ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ
ԱՐԵՎՄՏՅԱՆ Եվրոպայի Հայրապետական Պատվիրակություն

Միասնական Սուրբ Պատարագ Հռոմում

Փետրվարի 2-ին Հռոմի Սուրբ Վլաս եկեղեցում կիրակնօրյա Սուրբ Պատարագը անցավ առանձնահատուկ շուքով և հանդիսավորությամբ։ Արարողությանը, բացի տեղի համայնքի հոգևորականներ՝ Տեր Պսակ վարդապետ Թեբրիջյանից և Տեր Աթանաս աբեղա Սարգսյանից  ներկա էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից ժամանած միաբանների խումբը։ Հայ հոգևորականներն այս օրերին գտնվում են Հռոմում՝ Կաթոլիկ և Քույր Արևելյան Եկեղեցիների համագործակցության շրջանակում արդեն մի քանի տարի իրականացվող ճանաչողական այցերի առիթով։

Պատարագին, որին հանդիսապետում էր Գերշ. Տեր Խաժակ Արք. Պարսամյանը, պատարագեց Տեր Մովսես քահանա Սահակյանը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից, իսկ քարոզեց Կիլիկիո Կաթողիկոսության միաբան Տեր Գարեգին քահանա Պետուրյանը։

Պատարագի ավարտին կատարվեց Հոգեհանգստյան կարգ՝ Լիբանանում երկու օր առաջ սպանված Կիլիկիո Կաթողի-կոսության երիտասարդ հոգևորական Տ. Անանիա ծայրագույն վարդապետ Գուջանյանի հոգու խաղաղության համար։

Այնուհետև Խաժակ Սրբազանը դիմեց ներկաներին ողջույնի խոսքով։ Նա գոհունակություն հայտնեց Հայ Եկեղեցու միասնականության համար և ընդգծեց նրա անքակտելի կապը հայ ժողովրդի հետ, որը հիմնված է դարերի խորքից եկող հոգևոր ու ազգային արժեքների վրա։ Հատկապես ներկայիս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում, Սրբազանն կարևորեց այդ միասնության պահպանման անհրաժեշտությունը՝ հիշեցնելով Սուրբ Պատարագից հետևյալ խոսքերը.

«Քրիստոս ի մեջ մեր յայտնեցաւ, …Եկեղեցիս մի անձն եղև, համբոյրս յօդ լրման տուաւ» (Քրիստոս մեր մեջ հայտնվեց, … Եկեղեցին մի անձ դարձավ, համբույրը միության կապ եղավ):