ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ
ԱՐԵՎՄՏՅԱՆ Եվրոպայի Հայրապետական Պատվիրակություն

Հռոմում աղոթքով և երաժշտությամբ ոգեկոչեցին Հայոց ցեղասպանության նահատակներին

Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 23-ի երեկոյան Հռոմում տեղի ունեցավ խաղաղության համար միջեկեղեցական արարողություն։
Արարողությունը կայացավ Սուրբ Բարդուղիմեոսի եկեղեցում, որը 2000 թվականին Սուրբ Հովհաննես Պողոս Երկրորդ Պապը վստահեց Comunità di Sant’Egidio միջազգային մարդասիրական կազմակերպությանը՝ որպես XX և XXI դարերի քրիստոնյա նահատակների հիշատակի սրբավայր։

Միջոցառումը կազմակերպվեց Սուրբ Աթոռում Ամենայն Հայոց Կաթողիկոսության ներկայացուցչության և Comunità di Sant’Egidio-ի կողմից՝ Քահանայապետական Լևոնյան կաթոլիկ հայ վարժարանի և Մխիթարյան Միաբանության մասնակցությամբ։

Արարողությանը մասնակցեցին հայ առաքելական և հայ կաթոլիկ եկեղեցիների հոգևորականներ, ինչպես նաև կաթոլիկ, անգլիկան, ավետարանական, մեթոդիստական, ղպտի և մալանքար ուղղափառ քույր եկեղեցիների, Կոստանդնուպոլսի Տիեզերական Պատրիարքության և Ռումինական Ուղղափառ եկեղեցու հոգևորականներ։

Ներկա էին Հայաստանի Հանրապետության դեսպանները Սուրբ Աթոռում և Իտալիայում՝ Բորիս Սահակյանը և Վլադիմիր Կարապետյանը, դեսպանությունների աշխատակազմերը, հասարակական կազմակերպությունների անդամներ, հյուրեր և հայ համայնքի ներկայացուցիչներ։

Բացման խոսքով հանդես եկավ Comunità di Sant’Egidio միջազգային մարդասիրական կազմակերպության նախագահ Մարկո Իմպալյացցոն։

Ապա ընթերցվեց Քրիստոնյաների միության խթանման բաժնի նախագահ Կարդինալ Կուրտ Կոխի հղած պատգամը, որտեղ նշվում էր, որ ներկաները հավաքվել էին աղոթքի՝ հիշատակելու «Մեծ Եղեռնը»՝ 20-րդ դարի սկզբին հայ քրիստոնյաների նահատակությունը։ Ընդգծվում էր, որ հայ նահատակները մաս էին կազմում բոլոր քրիստոնյաներին միավորող «ընդհանուր նահատակագրության»՝ «արյան էկումենիզմի», հիշեցվում էր քրիստոնյաների շարունակվող հետապնդումների մասին, և հույս էր հայտնվում, որ նրանց վկայությունը կդառնա եկեղեցու միասնության սերմը՝ առաջնորդելով դեպի լիակատար հաղորդություն Քրիստոսի մեջ։

Արարողությունը նախագահեց և քարոզ կատարեց Սուրբ Աթոռում Ամենայն Հայոց Կաթողիկոսության ներկայացուցիչ Գերշ. Տ. Խաժակ Արք. Պարսամյանը։

Իր քարոզում Սրբազանը հիշեցրեց Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի 2015 թվականի հայտարարությունը, որով Հայոց ցեղասպանությունը բնորոշվել էր որպես «XX դարի առաջին ցեղասպանություն»։ Նա ընդգծեց, որ «ցեղասպանություն» եզրույթը չի կիրառվում վրեժի կամ մեղադրանքի նպատակով, այլ՝ ճշմարտությանը ծառայելու համար՝ հիշեցնելով Պապի խոսքը, թե «չարի ժխտումը կամ թաքցնելը նման է վերքը շարունակ արյունահոս թողնելուն»։

Սրբազանը կոչ արեց հիշել Հայոց ցեղասպանության նահատակներին, ինչպես նաև մեր ժամանակների քրիստոնյա նոր նահատակներին՝ ընդգծելով, որ նրանց վկայությունը Խաչի խորհրդի մեջ դառնում է հաշտության, արդարության և հույսի սերմ։

Խաժակ Արք. Պարսամյանն իր քարոզում համադրեց արարողության ընթացքում հնչած Սուրբ Գրքի ընթերցումները հայ ժողովրդի պատմական փորձությունների հետ՝ ընդգծելով, որ ծանրագույն տառապանքները չէին կոտրել ժողովրդի հավատը, և որ ամեն ինչից զրկվելու պահին մնացել էր միայն Քրիստոսը։

Նա մեջբերեց Հիսուսի խոսքերը. «Թող ձեր սիրտը չխռովվի… Ես գնում եմ ձեզ համար տեղ պատրաստելու»՝ շեշտելով, որ բռնությունը չի կարող ոչնչացնել Աստծո կողմից պատրաստված հավիտենական կյանքի իրականությունը։

Սրբազանը նշեց, որ Հայոց ցեղասպանության հիշողությունը ոչ միայն պատմական հիշատակ է, այլև զգուշացում ներկայի համար՝ ընդգծելով, որ ժխտումը, պատմության խեղաթյուրումը և ատելության աճը կարող են հանգեցնել նոր ողբերգությունների։

Նա ընդգծեց երեք հիմնական ուղենիշներ՝ ճշմարտության և սիրո մեջ պահվող հիշողություն, համերաշխություն տառապյալների և լռեցվածների հետ, ինչպես նաև հավատքի և հույսի նորոգում՝ վստահությամբ, որ Աստված չի լքում Իր ժողովրդին։

Քարոզի ավարտին Սրբազանը կոչ արեց հավատացյալներին դառնալ խաղաղության արարիչներ՝ սկսելով ներման և սիրո ընտրությունից և այն տարածելով հասարակության մեջ՝ երկխոսության և հաշտության միջոցով։

Արարողության ավարտին տեղի ունեցավ դասական երաժշտության կարճ համերգ՝ կազմակերպված Հռոմի Ասոարմենի հայ մշակութային ընկերակցության կողմից, տարբեր երկրների երաժիշտների մասնակցությամբ՝ հայտնի դուդուկահար Գևորգ Դաբաղյանի և հույն դասական կիթառահար Անթիգոնի Գոնիի, ինչպես նաև բելգիացի թավջութակահար Եմի Նորինգտոնի և ջութակահար Պոլինա Շարաֆյանի։ Հնչեցին առաջին կատարմամբ ներկայացված Վաչե Շարաֆյանի «Օրֆեուս» համերգը՝ կիթառի, դուդուկի, ջութակի և թավջութակի համար, ինչպես նաև Ս. Ներսես Շնորհալու «Բացեա՜ զդուռն» շարականի հիման վրա գրված ստեղծագործությունը և սերբ կոմպոզիտոր Դուշան Բոգդանովիչի՝ Ս. Գրիգոր Նարեկացու «Հավուն, հավուն» տաղով ներշնչված սյուիտը։