Հուլիսի 19-ին՝ կիրակի օրը, Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում San Sebastião da Pedreira կաթոլիկ եկեղեցում, Պորտուգալիայի Հայ Առաքելական Եկեղեցու եկեղեցական խորհրդի կազմակերպությամբ, մատուցվեց Պայծառակերպության՝ Վարդավառի Սուրբ Պատարագը։
—————-
Արարողությունը նախագահեց Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, իսկ օրվա պատարագիչն էր Պորտուգալիայի Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Թորոս քահանա Եսայանը։
Իր քարոզի ընթացքում Խաժակ Սրբազանը գնահատանքի խոսք ուղղեց Տեր Թորոսին և եկեղեցական խորհրդի անդամներին՝ այս գեղեցիկ և հոգեշահ արարողությունը կազմակերպելու համար, որպեսզի Պորտուգալիայում բնակվող հայ հավատացյալները միասին տոնախմբեն Հայ Եկեղեցու տաղավար տոներից մեկը՝ Վարդավառը։
Սրբազանը նաև անդրադարձավ տոնի հոգևոր պատգամին՝ շեշտելով, որ Վարդավառը միայն ջրի ցողման գեղեցիկ ժողովրդական սովորույթ չէ, այլ առիթ է նորոգելու մեր հավատքը և ավելի խորությամբ ըմբռնելու, թե Ով է Քրիստոս մեզ համար՝ թե՛ որպես անհատներ և թե՛ որպես քրիստոնեական համայնք։
Ուրախությամբ հայտարարվեց նաև, որ անցած տարվա ընթացքում, եկեղեցական խորհրդի ջանքերով, Պորտուգալիայի Հայ Առաքելական Եկեղեցին իր կանոնադրությամբ գրանցվել է երկրի պետական մարմիններում՝ որպես պաշտոնապես ճանաչված եկեղեցի։