ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ
ԱՐԵՎՄՏՅԱՆ Եվրոպայի Հայրապետական Պատվիրակություն

Հոգեգալստյան տոնը Ամստերդամի «Սուրբ Հոգի» եկեղեցում

Սույն թվականի մայիսի 24-ին, Ամստերդամի «Սուրբ Հոգի» եկեղեցում, Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի բարձր հանդիսապետությամբ, հայրական ներկայությամբ և օրհնությամբ նշվեց Հոգեգալստյան հրաշափառ տոնը: Հավատացյալների հոծ բազմություն էր մեկտեղվել եկեղեցում՝ միասնաբար տոնախմբելու սրբավայրի անվանակոչության ուխտի օրը:

Այս նվիրական առիթով, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ավանդության համաձայն, պատրաստվեց և մատուցվեց մատաղ՝ սիրո ճաշ: Որպես երախտագիտության և աղոթքի ընծա մատուցված օրհնյալ կերակուրը բաշխվեց հավատացյալ համայնքին՝ դառնալով քրիստոնեական սիրո, եղբայրակցության և հոգևոր միաբանության կենդանի վկայություն։

Այս սրբազան համախմբումով մեր հավատացյալները հնարավորություն ունեցան փառաբանելու Աստծուն, զորացնելու հավատքի կապերն ու դրսևորելու քրիստոնեական հոգածություն միմյանց հանդեպ։

Մատաղի սեղանը հանդիսացավ նաև աստվածահաճոյ նվիրատվության յուրահատուկ առիթ։ Սիրո սեղանի ընթացքում կատարվեց դրամահավաք, որի ժամանակ ներկաներն իրենց նվիրատվությամբ արտահայտեցին իրենց հավատարմությունն ու զորակցությունը «Սուրբ Հոգի» եկեղեցուն։ Համայնքի անդամների ցուցաբերած պատրաստակամությունն ու նվիրատվությունները կենսական նշանակություն ունեն մեր համայնքի պահպանման, շարունակական գործունեության և եկեղեցանվեր ծրագրերի իրականացման համար։