Լևոն ԺԴ Պապի գահակալության մեկնարկի հանդիսավոր արարողության հաջորդ օրը՝ մայիսի 19-ին, Սրբազան Քահանայապետը ընդունեց Քույր Եկեղեցիների՝ այդ թվում նաև Հայ Առաքելական Եկեղեցու, տարբեր Եկեղեցական համայնքների և այլ կրոնների ներկայացուցիչներին։
Նորին Սրբությունը ներկաներին հորդորեց գործակցել խաղաղության համար՝ վեր դասելով այդ նպատակը գաղափարական և քաղաքական շահերից։ Նա խրախուսեց էկումենիկ շարժումը, կոչ արեց շարունակել քրիստոնյաների և հրեաների միջև երկխոսությունը, ինչպես նաև մուսուլմանների հետ հարաբերությունները կառուցել փոխադարձ հարգանքի ու խղճի ազատության հիման վրա։ ![]()
Դիմելով Քույր Եկեղեցիների ներկայացուցիչներին՝ Քահանայապետը նախ անդրադարձավ «համընդհանուր եղբայրության» գաղափարին՝ հիշելով իր նախորդների՝ հատկապես Սուրբ Հովհաննես ԻԳ-ի (XXIII) նախաձեռնությունները, ինչպես նաև Պապ Ֆրանցիսկոսի խթանած միջեկեղեցական ճանապարհն ու կրոնների միջև երկխոսությունը, որոնք սերմանվել են անձնական շփումների ու մարդկային հանդիպումների միջոցով։
Այնուհետև Նորին Սրբությունը հիշեցրեց, որ այս տարի նշվում է Նիկիայի Առաջին Տիեզերական ժողովի 1700-ամյակը՝ բնորոշելով այն որպես «հիմնարար հանգրվան բոլոր Եկեղեցիների և եկեղեցական համայնքների կողմից ընդունված Հավատո հանգանակի ձևավորման ճանապարհին»։
Նա ընդգծեց, որ «դեպի հավատքի միասնության ձգտումը» միշտ եղել է իր «հաստատուն մտահոգությունը», ինչի վկայությունն է նաև իր եպիսկոպոսական առաքելության համար ընտրված նշանաբանը՝ In Illo uno unum («Նրանում որ Մեկ է՝ մենք մեկ ենք»), այսինքն՝ ինչպես հիշեցնում է Սուրբ Ավգուստինոսը, «մենք, թեև շատ ենք, բայց Նրա՝ Քրիստոսի մեջ՝ մեկ ենք»։
Պապը շեշտեց, որ քրիստոնյաների միասնությունը տեղի է ունենում միայն այն ժամանակ, երբ մենք «միասնական ենք Տեր Հիսուս Քրիստոսում», որովհետև «որքան հավատարիմ ու հնազանդ ենք Նրան, այնքան միավորված ենք միմյանց հետ», և այդ պատճառով բոլոր քրիստոնյաներն «կանչված են միասին աղոթելու և աշխատելու՝ այս նպատակի իրականացման համար, որը կա և կմնա Սուրբ Հոգու պտուղը»։
Հանդիպման ավարտին, Գերշ. Տեր Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը առիթ ունեցավ անձնապես ողջունելու Նորին Սրբությանը և նրան փոխանցելու Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորանքներն ու բարեմաղթանքները։
Վատիկանում գտնվելու ընթացքում, Հայ Առաքելական եկեղեցու պատվիրակությունը այցելեց Վատիկանի այգիներում տեղադրված Ս․ Գրիգոր Նարեկացու և Ս․ Պետրոսի տաճարի բակում բարձրացող՝ Ս․ Գրիգոր Լուսավորիչի արձանները։