ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ
ԱՐԵՎՄՏՅԱՆ Եվրոպայի Հայրապետական Պատվիրակություն

Հարգանքի տուրք՝ Գալուստ Կիւլպէնկեանի հիշատակին

Հուլիսի 20-ին, Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահի հրավերով, Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Ամենայն Հայոց Կաթողիկոսության ներկայացուցիչը Վատիկանում՝ Գերաշնորհ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, մասնակցեց Գալուստ Սարգիս Կիւլպէնկեանի հիշատակին նվիրված միջոցառումներին, որոնք այս տարի համընկան նաև Հիմնադրամի հիմնադրման 70-ամյակի հետ։

Օրվա ընթացքում Հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամներն ու աշխատակազմը, Սրբազան Հոր ընկերակցությամբ, հարգանքի տուրք մատուցեցին Գալուստ Սարգիս Կիւլպէնկեանի կիսանդրու առջև։ Այնուհետև ներկաները մասնակցեցին Հիմնադրամի հարևանությամբ գտնվող կաթոլիկ եկեղեցում մատուցված Սուրբ Պատարագին՝ ի հիշատակ Գալուստ Սարգիս Կիւլպէնկեանի։

Պատարագի ավարտին Խաժակ Սրբազանն իր հոգևոր պատգամում անդրադարձավ Սուրբ Գրիգոր Նարեկացու աղոթական ժառանգությանը և Գալուստ Սարգիս Կիւլպէնկեանի կյանքին ու ծառայությանը։ Վկայակոչելով Նարեկացու խորախորհուրդ խոսքը՝ «Սրտիս ողբաձայն հառաչանքների աղաղակն, ահա՛, դեպ երկինքն ի վեր` քեզ եմ ընծայում», Սրբազանն ընդգծեց. «Աստծո առջև մենք գալիս ենք ոչ միայն մեր հաջողություններով կամ ուժով, այլ մեր սրտերի ճշմարտությամբ՝ գոհությամբ և տխրությամբ, հույսով և տկարությամբ, և երբ այս ամենը մատուցվում է Աստծուն, աղոթք է դառնում»։

Սրբազանն իր խոսքում նաև շեշտեց, որ Սուրբ Գրիգոր Նարեկացին մեզ սովորեցնում է, թե «իսկական հավատքը չի խուսափում տառապանքից կամ մարդկային տկարությունից, այլ դրանք բերում է Աստծո լույսի ներքո»։ Այս մտքից ելնելով՝ նա Գալուստ Սարգիս Կիւլպէնկեանի հիշատակը ներկայացրեց որպես մի կյանքի վկայություն, որի շնորհներն ու հնարավորությունները վերածվել էին ծառայության և բարեգործության։

Անդրադառնալով մեծ բարերարի կյանքին՝ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանն ասաց. «Նա ևս հայ ժողովրդի զավակ էր և իրեն տրված շնորհները՝ միտքը, հեռատեսությունը, ազդեցությունն ու նյութական կարողությունը, չընկալեց միայն որպես անձնական առավելություն, այլ որպես միջոց՝ ավելի մեծ բարիքի ծառայելու»։ Սրբազանն ավելացրեց, որ Գալուստ Կիւլպէնկեանը հասկացել էր, թե «տաղանդը պատասխանատվություն է բերում, հարստությունը՝ հոգատարություն, իսկ տեսլականն իր ճշմարիտ ազնվությունը գտնում է ծառայության մեջ»։

Սրբազանը նաև ընդգծեց այն հոգևոր ընդհանրությունը, որ գոյություն ունի Սուրբ Գրիգոր Նարեկացու և Գալուստ Սարգիս Կիւլպէնկեանի վկայությունների միջև՝ նշելով. «Նարեկացին Աստծուն մատուցեց իր սրտի հառաչանքներն աղոթքի մեջ, մինչդեռ Կիւլպէնկեանն իր կյանքի պտուղները մատուցեց ծառայության մեջ»։ Ըստ նրա՝ այս երկու տարբեր վկայությունները միասին հիշեցնում են, որ «կյանքն իսկապես մեծ է դառնում, երբ չի փակվում իր ունեցածի սահմաններում, այլ ընծա է դառնում՝ Աստծուն և մարդկանց»։

Միջոցառման ավարտին Հայ Եկեղեցու ավանդական աղոթքով ոգեկոչվեցին Գալուստ Սարգիս Կիւլպէնկեանը և Կիւլպէնկեան ընտանիքի բոլոր հանգուցյալ անդամները։

Այնուհետև Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը մասնակցեց Հիմնադրամում կազմակերպված պաշտոնական ճաշին։

Կիւլպէնկեան հիմնադրամ այցելության ընթացքում Խաժակ Սրբազանը հանդիպում ունեցավ Հիմնադրամի հայկական մասնաճյուղի տնօրեն դոկտոր Ռազմիկ Փանոսյանի հետ։ Ջերմ և մտերմիկ մթնոլորտում նրանք քննարկեցին Հիմնադրամի հայանպաստ առաքելությունը, ինչպես նաև ընթացիկ և ապագա ծրագրերը։

Նշենք նաև, որ հուլիսի 20-ին, դոկտոր Ռազմիկ Փանոսյանի ուղեկցությամբ, Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանն այցելեց վերանորոգված և վերակազմակերպված Կիւլպէնկեան թանգարան։ Այցը հնարավորություն տվեց մոտիկից ծանոթանալու թանգարանի նոր ցուցադրությանը և հարուստ հավաքածուին, որը միջազգային մշակութային նշանակության բացառիկ գանձարաններից է։ Թանգարանի հավաքածուն ներառում է Հին Եգիպտոսի, Միջագետքի, իսլամական արվեստի, ինչպես նաև եվրոպական կերպարվեստի տարբեր ժամանակաշրջանների արժեքավոր նմուշներ։ Այս բացառիկ հավաքածուն իր ընդգրկմամբ և բարձր գեղագիտական արժեքով վկայում է Գալուստ Սարգիս Կիւլպէնկեանի նուրբ ճաշակի և համամարդկային մշակույթի հանդեպ ունեցած խոր նվիրումի մասին։

Իսկ հուլիսի 18-ին՝ շաբաթ օրը, Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, դոկտոր Ռազմիկ Փանոսյանի հրավերով, մասնակցեց Հիմնադրամի 70-ամյակին նվիրված հանդիսավոր համերգին, որը տեղի ունեցավ Հիմնադրամի գեղաշուք համերգասրահում։

Այս հիշատակի առիթը ևս մեկ անգամ հնարավորություն ընձեռեց երախտագիտությամբ ոգեկոչելու Գալուստ Սարգիս Կիւլպէնկեան ի մնայուն ժառանգությունը և այն լայնածավալ առաքելությունը, որը Կիւլպէնկեան հիմնադրամը շարունակում է իրականացնել մշակույթի, կրթության, գիտության և մարդասիրական ծառայության ոլորտներում։