ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ
ԱՐԵՎՄՏՅԱՆ Եվրոպայի Հայրապետական Պատվիրակություն

Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման և Խաղողօրհնեքի տոնը

Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը և ավանդական Խաղողօրհնեքը մեզ համար առիթ են խորհրդածելու հավատքի և բնության, աստվածայինի և առօրյայի անքակտելի կապի մասին, որը հատուկ է Հայ Առաքելական Եկեղեցուն։ Այս տոնը, որը նշվում է օգոստոսի 15-ի մերձակա կիրակի օրը, առանձնահատուկ տեղ ունի մեր եկեղեցական տոնացույցում՝ միավորելով Աստվածամոր պաշտամունքը և երկրի պտուղների առատության համար երախտագիտությունը։

Աստվածածնի Վերափոխման տոնը իր արմատներով հասնում է հայկական հնագույն ավանդույթներին։ Մարիամը՝ խոնարհության, շնորհքի և մայրության խորհրդանիշը, մեր հավատքի լուսատուն է։ 301 թ.-ին Հայաստանում քրիստոնեությունը ընդունելուց հետո՝ արդեն IV դարի սկզբներից, այս տոնը դարձավ տարվա եկեղեցական կյանքի առանցքային պահերից մեկը՝ վկայելով հայ ժողովրդի խորին հարգանքը և երկյուղածությունը «Թեոտոկոս»՝ Աստվածամոր հանդեպ։

Խաղողօրհնեքը, որն անքակտելիորեն կապված է Վերափոխման տոնի հետ, խորհրդանշում է բերքն ու Արարչի առատաձեռնությունը։ Հայաստանում խաղողը ոչ միայն կարևոր գյուղատնտեսական մշակաբույս է, այլև կրում է խորհրդանշական բնույթ՝ հիշեցնելով Սուրբ Հաղորդության Քրիստոսի Մարմինն ու Արյունը։ Խաղողի օրհնությունը նշանակում է սրբացնել բերքը և երախտագիտություն հայտնել Աստծուն Իր առատության համար։

Խաղողօրհնեքը V դարից սկսած պաշտոնապես միաձուլվեց Վերափոխման տոնին՝ որպես վկայություն այն բանի, որ Աստված հոգ է տանում թե՛ հոգևոր, և թե՛ մարմնական սննդի մասին։ Այսօր էլ այն նշվում է խոր հավատքով՝ միավորելով քրիստոնեական ու ժողովրդական ավանդույթները և արտահայտելով հայ ինքնության ամբողջականությունը։

Խաղողի օրհնությունը շատ ավելին է, քան հողագործի երախտագիտություն. այն գովաբանում է Աստծու առատաձեռնությունը և հիշեցնում, որ բոլորս միավորված ենք Նրա շնորհով։ Ինչպես ասում է Հիսուսը․ «ես եմ որթատունկը, իսկ դուք՝ ճյուղերը. ով ինձ հետ է միավորվում, իսկ ես՝ նրա հետ, նա շատ պտուղ է տալիս, որովհետև առանց ինձ ոչինչ չեք կարող անել․..»(Հովհաննես 15․5)։ Ինչպես ողկույզը առանց վազի չի կարող աճել, այնպես էլ մենք չենք կարող գոյություն ունենալ առանց Աստծուց շնորհված կյանքի։

Վերափոխման տոնը և Խաղողօրհնեքը նույն աստվածաբանական պատգամն են փոխանցում՝ կյանքի, բերրիության և արարչագործության գովաբանությունը։ Մարիամի Վերափոխումը խորհրդանշում է Նրա փառավոր մուտքը երկնային թագավորություն և արտացոլում է մեր հույսը՝ արժանանալ հարությանը և հավիտենական կյանքին։ Մարիամ Աստվածածնին փառաբանելով՝ մենք նաև գոհություն ենք առաքում առ Աստված՝ մեզ տված շնորհների համար։

Յուրաքանչյուր օրհնված ողկույզ վկայում է, որ մեր աշխատանքի պտուղները, երկրի բարիքները և մեր կյանքը Աստծու պարգև են։ Այս գիտակցությունը համայն աշխարհասփյուռ հայության ինքնության անբաժանելի մասն է, որը հիշեցում է թե որքան կարևոր են աստվածային շնորհները և նախախնամությունը։

Մեր ժողովուրդը Սուրբ Մարիամի հանդեպ առանձնահատուկ սեր ու ակնածանք է տածում։ Նա պաշտվում է ոչ միայն որպես Աստվածամայր, այլև որպես Հայ Եկեղեցու և նրա հավատավոր զավակների հոգատար մայր։ Դժվարություններով ու հոգսերով լի այս աշխարհում նա շարունակում է օրինակ ծառայել հայ կանանց և մայրերին՝ մարմնավորելով կորով, համբերություն և հավատ։ Սուրբ Գրիգոր Նարեկացու խոսքերը՝ «Ով Սուրբ Աստվածածին, հրեշտակ՝ մարդոցմե մարմնատեսիլ քերովբե, երկնավոր թագուհի, անխառն՝ ինչպես օդը, մաքուր՝ ինչպես լույսը…» (Մատյան Ողբերգության, 80.1) այսօր էլ հնչում են մեր աղոթքներում։

Հայոց պատմության մեջ շատ կանայք մարմնավորել են Մարիամի առաքինությունները։ Հայոց ցեղասպանության տարիներին մայրերը ցուցաբերեցին անասելի քաջություն՝ պահպանելով հայ ընտանիքների կյանքի և մեր ժողովրդի ինքնության կենսական հիմքերը։ Ինչպես վազը սնուցում է իր ճյուղերը, այնպես էլ նրանք պահեցին և սնեցրին իրենց ընտանիքները՝ փոխանցելով հավատն ու հույսը։

Այսօր էլ Վերափոխման և Խաղողօրհնության տաղավար տոնը շարունակում է հոգեհարազատ մնալ յուրաքանչյուր սերնդի և աշխարհի յուրաքանչյուր անկյունում ապրող հայի համար։ Այս տոնը մեզ հիշեցնում է մեր արմատները, հավատը և միասնական կապը՝ միավորելով ընտանիքներին ու համայնքները՝ գոհաբանելու Աստծուց ստացած օրհնության համար։

Ժամանակակից աշխարհում, երբ մենք խորհում ենք մեր ընդհանուր ուղու և հոգևոր ժառանգության մասին, օրհնված խաղողը խորհրդանշում է առատությունը և հանձնառությունը՝ միմյանց հետ կիսվելու և բաժնեկից դառնալու ոչ միայն «հանապազօրյա հացի», այլև հոգևոր արժեքների։

Այսպիսով, Խաղողօրհնեքի կարգը մեզ հիշեցնում է, որ կյանքը, բերքը և հավատքը Աստծու ստեղծած գորգի միահյուսված թելերն են։

Թող այս տոնը նորոգի մեր հավատքը, ամրացնի փոխադարձ սերը և ներշնչի մեզ ապրելու Քրիստոսի շնորհով ու առատաձեռնությամբ։ Երբ վայելում ենք օրհնված խաղողը, հիշենք, որ բոլորս ճյուղերն ենք Քրիստոսի կյանքը խորհրդանշող ողկույզի և պարտավոր ենք այն կիսել մյուսների հետ՝ սիրով ու առատասրտությամբ:

Խաժակ Արք․ Պարսամյան