Սույն թվականի օգոստոսի 22-24-ին Նիդերլանդների Խելդերլանդ նահանգում գտնվող Դոմինիկյան վանքում, Արևմտյան Եվրոպայում Հայրապետական Պատվիրակ Գերաշնորհ Տեր Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանի օրհնությամբ և նախաձեռնությամբ, անցկացվեցին Հոլանդիայի և Բելգիայի ֆլամանդախոս շրջանի ծխական համայնքների խորանի սպասավորների վերապատրաստման դասընթացներ։ Տարբեր համայնքներից մեկ հարկի տակ հավաքվել էին 32 եկեղեցասեր երիտասարդներ։
Դասընթացները վարեցին հատուկ այդ նպատակով Նիդերլանդներ ժամանած՝ ԱՄՆ Արևմտյան թեմում գործող Սուրբ Ներսես Ընծայարանի տեսուչ Արժանապատիվ Տեր Մարտիրոս քահանա Չևյանը և Բարեշնորհ Ալեքս սարկավագ Չալիկյանը։ Կազմակերպչական աշխատանքներին իրենց մասնակցությունը բերեցին նաև Արժանապատիվ Տեր Տարոն քահանա Թադևոսյանը և Բարեշնորհ Գրիգոր սարկավագ Այվազյանը։
Եռօրյա հանդիպումը ոչ միայն ուսումնական առումով կարևորվեց ոչ միայն երիտասարդ սարկավագների, ուրարակիրների և դպիրների գիտելիքների հարստացմամաբ, այլև դարձավ լավ առիթ՝ ծանոթանալու, մտերմանալու և համայնքայնորեն զորանալու։ Վստահաբար թե՛ ձեռք բերած նոր գիտելիքները, թե՛ նրանց միջև հաստատված ամուր կապը պիտի նպաստեն Հոլանդիայի և Բելգիայի հայ եկեղեցական համայնքների բարգավաճմանը։
Հանդիպումն ավարտվեց Սուրբ և Անմահ Պատարագով, որը մատուցեց Գերաշնորհ Տեր Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը։ Իր պատգամում նա նշեց․
«Մեր հայրերը ամենուր եկեղեցիներ են կառուցել, և դա երաշխիք է հանդիսացել իրենց քրիստոնեական ինքնության շարունակականության համար։ Քրիստոնեական հավատքը նրանց համար շատ կարևոր էր։ Գիտեք նաև, որ առաջին միսիոներներից մեկը, ով 4-րդ դարում Հոլանդիա է բերել քրիստոնեությունը, հայ էր՝ Սուրբ Սերվատիոսը, Մաստրիխտ քաղաքի Եվիսկոպոսը։»
Սրբազան Հայրը կարևորեց մեր հայրերի գործի շարունակականությունը՝ ընդգծելով, որ դրա ապահովման համար նախևառաջ անհրաժեշտ է միասնականություն և Սուրբ Եկեղեցուն նվիրված ծառայասիրություն։ Նա հավելեց․
«Այսօր պատարագի ընթացքում, երբ ժամանակը հասավ «ողջոյն տուք միմեանց ի համբոյր սրբութեան…» և ապա երգեցինք «Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ… եկեղեցիս մի անձ եղեւ…», ես զգացի, որ ձեր մեջ իրական եղբայրություն և միասնություն է հաստատված»։ Դիտել տեսանյութը 🎦