նչ է այսօր նշանակում իսկապես տոնել Վարդավառը։
Տոնի էությունը ընկալելու համար հարկ է վերադառնալ դրա առանցքին՝ Պայծառակերպությանը։
Տերն Իր փառքը հայտնեց Իր ամենամտերիմ աշակերտներին՝ պատրաստելով նրանց սպասվող փորձություններին, ամրացնելով հավատը և բացահայտելով Իր աստվածային բնությունը։ Այս խորհրդով մենք ևս կոչված ենք փոխակերպման՝ սրտի, միտքի և կյանքի ընթացքի մեջ։
Ջուրը՝ Աստվածաշնչում և հոգևոր խորհրդաբանության մեջ, մաքրության և վերածննդի նշան է՝ մկրտության ջրերից մինչև Սուրբ Գրքում հիշատակվող կենդանի ջրի գետերը։ Վարդավառի ընթացքում միմյանց վրա ջուր ցողելիս, եկեք այդ ընկալենք ոչ միայն ուրախության աղբյուր, այլ նաև իրական հիշեցում մեր կոչման մասին՝ լինել սիրո, շնորհի և վերափոխման գործիք մեր համայնքներում։ Թող ջրի ամեն մի ցողը դառնա հրավեր՝ նվիրումով ծառայել մերձավորին, բարելավել մեր փոխհարաբերությունները, ապրել համերաշխության և սիրո լույսի ներքո, ինչպես պատգամում էր մեր Տեր Հիսուս Քրիստոսը։
Հարց տանք ինքներս մեզ. ի՞նչպես կարող ենք այսօր մարմնավորել Պայծառակերպության ոգին։ Ինչպե՞ս կարող ենք արտացոլել Քրիստոսի լույսը մեր ժամանակի խավարի մեջ։ Մենք կոչված ենք լինել Նրա սիրո հայելիներ՝ մեր գործերով ու վկայությամբ՝ կառուցելով համայնքներ, որոնք ճանաչում են յուրաքանչյուր մարդու արժանապատվությունն ու աստվածային պատկերը։
Վարդավառը տոնել նշանակում է ոչ միայն հիշել ավետարանակաին մի դեպք, այլև ընդունել շարունակական փոխակերպման մեր կոչումը։ Պատրա՞ստ ենք հրաժարվել այն ամենից, ինչը խանգարում է մեր հոգևոր աճին՝ ամբարտավանությունից, նեղսրտությունից, բաժանումներից։
Եվ այսպես՝ երբ այսօր ցողենք ջուր միմյանց վրա, թող այն չլինի միայն ավանդույթ, այլ վերածվի խորհրդանշական մկրտության՝ ներսից վերանորոգվելու և սիրով ու համերաշխությամբ ապրելու պատրաստակամության։
Թող Վարդավառը դառնա մեր հոգևոր վերանորոգման ուղենիշ՝ դեպի Քրիստոսի լույսը՝ որպես հավատքով ապրող և փոխակերպված ժողովուրդ։ Ամեն։
Խաժակ Արք․ Պարսամյան