ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ
ԱՐԵՎՄՏՅԱՆ Եվրոպայի Հայրապետական Պատվիրակություն

Մկրտության նոր ավազանի օծման հանդիսավոր արարողություն Ամստերդամի «Սուրբ Հոգի» եկեղեցում

Հոկտեմբերի 5-ին, Ամստերդամի Հայ Առաքելական Սուրբ Հոգի եկեղեցում կատարվեց մկրտության նոր ավազանի օրհնության և օծման հանդիսավոր կարգը։

Օծման արարողությունը կատարվեց Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տեր Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանի ձեռամբ։

Նոր ավազանը կառուցվել է ազնիվ նվիրատվությամբ լուսահոգի տիկին Վարդուհի Մարտինի, որի հավատքն ու եկեղեցասիրությունը օրինակ են համայնքի հավատացյալների համար։ Ավազանը պատրաստվել է Հայաստանում՝ խաչքարագործ վարպետ Արտակ Համբարձումյանի ձեռքով։

Նոր օծված ավազանը խորհրդանշում է նոր ծնունդը ջրով և Հոգով (Հովհ. 3․5), և առաջիկա տարիներին այն կդառնա հոգևոր մայրական գիրկ, որտեղ նոր մանուկներ պիտի ծնվեն ի Քրիստոս։

«Թող ձեր մեջ Սուրբ Հոգին բնակվի, և դուք լինեք կենդանի տաճար Աստծո» (Ա Կորնթացիս 3․16)։

Նույն օրվա ընթացքում «Սուրբ Հոգի» եկեղեցու տիկնանց միությունը սիրով հյուրընկալեց Ալմելոյի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցու տիկնանց միությանը։

Հանդիպումն անցավ փոխադարձ սիրո, հավատքի ու ծառայության փորձառության փոխանակման մթնոլորտում, խոսվեց ապագա համատեղ նախաձեռնությունների ու գործակցության մասին։ Այդ օրը «Սուրբ Հոգի» եկեղեցին դարձավ ոչ միայն աղոթքի, այլև միաբանության տուն, որտեղ հավատացյալները ևս մեկ անգամ զգացին այն ճշմարտությունը, որ. «Որտեղ երկու կամ երեք հոգի հավաքված են իմ անունով, այնտեղ եմ Ես նրանց մեջ» (Մատթ. 18․20)։