2025 թ. հունիսի 14-ին, շաբաթ առավոտյան, Մաստրիխտ քաղաքի Սուրբ Սերվատիուսի կաթոլիկ մայր տաճարում, որտեղ հանգչում են Նիդերլանդների առաջին եպիսկոպոս՝ Սուրբ Սերվատիուսի՝ 4-րդ դարի ծագումով հայ սրբի մասունքները, մատուցվեց Սուրբ և անմահ Պատարագ։ Պատարագեց Արժանապատիվ Տեր Սերովպե Քահանա Էյլենջյանը, ում սպասավորեցին Բրյուսելի Ս․ Մարիամ Մագդաղենացի և Մաստրիխտի Սուրբ Կարապետ եկեղեցիների սարկավագները։
Սուրբի անունը կրող մայր տաճարում կայացած բացառիկ արարողությունը, որը կատարվեց Մաստրիխտում հայազգի Սուրբ Սերվատիուսին նվիրված տասնօրյա միջոցառումների շրջանակում, դարձավ ուխտագնացության նշանակալի առիթ ոչ միայն քաղաքի հայ համայնքի, այլև Նիդերլանդների և Բելգիայի տարբեր վայրերից ժամանած տասնյակ հավատավոր հայերի համար։
Heiligdomsvaart Maastricht անվանվող տոնն ունի դարավոր ավանդույթ։ Այդ օրերին հավատացյալները ուխտով ժամանում են Մաաստրիխտ՝ երկրպագելու Սուրբ Սերվատիոսի մասունքները, աղոթելու և մասնակցելու պատարագներին, հանդիսավոր երթերին և մշակութային միջոցառումներ։
Պատվավոր հյուրերն էին Ռուրմոնդի հոգևոր առաջնորդ՝ Եպիսկոպոս Ռոն վան դեն Հաուտը, Նիդերլանդներում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակության խորհրդական՝ Հայր Յան Թոմաս Լիմչուանը, Ռուրմոնդի նախկին հոգևոր առաջնորդ՝ Եպիսկոպոս Ֆրանց Վիերտսը, ինչպես նաև Մաաստրիխտի փոխանորդ և մայր տաճարի լուսարարապետ՝ Հայր Ջոն Դաուցենբերգը։
Սուրբ Պատարագին ներկա էին Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան՝ Վիկտոր Բիյագովը, սենատոր Թեո Բովենսը և բազմաթիվ պատվավոր հյուրեր՝ քաղաքական ու հասարակական գործիչներ, դիվանագետներ, քաղաքային խորհրդի անդամներ, ինչպես նաև հոլանդացի և օտարերկրյա ուխտավորներ։
Հանդիսավոր այս առիթով քարոզ էր հղել Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ և Վատիկանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչ՝ Գերշ. Տ. Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը։ Սրբազանի քարոզը ներկաներին փոխանցեց Տեր Հայրը։
Իր քարոզում Խաժակ Սրբազանը կարևորում էր հայազգի Սուրբ Սերվատիուսի առաքելությունը՝ «ով քրիստոնեությունը Կովկասյան հնագույն երկրից հասցրեց Նիդերլանդների ափեր»՝ որպես միսիոներական ոգու կենդանի վկայություն։ Նա ընդգծեց, որ Սուրբ Թադեոսից, Սուրբ Բարդուղիմեոսից և Սուրբ Գրիգոր Լուսավորիչից սկիզբ առած հայոց հավատքը ոչ միայն քրիստոնյա ազգ է ծնունդ տվել, այլև վառել է այն հոգևոր լույսը, որ այսօր էլ շարունակողաբար ոգեշնչում է հայ ժողովրդին։
Խոսքի կարևոր առանցքներից էր հավատքի միասնության և մշակութային բազմազանության ներդաշնակության գաղափարը։ Սրբազանը հղում կատարեց երջանկահիշատակ Սրբազան Քահանայապետ Ֆրանկիսկոսի ուղերձին («Evangelii Gaudium»), ընդգծելով, որ ներկայիս արարողությունը հենց այդ միասնության տեսլականի մարմնացումն է։
«Մեր տարբերությունները խոչընդոտ չեն, այլ հարստություն՝ միահյուսված հավատքի գորգում, որը փայլատակում է այս աշխարհի մթության մեջ», – նշված էր քարոզում։
Խաժակ Սրբազանը անդրադարձավ նաև հայ և հոլանդացի ժողովուրդների պատմական կապերին՝ հիշատակելով միջնադարյան առևտրային հարաբերությունները, Ամստերդամի հայկական համայնքի պատմությունը, 1666 թվականին այնտեղ տպագրված առաջին ամբողջական հայերեն Աստվածաշունչը, և 1713-ին հայերին թույլատրված եկեղեցաշինությունը։ Սրբազանը երախտագիտությամբ խոսեց Նիդերլանդների հյուրընկալ ոգու և կարեկցանքի մասին՝ որպես քրիստոնեական սիրո վառ օրինակ։
Իր պատգամում Սրբազան Հայրը մեջբերեց նաև Պապ Լևոն XIV-ի մարգարեական խոսքերը, որոնք հնչեցին 2025 թ․ մայիսին՝ տարբեր եկեղեցիների առաջնորդների հետ հանդիպման ժամանակ․«Եթե ցանկանում ենք բուժել բաժանման վերքերը, պետք է ձգտենք ընդհանուր բարօրությանը։ Չնայած մեր տարբերություններին, բոլորս հյուսված ենք Քրիստոսի սիրո մեջ»։
Խաժակ Սրբազանի քարոզը եզրափակվեց կոչով՝ Սուրբ Սերվատիուսի ոգուց ներշնչված՝ ապրել հավատքով, գործել սիրով ու հաշտությամբ, դառնալ կենդանի վկաներ մեր համայնքներում և աղոթել հայ և հոլանդացի ժողովուրդների բարօրության համար։
Արարության ավարտին ներկաներին ողջունեց և իր շնորհակալությունը հայտնեց Եպիսկոպոս Ռոն վան դեն Հաուտը՝ կարևորելով քրիստոնեական եղբայրության և էկումենիկ հարաբերությունների ամրապնդումը՝ նման հոգևոր միջոցառումների միջոցով։
Պատարագի ավարտին բոլոր ներկաները հյուրընկալվեցին եկեղեցու ավանդատանը Ս․Կարապետ հայ եկեղեցական համայնքի ջանքերով կազմակերպված ընդունելությանը։
Հաջորդ օրը՝ հունիսի 15-ին, Գերշ․ Տ․ Խաժակ Արք․ Պարսամյանը, ի թիվս տեղական և արտերկրից ժամանած բարձրաստիճան հյուրերի, ներկա գտնվեց Սուրբ Սերվատիուսի մայր տաճարում մատուցված եպիսկոպոսական պատարագին, որի ընթացքում Մաստրիխտի փոխանորդ՝ Հայր Ջոն Դաուցենբերգը նրան ողջունեց ջերմորեն։
Պատարագից հետո Սրբազան Հայրը անձամբ փոխանցեց իր շնորհավորանքները և տոնական միջոցառման առիթով տպավորությունները Ռուրմոնդի նախկին Եպիսկոպոս՝ Ֆրանց Վիերտսին և ներկա հոգևոր առաջնորդ Եպիսկոպոս Ռոն վան դեն Հաուտին։։