ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ
ԱՐԵՎՄՏՅԱՆ Եվրոպայի Հայրապետական Պատվիրակություն

Հայ Առաքելական Եկեղեցու մասնակցությունը միջեկեղեցական միջոցառումներին

Արևմտյան Եվրոպայում Հայրապետական Պատվիրակ Գերաշնորհ Տ. Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանի տնօրինությամբ և օրհնությամբ՝ Հոգշ. Տ. Պսակ Վարդապետ Թեբիրջյանը մասնակցեց Հռոմում կայացած երկու կարևոր միջեկեղեցական միջոցառումների՝ սույն թվականի հունիսի 16-ին և 18-ին, որոնց ներգրավված էին ավելի քան 13 քրիստոնեական դավանանքի հոգևորականներ։

Հայր Սուրբը ներկայումս ուսանում է Հռոմի Արևելյան Քահանայապետական Ինստիտուտի (Pontificio Istituto Orientale) ասպիրանտուրայում՝ զուգահեռաբար իրականացնելով իր հովվական ծառայությունը Հռոմի հայ համայնքում։

Հունիսի 16-ին, Իտալիայի Կաթոլիկ Եպիսկոպոսաց ժողովի (CEI) կենտրոնում տեղի ունեցավ երկրում գործող քրիստոնեական Եկեղեցիների պատասխանատուների տարեկան համաժողովը, որը կազմակերպվել էր Էկումենիզմի և միջկրոնական երկխոսության հարցերով եպիսկոպոսական հանձնաժողովի կողմից։

Համաժողովի թեման էր՝ «Էկումենիզմը քրիստոնեական Եկեղեցիների միջև․ երկխոսության իտալական ուղին», որը շեշտադրում էր տեղական մակարդակում համակեցության, փոխգործակցման և բարեկամական մերձեցման տեսլականը։

Իր ելույթում Հայր Պսակը նշեց․ «Իտալիայում էկումենիզմի ուղին դեռ ընթացքի մեջ է՝ ինչպես ժամանակին առաքյալների ուղին, որոնք, տարբեր լինելով հանդերձ, միավորված էին Քրիստոսով։ Նույնն էլ այսօր․ եթե Քրիստոսը դնենք մեր կենտրոնում, ապա արդեն միացած կլինենք։ Իրական մարտահրավերը մեր բարեկամությունն է։ Անձնական կապերի ստեղծումն ու հարաբերությունների խորացումը դավանանքների հովիվների ու հավատացյալների միջև՝ էկումենիզմը դարձնում են ոչ միայն հնարավոր, այլև՝ իրական և անկեղծ»։

Ապա, հունիսի 18-ին, Հռոմի Սանտա Մարիա ին Տրաստևերե հնագույն եկեղեցում Հայր Պսակը մասնակցեց «Մահանալ Հույսով» խորագրով աղոթքի հսկմանը, որն ավանդաբար անցկացվում է Sant’Egidio համայնքի նախաձեռնությամբ՝ Փախստականների համաշխարհային օրվա առիթով։ Աղոթքին մասնակցում էին տարբեր քրիստոնեական համայնքներ։ Աղոթքը նախագահում էր Կարդինալ Բալդասարե Ռեինան՝ Սրբազան Պապի փոխանորդը Հռոմի թեմում։

Այս խորհրդանշական արարողության նպատակը էր՝ հարգանքի տուրք մատուցել դեպի Եվրոպա գաղթի ճանապարհին զոհված հազարավոր մարդկանց հիշատակին և վերահաստատել Եկեղեցիների հանձնառությունը՝ պաշտպանելու մարգինալացվածների արժանապատվությունը, խթանելու ներառումը և հնչեցնելու արդարության և հույսի պատգամը։

Հայ Առաքելական Եկեղեցու ներկայությունն այս միջոցառումներին վկայություն էր նրա հանձնառության՝ ընթանալ քրիստոնեական մյուս դավանանքների հետ՝ որպես խաղաղության, միասնության և հույսի Ավետարանի համատեղ վկաներ՝ մի աշխարհում, որ տառապում է բաժանումների ու պառակտումների հետևանքով։