Մայիսի 9-ին Հռոմի Սուրբ Վլաս եկեղեցում Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրական և Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսության ներկայացուցիչ Գերաշնորհ Տեր Խաժակ արք. Պարսամյանի օրհնությամբ և ձեռամբ Սուրբ Մկրտության արժանացան Հայաստանից Հռոմ ուսման նպատակով եկած հինգ ուսանողուհիներ։
Անցնող ամիսներին, մասնակցելով կիրակնօրյա Սուրբ Պատարագներին և ծանոթանալով Սուրբ Մկրտության խորհրդին, վերջիններս մեծ խանդավառությամբ և սրտի թրթիռով սպասում էին մկրտվելու՝ քրիստոնյա կոչմանն արժանանալու օրվան։
Ուսանողուհիների մկրտության կնքահայրությունը ստանձնեցին Հռոմի երիտասարդները, որոնք վերջին շրջանում նույնպես ակտիվ մասնակցություն են դրսևորում Հռոմի համայնքային կյանքում և Սուրբ Պատարագների ընթացքում սպասավորում են խորանի վրա։
Ապա, հինգ ուսանողուհիների մկրտության առիթով, իրենց ընկերները և տեղի հայ համայնքի երիտասարդները մեծ ոգևորությամբ և ուրախությամբ համախմբվեցին տոնակատարության սիրո սեղանի շուրջ՝ Քահանայապետական Russicum քոլեջի բացօթյա սրահում, որը նաև դարձավ շուրջ 50 երիտասարդների անդրանիկ հավաքը։ Դիտել տեսանյութը 📽
Խնջույքի սկզբին Սրբազան Հայրը նախ իր շնորհակալությունը հայտնեց հոգևոր հովիվներ՝ Հայր Աթանաս Սարգսյանին և Հայր Պսակ Թեբիրջյանին, ինչպես նաև Տիկնանց միության անդամներ Լուսինե Աբրամյանին և Նաիրա Քերոբյանին՝ կազմակերպչական ջանքերի, հոգատար ծառայության և երիտասարդներին համախմբելու գործում ունեցած նվիրումի համար։
Այնուհետ, դիմելով մասնավորապես տոնական սեղանի շուրջ միատեղված երիտասարդներին, Սրբազան Հայրը հորդորեց լինել միասնական, միմյանց հանդեպ սիրով և հոգատարությամբ լցված, պահպանել հայ քրիստոնյայի իրենց ինքնությունն ու հավատքը՝ նույնիսկ հայրենիքից հեռու ապրելու պայմաններում։ Նա ընդգծեց, որ երիտասարդներն են մեր ժողովրդի, երկրի և Եկեղեցու ապագան, և նաև նրանց միասնության, հավատարմության ու ազգային ոգու շնորհիվ է, որ հայ համայնքները կարող են ամուր մնալ աշխարհի տարբեր անկյուններում։
Սրբազանը երիտասարդներին կոչ արեց երբեք չկորցնել հույսը, քանի որ նույնիսկ դժվարությունների և անորոշությունների ժամանակ հավատքն ու հույսը մարդուն օգնում են ամուր մնալ, շարունակել արարել և բարին սփռել շրջապատում։ Նա նաև քաջալերեց երիտասարդներին ակտիվ մասնակցություն բերել երկրի բարեկարգման գործնթացին, ինչպես նաև համայնքային և եկեղեցական կյանքին, լինել միմյանց աջակից և իրենց վարքով ու օրինակով վկայել քրիստոնեական արժեքները։
Երեկոյի ընթացքում կատարվեցին հայկական երգեր և ազգագրական պարեր, որոնք տոնական հավաքին հաղորդեցին ազգային շունչ և առանձնակի ոգևորություն։