Հունվարի 18-ից 25-ը տարբեր երկներում անցկացվող այս տարվա Քրիստոնյաների միության համար աղոթքի շաբաթվա ուշադրության կենտրոնում է հայ քրիստոնյա ավանդությունը։ Հայ Առաքելական Եկեղեցուն վստահված է կարևոր դեր միջեկեղեցական գործընթացում։
Աղոթքի շաբաթվա ընթացքում առանձնահատուկ նշանակություն ունի Կաթոլիկ Եկեղեցու Հռոմի թեմի էկումենիզմի և միջկրոնական երկխոսության գրասենյակի նախաձեռնությամբ կազմակերպվող ավանդական Աղոթք-հսկումը, որը տեղի ունեցավ երեկ, հունվարի 22-ի երեկոյան Սուրբ Լուչիա ծխական եկեղեցու։ Արարողությանը մասնակցեցին Հռոմի կաթոլիկ և այլ քրիստոնյա եկեղեցիների հոգևորականներ և բազմաթիվ հավատացյալներ։
Արարողությանը նախագահեց Հռոմի թեմի Կարդինալ Բալդո Րեինան քարոզեց Վատիկանում Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչ Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը։ Նրա ներկայությունը վերահաստատեց Հայ Եկեղեցու պատմական դերը՝ որպես կամուրջ Արևելքի և Արևմուտքի միջև և որպես հաստատուն գործընկեր էկումենիկ երկխոսության մեջ։
Օպերային երգիչներից կազմված կորեական մեթոդիստական եկեղեցու երգչախումբը, որն իր բարձրարվեստ և ներշնչող կատարումներով արարողությանը հաղորդեց առանձնահատուկ հանդիսավորություն, կատարեց Սուրբ Ներսես Շնորհալու «Յարևելից յարևմուտս», «Լույս» և «Ճանապարհ» երգերը։
Իր քարոզում Սրբազանը ներկաներին հիշեցրեց քրիստոնեական հավատի բուն էությունը, որը ամփոփված է Նիկիայի–Կոստանդնուպոլսի հավատո հանգանակի հայտնի արտահայտության մեջ. «Աստուած յԱստուծոյ, լոյս ի լուսոյ, Աստուած ճշմարիտ»։
Հիշատակելով Նիկիայի Տիեզերական ժողովի (325 թ.) 1700-ամյակը՝ նա ընդգծեց, որ պատմական մի ժամանակահատվածում, երբ Եկեղեցին ապրում էր բաժանումների և դավանական բախումների մեջ, նա կարողացավ հստակորեն հռչակել ճշմարտությունը Քրիստոսի մասին։ Քարոզչի խոսքով՝ այս հավատամքն այսօր էլ մնում է այն ամուր հիմքը, որը միավորում է բոլոր քրիստոնյաներին՝ անկախ պատմական բաժանումներից։
Քարոզի առանցքային հատվածներից մեկը նվիրված էր Հայ Առաքելական Եկեղեցու «Արևագալի ժամերգությանը», մասնավորապես «Յարեւելից յարեւմուտս» երգից ներառված այս տարվա Աղոթքի շաբաթվա ձեռնարկում, որտեղ Քրիստոսը դիտարկվում է որպես Ծագող Արեգակ։ Քարոզիչը բացատրեց, որ այս պատկերն օգնում է ըմբռնելու, որ Քրիստոսի միակ Լույսը արտացոլվում է տարբեր ավանդությունների և ծիսակատարության մեջ՝ ինչպես տարբեր գույներ մեկ միասնական արշալույսի մեջ»։
Ապա անդրադարձ կատարեց վերոհիշյալ աղոթքի հեղինակ՝ XII դարի կաթողիկոս Սուրբ Ներսես Շնորհալուն, որպես հոգևորականի և աստվածաբանի, ով երբեք չընդունեց բաժանումը որպես բնական վիճակ, այլ անդադար աղոթեց և գործեց ճշմարտության ու սիրո մեջ հաղորդակցության համար։
Նա ներկաների ուշադրությունը հրավիրեց այն փաստին, որ մեր օրերի նահատակները չեն զոհվում որպես այս կամ այն քրիստոնյա հարանվանության ներկայացուցիչներ, այլ որպես Քրիստոսի հետևորդներ։ Նրանց արյունը, ըստ Սրբազանի, քրիստոնյա միության հզոր նշան է և հաշտության կոչ։
Սրբազանը նշեց նաև անբաժանելի կապը՝ միության և քրիստոնեական վկայության հավաստիության միջև․ քրիստոնյաները կոչված են լինելու ճշմարտության, ողորմության և հույսի վկաներ խառնաշփոթով և վախով լի այս աշխարհում։ Այս միությունը, կառուցվում է ոչ միայն աստվածաբանական երկխոսության միջոցով, այլ նաև համատեղ աղոթքով, աղքատներին ծառայելով, խոցելիների մասին հոգ տանելով, փոխադարձ հարգանքով և միմյանց պատմությունը և ավանդությունները ճանաչելով։
Այդ երեկո, տարբեր եկեղեցիների պատկանող հավատացյալների համատեղ աղոթքը ներկայացվեց որպես հույսի կենդանի նշան և վկայություն աշխարհին, որ Լույսը առավել զորավոր է, քան պատմության խավարը։
Քարոզի ավարտին Արքեպիսկոպոս Պարսամյանը ասաց․ «Նիկիայի և Սուրբ Ներսես Շնորհալու կերպարով ներշնչված Աղոթքի շաբաթի այս կոչը, հետևյալն է՝ թույլ տալ, որ Աշխարհի Լույսը` Քրիստոսը, բժշկի մեր բաժանումները և մեր տարբերությունները փոխակերպի պատուհանների, այլ ոչ թե պատերի»։
Տերունական աղոթքից առաջ՝ ավարտական աղոթքների շարքում, Խաժակ Սրբազանը հնչեցրեց մասնավոր աղոթք՝ հանուն Հայաստանի և Արցախի ժողովրդի։