ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ
ԱՐԵՎՄՏՅԱՆ Եվրոպայի Հայրապետական Պատվիրակություն

«Հայ Ճամբար 2026»․ երեք օր հավատքի, կրթության և համայնքային կյանքի շուրջ

Ապրիլի 26-29-ը Նիդերլանդների Օվերեյսել նահանգի Հայնո բնակավայրում, Գերշ․ Տեր Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանի նախագահությամբ և օրհնությամբ, անցկացվեց «Հայ Ճամբար 2026»-ը՝ նախատեսված Նիդերլանդներում բնակվող 10-15 տարեկան հայ երեխաների և պատանիների համար։ Այս տարվա ճամբարին մասնակցեց 105 երեխա։

Ճամբարի վերջին օրը մասնակիցները ներկա գտնվեցին Սուրբ Պատարագին, որից հետո միասին ճաշեցին և նոր տպավորություններով ու հիշողություններով վերադարձան տուն։

Ծրագրի երեք օրերը կառուցված էին հոգևոր, կրթական և մշակութային բաղադրիչների շուրջ։ Ամեն օրը սկսվում և ավարտվում էր աղոթքով՝ հնարավորություն ընձեռելով հոգևորականներին ներշնչող խոսքերով և թեմատիկ զրույցներով ուղեկցել մասնակիցներին։

Ծրագրում ընդգրկված էին հայոց լեզվի, պատմության և մշակույթի դասընթացներ, ժողովրդական պարեր, սպորտային խաղեր և թիմային վարժանքներ։ Առանձնահատուկ ուշադրություն էր դարձվում եկեղեցական դաստիարակությանը։

Երեկոյան ժամերին ճամբարը վերածվում էր համայնքային ուրախության հարթակի՝ տաղանդների ցուցադրությամբ, որտեղ երեխաները հանդես էին գալիս երգով, երաժշտությամբ, բանաստեղծությամբ և դերախաղով։

«Հայ Ճամբար 2026»-ը դարձավ ոչ միայն հանգստի և ժամանցի, այլև հոգևոր, ազգային և համայնքային ինքնության ամրապնդման կարևոր հարթակ։